
Տոնական օրերին օպերատիվ շտաբը կաշխատի շուրջօրյա ժամանակացույցով
Այսօր՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներին ամանորի տոնական օրերին աշխատանքները պատշաճ կազմակերպելու և անհրաժեշտության դեպքում, արագ արձագանքելու հանձնարարականներ է տվել։
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ տոնական օրերին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքը պատշաճ կազմակերպելու նպատակով սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ անցկացված աշխատանքային խորհրդակցություն ժամանակ տրվել են համապատասխան հանձնարարականեր, կազմվել է հստակ ժամանակացույց, սահմանվել է հերթապահություն։
Տոնական օրերին մայրաքաղաքի փողոցների անցանելիությունն ու մայթերի մաքրությունն ապահովելու նպատակով՝ կոմունալ տնտեսության վարչությանն ու վարչական շրջաններին հանձնարարվել է լրացնել աղի և ավազի պաշարները և ապահովել համապատասխան մեքենամեխանիզմների անխափան աշխատանքը։ Այս, ինչպես նաև տոնական օրերին սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով օպերատիվ շտաբին հանձնարարվել է աշխատել շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցով։
Տոնական օրերին բնակչության սպասարկումն անխափան իրականացնելու նպատակով՝ Տարոն Մարգարյանը հանձնարարականներ է տվել «Երևանջուր», «Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին, արտակարգ իրավիճակների Երևան քաղաքի վարչությանը, նաև շտապ բուժօգնության ծառայություններին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել