
Հինգ անուն՝ քաղաքի ամենաինքնատիպ Ձմեռ պապի ձայնադարանից
Նաիրա Հայրապետյան
«Իմ ամենասիրելի վայրը Պոպլավոկի այգին է, դրա համար ձեզ հետ էլ այստեղ հանդիպման պայմանավորվեցի,- ասում է քաղաքի ամենասիրելի ծաղկավաճառն ու այս օրերին ամենաինքնատիպ Ձմեռ Պապը՝ Վարդան Հովհաննիսյանը,- էն վատ տարիներին, երբ բոլորի նման ապրելու խնդիրներ ունեի, ես այստեղ ծաղիկ էի վաճառում: Հանդիպել եմ շատ բարի մարդկանց, ովքեր օգնել են ինձ: Դրա համար Ձմեռ Պապի դերում ես առաջին հերթին այցելում, նվերներ եմ բաժանում երեխաներին, հատկապես նրանց, ովքեր հիվանդ են կամ աղքատ ընտանիքներից են և ունեն սիրո ու ջերմության կարիք»:
Նոր Տարվա շեմին քաղաքում Ձմեռ Պապերի պակաս կարծես թե չկա, բայց այս մեկը տարբերվում է բոլորից: Նա քաղաքում շրջում է իր հայտնի մոտոցիկլետով, որից գունավոր փուչիկներ, ամանորի բարի երաժտություն ու Ձմեռ պապի լուսավոր ժպիտ է տարածվում:
Ձմեռ պապ-Վարդանն իր ուրախ մոտոցիկլետով նվերներ է հասցնում մանկատների, մանկական հիվանդանոցների և սոցիալապես անապահով ընտանիքների փոքրիկներին, խաղում նրանց հետ, զվարճացնում՝ փորձելով օրը ավելի ջերմ ու լուսավոր դարձնել:
«Ես անձամբ զգացել եմ՝ ինչ է նշանակում չունենալը, աղքատ լինելը, մանկության տարիներից սոցիալական հարցեր լուծելը,- ասում է նա,- ես այգիներում ծաղիկ և փուչիկներ վաճառելով եմ մեծացել: Ես գիտեմ, թե ինչ բերկրանք է նման ընտանիքների երեխաների համար էս փոքր հեքիաթն ունենալը»:
Նրա բարեմաղթանքները շատ պարզ են, երբեմն՝ կրկնվող ու շատ սովորական, բայց վարդանի աչքերն ու ժպիտը դրանք շատ ու շատ առանձնահատուկ են դարձնում:
«Բարեմաղթանք ասելը դժվար բան չէ, բայց կարևոր մի բան կա. պիտի խոսքդ անկեղծ լինի, որ հասնի մարդկանց,- ասում է Ձմեռ պապ Վարդանը,- ավելի լավ է երկու անկեղծ բառ ասես նրանց, քան մի մեծ սցենար, որն ուղղակի լավ անգիր ես արել: Երկու անկեղծ բառ ու անպայման սիրով. ես դա եմ լավ բարեմաղթանք համարում»:
Այս Ձմեռ պապը մյուսներից տարբերվում է նաև նրանով, որ ձմռանը Նոր տարվա նվերներ է բաժանում, ամռանը՝ ծաղիկներ վաճառում ու նաև նվիրում: Ձմեռ պապի կերպարն ավելի հոգեհարազատ է համարում, քանի որ այս դեպքում նա կարևորում է երեխաների հետ շփումը:
«Սիրում եմ էս աշխատանքը, որովհետև դրա հետ երեխաներն ինձ էլ են մանկության անկեղծ ու ջերմ զգացումներ փոխանցում,- ասում է Վարդանը,- մի անգամ մանկատուն էի այցելել, մի փոքրիկ վազելով եկավ, գրկեց ինձ ու ասաց. «Ձմեռ պապ, ես քեզ էնքա՜ն էի կարոտել»: Էնքան անկեղծություն, հույս ու սպասում կա նրանց մոտ, ո՞նց կարող եմ չսիրել էս աշխատանքը»:
Նա իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ կարողանում է ջերմություն հաղորդել մարդկանց, ունի լավ ընտանիք, երկու որդի: Վարդանի երազանքն է շատ երեխաներ ունենալն ու բոլոր մանուկներին երջանիկ տեսնելը: Իսկ մինչ այդ՝ նա տոնական օրերին շարունակելու է փուչիկներ, քաղցրավենիք, զանազան նվերներ ու անկեղծություն բաժանել մարդկանց, հատկապես փոքրիկներին՝ իր ոչ լապլանդական մոտոցիկլետից հնչեցնելով նաև իր նախասիրած երաժշտությունը:
«Հինգ անուն… ձայնադարանից» խորագրով մեր երաժշտական շարքում նա այսօր նշելու է անուններ ոչ միայն Ձմեռ պապի, այլև երաժշտասեր Վարդանի ձայնադարանից:
1.«Jingle Bell Rock»- սա Ծննդյան տոների, Ամանորի մեզ շատ սիրելի ու աշխարհում ամենահայտնի «Jingle Bells»-ը չի, թեև երբեմն նրանց շփոթում են միմյանց հետ: «Jingle Bell Rock» -ն ավելի երիտասարդ է, քան 1857թվականից հնչող «Jingle Bells»-ը, բայց, այնուամենայնիվ, վաղուց արդեն դարձել է Նոր Տարվա ամենաշատ հնչող ու խորհրդանիշ դարձած երգերից մեկն աշխարհում: Երգի ամենահայտնի կատարումը դեռ շարունակում է մնալ ամերիկացի քանթրի երգիչ Բոբի Հելմսինը: Այն թողարկվել է 1957թ. և միանգամից վերածվել հիթի՝ մեծ հաջողություն բերելով նաև երգչին:
«Jingle Bell Rock» -ը ավելի հայտնի դարձավ, երբ 1996թ. ներկայացավ որպես «Սուրբ Ծննդյան նվեր» կինոկատակերգության սաունդթրեք: Երգը հնչել է բազմաթիվ այլ հայտնի ֆիլմերում և հնչում է Ձմեռ Պապ ու ծաղկավաճառ Վարդանի մոտոցիկլետից:
2. ABBA . «Happy New Year». Շվեդական հայտնի քառյակի 1980թ. թողարկած այս սինգլը նախնական տարբերակում ուներ հետևայալ անվանումը՝ «Daddy Don’t Get Drunk on Christmas Day- Հայրիկ, հանկարծ չհարբես Ծննդյան տոնին»: Արդեն երեք տասնամյակ Նոր տարվա նախօրեին, Արևմուտքում Ծննդյան տոներին այս երգը պտտվում է աշխարհի տարբեր ռադիոկայանների կամ հեռուստատեսության եթերում, հասարակական վայրերում՝ որպես Ամանորի երաժշտական խորհրդանիշ: Երգի տեքստն ուշադիր աչքի անցկացնելիս, իհարկե, Նոր տարվա հետ առնչության եզրերն ավելի սահմանափակվում են, սակայն դա ամենևին չի խանգարել նրան դառնալու տոնական ամենասիրելի և միևնույն ժամանակ ռոմանտիկ երգ-բարեմաղթանքը: Վարդանի տոնական ձայնադարանում «Happy New Year»-ն իր մշտական տեղն ունի:
3.«Last Christmas». Հիշեցնեմ, որ երգը գրվել է 1984թ. փետրվարին: Ջորջ Մայքլն այն ժամանակ անգլիական հայտնի փոփ դուոյի՝ «Wham»-ի կազմում էր: Մի երեկոյի ամբողջ ընթացքում նա մտքում անընդհատ ուրվագծում էր ապագա երգի պատկերը: Առավոտյան երգն արդեն կազմ ու պատրաստ վիճակում ներկայացավ Էնդրյու Ռիջլին («Wham» խմբի երկրորդ անդամը): Մայքլը ամբողջությամբ ձևավորել էր նաև մեղեդին: Այն պատմություն էր կոտրված սրտով մի սիրահարի զգացմունքների մասին:
4. Տոնական ձայնադարանից ու հիթային ստանդարտներից դուրս՝ Վարդանի ձայնադարանն այլ տրամադրություն ունի. նրա համար երաժշտության մեջ ամենասիրելի «ձայնը» Արթուր Մեսչյանն է: Նա առանձնացնում է հատկապես «Աշխարհի ցավով» երգը:
5. «Հոգևոր երգեր էլ եմ շատ սիրում, հոգևոր երաժշտություն: Ու էս անունների մեջ, չգիտեմ ոնց կամ որտեղ կտեղավորեք, խնդրում եմ՝ անպայման նշե՛ք նաև «Ավե Մարիան»,- այսպես է եզրափակում այս օրերի իր երաժշտական հնգյակը քաղաքի ամենաինքնատիպ Ձմեռ պապը:
Մեկնաբանել