
2018թ.ից ներկրվող ավտոմեքենաները պետք է համապատասխանեն «Եվրո-5» ստանդարտներին
2018թ հունվարի 1-ից ավտոմեքենաների բոլոր տեսակները, ներառյալ՝ բեռնատար և մարդատար տրանսպորտային միջոցները, որոնք ներկրվելու կամ արտադրվելու են Եվրասիական տնտեսական միության տարածքում, պետք է համապատասխանեն «Եվրո-5» էկոլոգիական դասակարգին: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում:
«Եվրո-5»-ը էկոլոգիական ստանդարտ է, որը կարգավորում է մեքենաների արտանետած գազի մեջ վնասակար նյութերի պարունակությունը: Այս ստանդարտը 2008թ.ից պարտադիր էր ԵՄ-ում վաճառվող նոր բեռնատար մեքենաների և 2009թ.ից՝ թեթև մարդատար մեքենաների համար:
Դեռևս 2015թ հունվարի 1-ից էկոլոգիական 5 դասակարգին պետք է համապատասխանեին ԵԱՏՄ տարածքում նոր թողարկվող մեքենաները, իսկ 2016թ.ին այդ պահանջը տարածվեց նաև այն մեքենաների վրա, որոնք արտադրվում կամ ներկրվում են մաքսային միության տարածք երրորդ երկրներից:
Նոր ընդունված որոշման մեջ բացառույթյուն է արված ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար, ովքեր մեքենաները ներկրում են անձնական օգտագործման համար. դրանց էկոլոգիական կարգը կարող է լինել նաև 4-րդ, բայց ոչ ցածր:
Սակայն այդ մեքենաները պետք է համապատասխանեն նոր որոշման այլ նորմերի և պահանջների, մասնավորապես՝ կահավորված լինեն այսպես կոչված «տագնապային կոճակով», որը թույլ կտա անմիջապես կապ հաստատել արտակարգ իրավիճակների օպերատիվ ծառայության հետ:
Հանձնաժողովի կարծիքով՝ սա հնարավորություն կտա 1,5 անգամ նվազեցնել օդն աղտոտող վնասակար նյութերի արտանետումը: Բացի էկոլոգիական տեսանկյունից, նման խիստ մոտեցումը, ըստ ԵՏՀ-ի, ավելի կխթանի մաքսային միության տարածքում ժամանակակից մեքենաների արտադրությանը, ինչպես նաև՝ մեքենայաշինության մեջ նոր արտադրանքների՝ մեծամասամբ՝ մեքենայի բաղադրամասերի և բաղադրիչների արտադրության զարգացմանը:
Մեկնաբանել