
Իրանի իշխանությունները հայտարարել են բողոքի ցույցերը գլխավորող եվրոպական երկրի քաղաքացու ձերբակալման մասին
Իրանի Բորուջերդ շրջանի արդարադատության դեպարտամենտի ղեկավար Համիդռեզա Աբուլհասանը հայտարարել է, որ հակաիշխանական ցույցերի ընթացքում ոստիկաններին հաջողվել է ձերբակալել եվրոպական երկրի քաղաքացու, ով մասնակցել է անկարգություններին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական Tasnim գործակալությանը:
«Այդ մարդը պատրաստված էր եվրոպական հատուկ ծառայությունների կողմից և գլխավորում էր բողոքի ցույցերը»,- ասել է Աբուլհասանը: Վերջինս, սակայն, չի նշել, թե եվրոպական կոնկրետ որ պետության քաղաքացի է ձերբակալվածը:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել էր, որ «երկրում խռովությունները ավարտվել են, ապստամբները պարտություն են կրել»:
Մոհամմադ Ալի Ջաֆարիի խոսքերով՝ Իրանի յուրաքանչյուր քաղաքում ցուցարարների թիվը չի գերազանցել 1500-ը, իսկ ամբողջ երկրում նրանց ընդհանուր թիվը կազմել է մոտ 15 000:
Հունվարի 3-ին Իրանի տարբեր քաղաքներում բազամահազարանոց ցույցեր են անցկացվել՝ ի աջակցություն երկրի իշխանությունների: Այս ակցիայի մասնակիցները դատապարտել են բողոքի ցույցերի մասնակիցներին՝ մեղադրելով նրանց բռնության և վանդալիզմի մեջ:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը մեկնարկել էին դեկտեմբերի 28-ին Մաշհադ քաղաքում, այնուհետև բողոքի ալիքը տարածվել էր նաև երկրի այլ քաղաքներում: Ցուցարարները դժգոհում են երկրի ծանր տնտեսական վիճակից, դատապարտող կոչեր են հնչում Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի հասցեին:
Իրանի իշխանությունները բողոքի ցույցերի հրահրման մեջ մեղադրում են ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային: Երկրում արգելափակվել են «Ինստագրամ» սոցիալական ցանցը և «Տելեգրամ» մեսինջերը: Ինֆորմացիայի փոխանակման և տարածման հիմնական միջոցը ցուցարարների համար «Թվիթեր»-ն է:
Արդեն մեկ շաբաթ շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում, վերջին տվյալներով, զոհվել է մոտ 20 մարդ: Կան հարյուրավոր ձերբակալվածներ:
լուսանկարը՝ AP Pohto / Mehr News Agency
Մեկնաբանել