
ԳՄՕ նշանի մակնշումը կդառնա պարտադիր և առավել տեսանելի
Դեկտեմբերի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է ընդունել, որով ԳՄՕ նշանի առկայությունը դառնալու է պարտադիր այն սննդամթերքի համար, որի արտադրության մեջ օգտագործվել են գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (նաև՝ ԳՁՕ՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ) և որոնց մեջ ԳՄՕ պարունակությունը գերազանցում է 0,9 %-ը։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։
Այս փոփոխությունը մտցվել է նաև «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011)՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում ։
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը ԳՄՕ-ները սահմանում է որպես՝ գենաինժեներային մեթոդներով ստացված ցանկացած կենսաբանական գոյություն, որն ունի գենետիկ նյութի փոխանցման կամ վերարտադրման ունակություն և (կամ) պարունակում է գենաինժեներային նյութ և տարբեր է բնական օրգանիզմներից։
Նշված օրեքնով՝ այժմ էլ ապրանքի փաթեթավորման և մակնշման պահանջներից է սննդամթերքում օգտագործված ԳՄՕ-ների մասին տեղեկություն տրամադրելը: Սակայն մինչ այս տառատեսակն ու տեղադրման հատվածը որոշվում էր արտադրողի հայեցողությամբ, ըստ որի՝ դրա մասին կարող էր նշվել փոքր տառատեսակով և մակնշման ցանկացած հատվածում։
Այժմ տեխնիկական կանոնակարգը ԳՄՕ նշանի համար սահմանում է հստակ տառաչափ և պահանջում` նշանը տպվի այնպես, որ լինի հեշտ ընթերցվող ու տեսանելի՝ պիտանելիության ողջ ընթացքում։
Մասնավորապես՝ այն պետք է մակնշվի EAC` Եվրասիական համապատասխանության (Eurasian Conformity) նշանի կողքին և ձևով ու չափով համապատասխանի այդ նշանին։
Նոր պահանջներին անցնելու համար արտադրողներին տրվել է 12 ամիս, այսինքն՝ ԳՄՕ պարտադիր նշանը կհայտնվի սննդամթերքի մակնշման վրա միայն 2018թ.-ի վերջում։
ԵՏՀ հանձնաժողովի անդամ Վալերիա Կորեշկովան ԵՏՀ նիստի իր ելույթի ժամանակ նշել է, որ այս փոփոխության հիմնական նպատակներից մեկն այն է, որ հնարավորություն տա սպառողին «առավել գիտակցված ընտրություն կատարել»։
Մեկնաբանել