
Քաջարանի բնակիչները կտրականապես դեմ են ԶՊՄԿ-ի նոր ծրագրին (վիդեո)
«Ժառանգություն» կուսակցությունը և մի խումբ երիտասարդ բնապահպաններ դեկտեմբերի 24-ին աշխատանքային այցով գնացին Սյունիքի մարզ՝ սատարելու մարզի բնակիչների պայքարին՝ ընդդեմ ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման՝ «բացառիկ գերակա հանրային շահի համար» օտարման ենթակա հողեր են ճանաչվել ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա ևս 4 գյուղի՝ Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի (շուրջ 600 հա) գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք նպատակային նշանակությունը փոխելուց հետո տրվելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ԶՊՄԿ) ՓԲԸ-ին՝ բաց հանքի շահագործման և թունավոր թափոնների գերեզմանոցների տեղադրման համար:
«Ժառանգության» ներկայացուցիչներն ու բնապահպանները հանդիպումներ ունեցան Քաջարան, Սյունիք և Արծվանիկ համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ, միասին քննարկեցին ստեղծված իրավիճակը:
Դիտարկումները փաստում են, որ մինչև կառավարության վերոհիշյալ որոշումն ընդունելը, համայնքի բնակչության հետ որևէ քննարկում կամ հանրային լսումներ չեն անցկացվել: Բնակիչներն իրենց համայնքային հողերի օտարման և նպատակային նշանակությունը փոխելու դեմ դիրքորոշում հայտնելու հնարավորություն չեն ունեցել:
Ավելին, տարիներ շարունակ համայնքի բնակիչները բողոքել են ԶՊՄԿ-ի կողմից Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում մարզի քաղաքների և գյուղերի սոցիալ-տնտեսական ծայրահեղ անմխիթար վիճակի կապակցությամբ, սակայն իշխանությունները երբևէ չեն արձագանքել այդ բողոքներին:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են ԶՊՄԿ-ի նոր ծրագրին՝ ավելի մեծ ծավալով բաց հանքի շահագործմանը և դրա արդյունքում առաջացած թունավոր թափոնների համար հին պոչամբարի ծավալների մեծացմանը, ինչը վերջնականապես Սյունիքի մարզը բնակավայրից կվերածի հանքավայրի ու թունավոր թափոնների գերեզմանոցի: Բնակիչները բողոքեցին անտանելի սոցիալական վիճակից:
«Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ներկայիս ծավալները մի քանի անգամ գերազանցում են խորհրդային տարիների ցուցանիշը: Պղնձի և մոլիբդենի գինը միջազգային շուկայում անհամեմատ բարձր է, քան նախկինում, սակայն Քաջարանն ու ամբողջ մարզը Հայաստանի ամենահարուստ, բարեկեցիկ բնակավայրը լինելու փոխարեն այսօր ծայրահեղ աղքատության մեջ են և հայտնվել են լինել-չլինելու հարցի առջև»,- ասաց Քաջարանի գյուղապետը՝ համոզմունք հայտնելով, որ իրենք պայքարելու են մինչև վերջ:
Մեկնաբանել