
Սննդամթերքում տրանսճարպերի թույլատրելի քանակը նվազեցվել է մինչև 2 %
Բուսական յուղերի և կենդանական ճարպերի վերամշակմամբ ստացվող սննդամթերքում, ինչպես նաև՝ ձկան յուղում, տրանսիզոմերային ճարպաթթուները պետք է լինեն ոչ ավելի, քան 2 %: Սա է պահանջում ԵԱՏՄ տեխնիկական նոր կանոնակարքգը, որն ուժի մեջ է մտել 2018թ հունվարի 1-ից։ Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Սրանով եզրափակվել է այս տեխնիկական կանոնակարգի վերջնական մշակման և անցման 6 տարին։ Նոր պահանջը չի վերաբերում ԵԱՏՄ տարածքում մինչև 2018թ հունվարի 1-ը արտադրված սննդամթեքին։
Այժմ պինդ, փափուկ և ջրիկ մարգարինները, կաթի յուղի փոխարինիչները, հատուկ նշանակման յուղերը, ինչպես նաև բուսական-սերուցքային և բուսական-ճարպային սպրեդները, հալեցված բուսական-սերուցքային և բուսա-ճարպային խառնուրդները, խոհարարական, հրուշակեղենային և հացաբուլկեղենի յուղերը, կակաոյի յուղի համարժեքները և այլն պետք է պարունակեն 4-10 անգամ ավելի քիչ տրանսճարպեր, քան նախկինում։
Մինչ այժմ դրանց մեջ ճարպաթթուների տրանսիզոմերների (տրանսճարպերի) թույլատրերի քանակը կարող էր լինել 8-ից 20 %։
Սրանով հանդերձ՝ սննդամթերքի մակնշման պամանները մնում են նույնը․ հագեցած ճարպաթթուների և ճարպաթթուների տրանս իզոմերների վերաբերյալ տեղեկությունը (տոկոսներով) սննդամթերքի վրա պետք է փակցված լինի ինչպես սպառողական, այնպես էլ՝ տրանսպորտային փաթեթների մակնշման վրա։
Տրանսիզոմերային ճարպերի մինչև 2 % քանակությունը վաղուց սահմանված է եվրոպական մի շարք երկրներում (օրինակ, Դանիա, Շվեյցարիա), ինչպես նաև՝ Կանադայում և ԱՄՆ մի քանի նահանգներում։
Պատճառն այն է, որ տրանսճարպերը արհեստական ճարպեր են։ Դրանք էժան են հումք են, ունեն պահպանման երկար ժամկետ և ուտելիքին տալիս են հագեցած համային հատկություններ։ Սակայն օրգանիզմում դժվար են յուրացվում․ բարձրացնում են «վատ» (LDL- low-density lipoprotein) խոլեստերինի մակարդակը և նվազեցնում «լավ» (HDL- high-density lipoprotein) խոլեստերինի մակարդակը:
Ժամանակի ընթացքում կուտակվելով՝ տրանսճարպերը կարող են սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի պատճառ դառնալ։
Այս մասին հայտարարում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ խորհուրդ տալով հնարավորինս նվազեցնել տրանսիզոմերային ճարպաթթուներ պարունակող սննդի օգտագործումը։
Մեկնաբանել