
25-ամյա Հարություն Ստեփանյանը Լոս Անջելեսում դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Գլենդելի բնակիչ Հարություն Վաղարշակի Ստեփանյանը (Haroution Vagarshak Stepanyan) հունվարի 10-ին դատապարտվել է ազատազրկման` ծեծկռտուքի ժամանակ դանակահարության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում Է Լոս Անջելեսի փաստաբանական գրասենյակը:
Հարություն Ստեփանյանը, ըստ պաշտոնական տեղեկության, ընդունել է հանցագործության կատարման ժամանակ ենթադրաբար ծանր մարմնական վնասվածք հասցնելու իրեն առաջադրված մեղադրանքը:
Դատախազները գործի մանրամասները այսկերպ են հաղորդում. Հարություն Ստեփանյանը 2016թ. դեկտեմբերի 9-ին մեկ այլ մարդու հետ ծեծկռտուքի մեջ է մտել Լոս Անջելեսի Բըրբանք քաղաքում և այդ ժամանակ դանակահարել է տուժողին կրծքավանդակից (տուժողի անունը չի նշվում): Այնուհետև տուժողը, ըստ քրեական գործի, ենթադրաբար փորձել է ինքնուրույն վարել մեքենան դեպի հիվանդանոց, բայց ճանապարհին կորցրել է գիտակցությունը` վրաերթի ենթարկելով Ռոդոլֆո Թենին (Rodolfo Tan), ով կանգնած է եղել մայթին: 52-ամյա Թենը, ինչպես հայտնում է փաստաբանական գրասենյակը, մահացել է ստացած վնասվածքներից:
Հարություն Ստեփանյանը ձերբակալվել և նախապես մեղադրվել է երկու հոդվածով՝ հետիոտն Ռոդոլֆո Թենի սպանության եւ ծեծկռտուքի ժամանակ դանակահարության միջոցով սպանության փորձի համար (գործի համարը` GA100705): Սակայն դատավորը նախնական լսումների ժամանակ հանել է առաջին հոդվածը` սպանության մեղադրանքը: Արդյունքում Ստեփանյանը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման միայն դանակահարության համար:
Մեկնաբանել