
«Թոփ-Սփին»-ը դուրս է բերվել մաքսակետի տարածքից
Երեկ երեկոյան Բագրատաշենի մաքսային կետի տարածքում գործունեությունը դադարեցրել է ապահովագրությամբ զբաղվող «Թոփ-Սփին» ընկերությունը: Այս մասին «Հետք»-ին հայտնեց ԱՊՊԱ գործակալ Արթուր Ամիրաղյանը: Նրա փոխանցմամբ՝ դեռևս իրենց պաշտոնապես չի փոխանցվել ընկերության գործունեության դադարեցման մասին լուրը, սակայն այլ գործակալներ տեսել են, որ մաքսակետի տարածքից դուրս են բերվում նրանց իրերը:
Հիշեցնենք` հունվարի 1-ից մաքսատան տարածքում մենաշնորհային կարգով ապահովագրական գործունեություն է սկսել ծավալել «Թոփ-Սփին» ընկերությունը: Գործակալները դժգհում են, որ այդ ընկերության գործունեության արդյունքում իրենք անգործ են մնալու:
Տարածքում աշխատող ԱՊՊԱ գործակալները նախորդող երկու օրերին բողոքի ակցիա են իրականացրել մաքսակետի տարածքում, փակել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելով մաքսակետի տարածքից դուրս բերել մենաշնորհային կարգով գործող «Թոփ-Սփին» ընկերության գրասենյակը և հավասար պայմաններ ստեղծել մաքսակետի տարածքում գործող ԱՊՊԱ գործակալությունների համար:
Գործակալներն այժմ չգիտեն, թե ընկերությունն ում որոշման հիման վրա է դուրս բերվել մաքսակետի տարածքից, բայց կարծում են իրենց այդ պահանջը ՊԵԿ-ն է բավարարել։
«Մենք նման պահանջով դիմել էինք ՊԵԿ-ին, որ թեկուզ և ժամանակավոր հանեն ընկերությունը, մինչև հարցի հանգուցալուծումը: Բայց մեզ պաշտոնապես ՊԵԿ-ը չի զանգել, ասել, որ ձեր պահանջի այս մասը բավարարվել է»,- նշեց Արթուր Ամիրաղյանը:
Նախնական տվյալներով՝ գործակալներն այսօր հանդիպելու են ՊԵԿ ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով մաքսակետի տարածքում գործունեություն ծավալելու իրենց լուծումները: Արթուրի հավաստմամբ՝ իրենց պահանջը մեկն է՝ ստեղծել հավասար պայմաններ՝ տարածքում աշխատող բոլոր տնտեսվարողների համար:
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին էր դիմել «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված, սակայն դեռ որևէ լուծում չստացած խնդիրները։
«Հարցը մասնավորապես կայանում է նրանում, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից մի ընկերություն ստացել է առավելություն մյուսների նկատմամբ և իր գործունեությունն այժմ իրականացնում է անցակետի տարածքում։ Այսպիսով` խախտվել են հավասարության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաև այդ 40 ապահովագրողների իրավունքները»,- իր հայտարարությունում նշել էր Մարուքյանը:
Պատգամավորն առաջարկել է մաքսակետի տարածքից հանել «Թոփ-Սփին» ընկերության գրասենյակն ու նրան վարձակալության համար տարածք տրամադրել` այլ ապահովագրական ընկերությունների հետ հավասար պայմաններով և միևնույն վայրում։
ՏՄՊՊՀ նախագահին էլ պատգամավորն առաջարկել է հարուցել վարչական վարույթ, իրականացնել ուսումնասիրություն՝ Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդրին արդարացի լուծում տալու համար։
Մեկնաբանել