
Զինվորի մայր. «Աստծուց խնդրում եմ, որ գնան բարով ծառայեն ու բարով վերադառնան, ոչ միայն իմ Արայիկը, բոլոր զինվորները»
Ալավերդիում այսօր անցկացվեց 2018թ.-ի առաջին զորակոչը:
Թումանյանի զինկոմ Կարեն Հովհաննիսյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ զինակոչվող կազմից պլանավորված է այսօր զինվորական ծառայության ուղարկել 34 զինակոչիկի: «Բժշկական հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո կորոշվի մեկնող զինակոչիկների կոնկրետ թիվը»,- հայտնեց Կ. Հովհաննիսյանը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ զինկոմիսարիատի կողմից միջոցառումներ են իրականացվել առավոտյան ժամը 9:00-ին զինակոչիկների զինկոմիսարիատ ներկայանալու համար: «Այստեղ նորից անցնելու են բժշկական հետազոտման՝ վիզուալ տեսքով: Անձնական գործերի ուսումնասիրմամբ պարզվելու է՝ ա՞րդյոք ինչ-որ բացթողում եղել է, թե ոչ: Այդ հետազոտությունից հետո առաջնահերթ չափում ենք զինակոչիկների ջերմությունը և ճնշումը»,- բացատրեց զինկոմը:
Կարեն Հովհաննիսյանը
Նախօրեին զինակոչիկ որդու՝ Մարտին Նոնինյանի բժշկական պատվաստումների հետևանքով առողջության վատացման մասին «Հետք»-ին ահազանգել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Անահիտ Գալստյանը: «Զինակոչիկ Մարտուն Նոնինյանը մեզ մոտ հաշվառվել է ժամանակին: Դրանից հետո տարեկետում ենք տրամադրել, որ ուսումը ավարտի: Նա Ռուսաստանի Դաշնությունից մոտ մեկ տարի ուշ, իր նախաձեռնությամբ ներկայացել է զինկոմիսարիատ: Մ. Նոնինյանը նորից անցել է բուժհետազոտություն, ճանաչվել է ծառայության համար պիտանի և հիմա ենթակա է զորակոչման:
Ինչ վերաբերում է հետպատվաստվողական նրա առողջական վճակին, ապա Մարտին Նոնինյանի մոտ դա արտահայտվել է շոկային տեսքով: Մայրը նշում է, որ Մարտինը գիտակցության կորուստ է ունեցել, նաև այնտեղ է եղել մեր զորակոչի բաժանմունքի պետ կապիտան Վարդանյանը: Նա տեսել է դա: Հիմա, եթե էսօր Մ. Նոնինյանի վիճակը չկայունանա, մենք իրեն չենք զորակոչի: Կարիք լինելու դեպքում նրան նորից կուղարկենք տեղի հիվանդանոց, մասնագետների հետազոտման: Երբ առողջական վիճակը թույլ կտա, նրա զորակոչը կիրականացնենք տվյալ օրը», - պատասխանելով «Հետք»-ի հարցին՝ ասաց զինկոմ Կարեն Հովհաննիսյանը՝ բացատրելով, որ զինակոչիկ Մարտուն Նոնինյանը նախկինում ունեցել է սրտի խնդիրներ, սակայն նրան ուղարկել են Երևանի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ էլ սրտի հետ կապված առողջական խնդիրները ժխտվել են: Բժշկական հետազոտությունից հետո Մարտին Նոնինյանի զորակոչումը հետաձգվեց հունվարի 16-ը:
Զինկոմ Կ. Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօր նախատեսված 34 զինակոչիկներից կենտրոնական հավաքակայան են զորակոչվելու 33-ը: Մեզ հետ զրույցում զինկոմը ներկայացրեց նաև 2018թ.-ի զորակոչի առանձնահատկությունները. «Այս տարվա զորակոչով սկսվում է «Ես եմ» ծրագիրը: Այդ ծրագիրը առաջարկում է 3 տարվա ծառայություն: Ի պատիվ մեզ, մեր տարածաշրջանից բազմաթիվ դիմողներ են եղել այդ ծրագրով ծառայելու համար: Նրանց այսօր չենք զորակոչում, քանի որ առանձին ցուցումով, առանձին օր ենք ներկայացնելու կենտրոնական հավաքակայան, որպեսզի կարողանան տեղում պայմանագրեր կնքել»,- բացատրեց զինկոմը:
Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ այդ զինակոչիկները նույնպես ժամկետային զինծառայության տարիքում են: Նրանք օգտվելու են «Ես եմ» ծրագրի համար նախատեսած բոլոր արտոնություններից. «Նախ ասեմ, որ ծառայության տևողությունը 24 ամսվա փոխարեն լինելու է 36 ամիս: Այդ ընթացքում, 1-5 ամիսը զինվորը իր նախնական պատրաստվածության ծրագիրը անցնելուց հետո, 10 օրյա ժամկետով արձակուրդ է գալիս: Այնուհետև մեկնում են համապատասխան զորամաս: Ծառայության ձևը էսպիսին է, բոլորը անխտիր ծառայելու եմ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Ծառայության ընթացքում մեկ շաբաթ անց են կացնում զորամասում, մարտական հերթապահության մեկնելուց առաջ նախապատրաստվում են, երկու շաբաթ իրականացնում են մարտական հերթապահություն: Եվ մեկ շաբաթ իրենց տրվում է արձակուրդ, որպեսզի ամեն ամսվա մեկ շաբաթը իրենք կարողանան անցկացնել իրենց ընտանիքի հետ: Արձակուրդ գալու համար տրամադրվում է 35 հազար դրամ ճանապարհածախս: Այս պահի դրությամբ մեր տարածաշրջանից 4 զինակոչիկներ կամավոր կմեկնեն ծառայության «Ես եմ» ծրագրով»:
Մինչ զորակոչի հանդիսավոր արարողության սկսվելը «Հետք»-ը զրուցեց զորակոչիկների և նրանց ծնողների հետ: Զինակոչիկ Մերուժան Ալիխանյանը ավարտել է Ալավերդու Եղիշե Չարենցի անվան դպրոցն, ապա ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՝ նկարչության բաժին:
Մերուժան Ալիխանյանը
«Լավ տրամադրությամբ եմ մեկնում բանակ: Հա, դե ծնողներս սովորականի նման անհանգիստ են: Կուզենայի սպեցնազ զորամասում ծառայել: Կարող է և ընկնեմ այդպիսի զորամաս: Սպորտով զբաղվել եմ, բոքս եմ պարապել, 6 տարի բարբա եմ պարապել, մոտ 6 տարի էլ տրինաժորի վրա եմ պարապել»,- պատմեց Մերուժանը:
Վահե Մաթևոսյանը պատմեց, որ դպրոցը նոր է ավարտել, հասցրել է ընդունվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, մեկ կիսամյակ սովորել է. «Հիմա գնում եմ բանակ: Նաև ֆուտբոլիստ եմ: Շատ լավ տրամադրությամբ եմ գնում բանակ: Հասկանում եմ՝ ուր եմ գնում, ինչու եմ գնում և ինչպես եմ ծառայելու: Փորձելու եմ մաքսիմում ծառայել հայրենիքիս: Մենք գիտենք, որ մեր ընտանիքները մեր թիկունքում են, նորմալ պետք է պաշտպանենք մեր սահմաններն ու մեր ընտանիքներին»,- ասաց Վահեն:
Արմեն Ավետիսյանը մասնագիտությամբ խոհարար է. «Հույս ունեմ, որ բանակում ծառայելու եմ որպես խոհարար: Շատ եմ սիրում խոհարարի գործը»,- ասաց: Արմենը 2015թ.-ին է ավարտել դպրոցը: Մեկ տարի շուտ է գնացել դպրոց: Մինչ ծառայության մեկնելը Երևանում աշխատել է խոհարար: «Կուզենամ ավելի շատ Գյումրիի խոհարարական ուչեբկա ընկնեմ, այնտեղ 6 ամիս վերապատրաստվեմ, ու գնամ Ղարաբաղ ծառայության: Զինվորական ծառայության շատ լավ տրամադրությամբ եմ գնում: Դա իմ դաստիրակությունից է գալիս: Էսենց թե էնենց գնալու ենք ծառայության: Ավելի լավ է գնանք ուրախ հայրենիքին ծառայենք, հա խի չէ՝ թեկուզ խոհարար չլինեմ»,-ասաց Արմենը:
Ալավերդցի Հայկ Մարուքյանն ասաց՝ ոգևորված և ոգեշնչված է գնում հայրենիքը պաշտպանելու. «Որ զորամասում ուզում է ծառայեմ, գնում եմ ծառայեմ ու վերադառնամ»,- ասաց Հայկը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մխիթար Ալեքսանյանը բանակ էր ճանապարհում իր մանկության ընկեր Վահե Հալիվորյանին: Մխիթարը բանակից զորացրվել է 2016թ.-ի հունիսի 22-ին: Ծառայել է սկզբում Մատաղիսում, ապա Թալիշի դիրքերում:
Մխիթար Ալեքսանյանը
«Ես ընկերոջս մաղթում եմ բարի և անփորձանք ծառայություն: Վահեին շատ խորհուրդներ եմ տվել, առաջնահերթ խորհուրդներիցս է մտածված ծառայությունը, և մեկ էլ նրան խորհուրդ եմ տվել անընդհատ հիշել, որ թիկունքում իրեն սպասում ենք բոլորս: Պարտավոր է 2 տարի ծառայելուց հետո անփորձանք հասնել մեզ»,- ասաց Մխիթարը:
«Միակ տղաս է մեկնում ծառայության: Մենք պատերազմող երկիր ենք, կրակոցներ են մեր սահմաններին: Որպես մայր՝ անհանգստությունս այդտեղից է սկսվում: Լավ կլինի՝ զինվորական պատշաճ կարգ ու կանոն լինի մեր զորամասերում, որպեսզի մեր զինվորները նաև միմյանց թև ու թիկունք լինեն: Բանակում հրամանատարները մեր երեխաներին վերաբերվեն ինչպես իրենց երեխաների»,- ասաց զինվորի մայր Գայանե Ալեքսանդրյանը:
«Սիմոնյան Արայիկը 1-ին զորակոչիկս է: Որպես մայր՝ Աստծուց խնդրում եմ, որ գնան բարով ծառայեն ու բարով վերադառնան, ոչ միայն իմ Արայիկը, բոլոր զինվորները»,- մաղթեց Աննա Միկոյանը:
Աննա Միկոյանը
Բժշկական զննությունից հետո զինակոչիկներին ուղեկցեցին Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայելի Շաղոյանի օրհնությամբ կազմակերպվեց ընդհանուր աղոթք, մոմավառություն: Կենտրոնական զինվորական հավաքակայան ճանապարհելուց առաջ զինակոչիկներին անփորձանք ծառայություն և բարի վերադարձ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, Ալավերդու հոգևոր հովիվ, քահանա Տեր Միքայել Շաղոյանը և զինկոմ Կարեն Հովհաննիսյանը: Զինակոչիկներին կենտրոնական զինվորական հավաքակայան տեղափոխող երկու «Ֆորդ» ավտոմեքենաները շարժվեցին դեպի Երևան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել