
Բարձրաշեն. մեռնող գյուղը (ֆոտոպատմություն)
Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղը 1981-ին լուծարվել է եւ մտել Իսահակյան գյուղի կազմի մեջ: Երկու բնակավայրերն իրարից 4 կմ են հեռու: Անցյալ տարի էլ նախկին Անիի շրջանի 17 բնակավայրեր խոշորացվել են Անի համայնքի մեջ, որի կենտրոնը Մարալիկ քաղաքն է: Այսինքն՝ նախկին շրջանը վերականգնվել է որպես մեկ համայնք:
Բարձրաշենը Մարալիկից 14 կմ է հեռու: Գյուղացիները պատմում են, որ նախկինում այստեղ 75 տնտեսություն կար, հիմա մնացել է 6-ը: Գյուղը չեն լքել Մխիթարի, Վարազդատի, Եղիշի, Մրիկի, Խաչիկի ու Արտակի ընտանիքները:
Սա Եղիշն է:
Մյուսները ժամանակի ընթացքում հեռացել են Մարալիկ, Իսահակյան ու արտերկիր:
Գյուղում է գտնվում 7-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցին, որը երեւում է բոլոր կողմերից:
Արագածն այստեղից գեղեցիկ տեսք ունի:
Ձմռանը Բարձրաշենում մինչեւ 1 մ ձյուն է նստում, ու գյուղը մեկուսանում է արտաքին աշխարհից: Գյուղը գազիֆիկացված չէ, տները ջեռուցվում են փայտով ու աթարով:
Այստեղ խանութ չկա, ու պատահական չէ, որ հատկապես ձմռան ամիսներին բնակիչները Երեւանից ու Մարալիկից մեծաքանակ առեւտուր են անում՝ փակ ճանապարհների պատճառով խնդրի առաջ չկանգնելու համար: Այսօր գյուղի տղամարդիկ հավաքվել են խաշի:
Բարձրաշենում չկա մանկապարտեզ, դպրոց. երեխաները պիտի կա՛մ Իսահակյան, կա՛մ Մարալիկ հաճախեն դասի:
Գյուղում հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Ջուրը վերցնում են ջրհորերից, բայց ոչ թե պոմպով, այլ ձեռքով: Չնայած գյուղում հոսանք կա, բայց պոմպ աշխատեցնելը թանկ հաճույք է:
Սա Գնել Մկրտչյանն է, իր անասուններին բերել է ջրհորի մոտ:
Բարձրաշենցի Վարազդատ Հակոբյանը ձեռքով ջուր է հանում ջրհորից անասունների համար:
Յուրաքանչյուր ընտանիք իր անասուններին ջրով ապահովելու համար օրական 300-500 լիտր ջուր է օգտագործում:
Բարձրաշենցիները կաթի լիտրը ժամանակին հանձնում էին 120 դրամով, հիմա այն դարձել է 170: Ասում են, որ Մարալիկին մոտ գյուղերում լիտրն ընդունում են 250 դրամով:
Գյուղի պահապանները հայկական գամփռներն են:
Սա Մխիթարն է իր շների հետ:
Մեկշաբաթական քոթոթի մայրն անհանգիստ հետեւում է, թե ուր են տանում իր ձագին, ապա քիչ անց վերցնում է նրան ու հետ տանում:
Գյուղի հին ու նոր գերեզմանները բնակիչներից բազմապատիկ շատ են, Բարձրաշենն աստիճանաբար մեռնում է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել