
Տաշիրի համայնքապետարանը միայն 945 հազար դրամի տոնածառի լույսեր է գնել ավագանու անդամից
Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը, դատելով գնումներից, մեծ թափով է պատրաստվում ամանորյա տոներին և այդ առիթով չի խնայում համայնքային բյուջեն: Տեղական միջոցները ծախսելու հարցում «օգնության» է հասել նաև ավագանու անդամ Քերոբ Տոմերյանը:
Համայնքապետարանը միայն տոնածառի 334 հատ լույս գնելու պայմանագիր է կնքել, որի համար պետք է վճարի 945 հազար 300 դրամ: Պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 21-ին և կատարման վերջնաժամկետը նույն ամսվա 25-ն է:
Լույսերը տարբեր արժեքներ ունեն: Օրինակ, հատը 45 հազար դրամով գնել են 3 հատ «տոնածառի վառվող-պտտվող լույսեր», հատը 7000 դրամով գնել են 8 հատ «լույսերով ցանց»: Գնել են նաև 2 հատ 9 մետրանոց «կաթացող» լույսեր, որի համար վճարել են 76 հազար դրամ՝ յուրաքանչյուրը 38 հազար դրամ և այլն:
Ընդհանուրը՝ 20 անուն ապրանքների մատակարարման համար հայտ է ներկայացրել Քերոբ Տոմերյան անհատ ձեռնարկատերը: Նա միայն երկու ապրանքի դեպքում է մրցակից ունեցել՝ Վահագն Խաչատրյան անհատ ձեռնարկատերը, որի մասնակցությունն ակնհայտորեն ձևական բնույթ է կրել: Նույն ապրանքի համար կողմերը ներկայացրել են անհամեմատ իրարից տարբերվող գնային առաջարկ: Օրինակ՝ 8 հատ տոնածառի լույսերով ցանցի համար Քերոբ Տոմերյանն առաջարկել է 56 հազար դրամ, իսկ Վահագն Խաչատրյանը մոտ 5 անգամ ավելին՝ 260 հազար: Մյուս դեպքում 3 հատ ծաղկավոր լույսի համար Քերոբյանն առաջարկել է 6300 դրամ, իսկ Խաչատրյանը՝ 240 հազար: Պարզ էր, որ նախապատվությունը տրվել է Տոմերյանին և նրա հետ է կնքվել 20 անուն ապրանքների մատակարարումը, որի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 695 հազար դրամ:
Նշենք, որ Քերոբ Տոմերյանը Տաշիրի ավագանու անդամ է: Նա ընտրվել է նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
Լուսանկարում Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանն է
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել