
Էլեկտրիկ Մարկուս, ունկնդրի հետ խոսող Միլլեր
Մարկուս Միլլերը երաժշտության աշխարհում այսօր ամենահայտնի բաս կիթառահարն է, կոմպոզիտոր և երաժշտական բազմաթիվ մեծ նախագծերի, ֆիլմերի պրոդյուսեր: Հավանաբար քչերին է հայտնի, որ երաժշտական աշխարհ մուտք գործելիս նա իր առաջին քայլերն արել է կլարնետ նվագելով: Մարկուսի դաշնակահար և դասական երաժշտության մասնագետ հայրը ցանկանում էր, որ որդին ջութակահար դառնար, սակայն տղան ընտրեց կլարնետը: Պատմում է նաև, որ սկզբում ինքը ցանկացել է հարվածային գործիքներն ընտրել, բայց այն տանը, որտեղ ապրում էր, նվագելու համար համապատասխան պայմաններ չկային: Այդ իսկ պատճառով ընտրվեց կլարնետը:
Տասներկու տարեկան էր, երբ Միլլերների երաժշտական ընտանիքում հայտնվեց այս նվագարանը: Ապագա աշխարհահռչակ երաժիշտը դպրոցական դասերից բացի, նույնիսկ կլարնետի անհատական պարապմունքների էր գնում, երաժշտության տեսություն, կոմպոզիցիա սերտում և նվագում դպրոցի սիմֆոնիկ նվագախմբում: Անչափ տպավորված « The Jackson 5» խմբից և համարյա իր տարեկից Մայքլ Ջեքսոնի ելույթներից, նա նաև երգում էր: Կլարնետը սահմանափակում էր R&B-ի ռիթմերով տարված Միլլերին և, կարճ ժամանակ անց, նա գտավ այն, ինչ փնտրում էր:
«Իմ ամենամոտ ընկերը ծննդյան օրվա առթիվ բաս կիթառ էր նվեր ստացել,- պատմում է երաժիշտը հարցազրույցներից մեկում,- խենթանալու մի բան, և թեպետ նա փորձում էր նվագել, ես ավելի էի տարված այդ կիթառով, քան ինքը: Նա նվագում էր այդ կիթառով, իսկ ես ամբողջ օրն անցկացնում էի նրանց տանը: Ուստի համը չհանելու համար ես մայրիկիս համոզեցի ինձ համար բաս կիթառ գնել: Առաջին կիթառս «Univox էր, Բի Բի Քինգի կիթառի նման էր, գիտեք երևի, թե ինչպիսի տեսք ունեին այդ կարմրագույն 335-երը: Եվ ես նվագեցի դրանով մի քանի տարի, մինչև որ ձեռք բերեցի ջազային իմ բասը: Դա 1975 թվականն էր»:
Նա սիրահարվեց երաժշտական այս գործիքին, որը հետո դարձավ նրա ստեղծագործական կյանքի` մեկը մյուսից փայլուն վերելքների ուղենիշն ու առաջնորդը:
Շատ կարճ ժամանակ անց նա արդեն բավականին արհեստավարժ բաս կիթառահար էր, ով նվագում էր թաղի տղաներից հավաքված մի խմբում: Նվագում էին հիմնականում աֆրոամերիկյան երաժշտություն. այն ինչ հայտնի ու շատ տարածված էր 70-ականների սկզբին և ամերիկյան մեծ քաղաքների սևամորթ համայնքներում: Սոուլ, ռիթմէնդբլյուզ, ֆանկ, իսկ հետո սկսվեց ջազի շրջանը: «Սա ինձ համար նույնքան կարևոր ուսումնառություն էր, որքան դպրոցը,- ասել է Միլլերը,- հենց այստեղ եմ ես հասկացել, թե ինչ է ֆանկը, ինչ է գրուվը և թե ինչպես կարելի է հաղորդակցվել մարդկանց հետ երաժշտության միջոցով»:
Բաս կիթառ նվագել նա սովորում էր ինքնուրույն՝ առաջնորդվելով սեփական լսողությամբ, դպրոցում ձեռք բերած գիտելիքները համադրելով, և, իհարկե, հոր օգնությամբ: Մարկուս Միլլերի հայրը շատ հարգված երաժիշտ էր, ով երկար տարիներ աշխատում էր տեղի եկեղեցում` որպես երգեհոնահար և երգչախմբի ղեկավար: Նա էր հաճախ ուղղորդում որդուն նվագելիս. երգի և երաժշտական հատվածների միջև ընկած ակորդների հանդեպ ճիշտ զգացողության և այս ամենը հարմոնիկ երկխոսությամբ փոխանցելու, ընկալման հարցերում: Մինչ օրս արդեն վաղուց աշխարհահռչակ, ճանաչված այս երաժիշտը հարցազրույցներում, համերգների ժամանակ հարգանքով նշում է հոր կարևոր դերն իր կյանքում` անվանելով նրան նաև ամենաազդեցիկ անուններից մեկը՝ լեգենդար երաժիշտների կողքին: «Հայրս է ինձ ցույց տվել, թե ինչպես պետք էր անցնել ճանապարհը»,- ասում է Մ. Միլլերը,- դուք հարցնում եք, թե ովքե՞ր են ազդել իմ երաժշտական ընկալումների վրա. ես առաջին հերթին կնշեմ հորս: Նա այնքան էլ հայտնի չէ, բայց երաժիշտ է և մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Իսկ մեծ արտիստների հետ համագործակցությունից ես կնշեմ նախ` Մայլս Դևիսին: Նա շատ մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Հերբի Հենքոք, նա ևս ինձ համար շատ կարևոր անուն է: Սթիվի Ուանդերին ևս կնշեմ, թեև նրա հետ այնքան էլ շատ չեմ նվագել: Սրանք են իմ մեծությունները: Իսկ ինչ վերաբերում է բասին՝ կա մի մարդ՝ Սթենլի Քլարք անունով, կան նաև Յակո Պաստորիասը և Լարի Գրեմը»:
Մ. Միլլերի մասին խոսելիս, նրա ստեղծագործությանը ոչ այնքան ծանոթ որևէ մեկին ներկայացնելիս, հատկապես, հաճախ է նշվում ջազի խորհրդանիշերից մեկի անունը: «Նա Մայլս Դևիսի հետ է նվագել»,- հնչում է այս արտահայտությունը, որով էլ արդեն որոշվում է անծանոթ տարածքում այս երաժշտի մեծության չափանիշն ու մեկընդմիշտ ամրագրվում վստահությունը նրա հանդեպ: Դե իհարկե, պահանջկոտ Դևիսը չէր կարող թույլ ընտրություն անել: «Ահա թե որն է Մայլսից սովորածս կարևորագույն բանը,- պատմում է Մ. Միլլերը,- Շատ երաժիշտներ մարզական մոտեցում ունեն երաժշտության հանդեպ՝ իրենց՝ «Ո՞վ է լավագույնը» չափանիշով: Նրանք այդ լավագույնին որոշում են ըստ նրա, թե որքանով է նա ամենաարագը և ամենաբարձր հնչողը (կամ նման մեկ այլ բան) իր կատարման եղանակով: Բայց երբ շփվում ես Մայլսի հետ, դու հասկանում ես, որ նրան բոլորովին չի հետաքրքրում արագն ու դանդաղը, բարձրն ու ցածրը. Նա ուղղակի լի անհատականություն էր, և հենց դրա համար էին մարդիկ ձգտում մոտենալ նրան: Երբ ես դա բացահայտեցի նրա մեջ, սկսեցի այդ կերպ դիտարկել մյուս երաժիշտներին նույնպես… ես հասկացա, որ պետք է աշխատեմ միայն իմ լավագույն «եսը» դառնալու ուղղությամբ»:
Պետք է հիշել սակայն, որ Միլլերը` որպես բաս կիթառահար, հայտնի է նաև այլ լեգենդների հետ համագործակցությամբ: Նա մի շարք հայտնի երգերի և երաժշտական կոմպոզիցիաների հեղինակ է: Մ. Դևիսի՝ 1986թ. թողարկված «Tutu» ալբոմում ներկայանում է որպես կոմպոզիտոր և մի քանի երգերի համահեղինակ, այդ թվում՝ համանուն «Tutu»-ի: Բացի այդ, Միլլերը հեղինակն է հայտնի սաքսոֆոնահար Դեյվիդ Սենբորնի «Chicago Song»-ի, համահեղինակը ռիթմէնդբլյուզի լեգենդ Լյութեր Վենդրոսի «For You to Love», «It’s Over Now», «TilL My Baby Comes Home» և «Power of Love» հիթային երգերի:
1997 թվականին Միլլերը հիմնեց «Լեգենդներ» խումբը, որտեղ հանդես էին գալիս Էրիկ Քլեփթոնը (կիթառ, վոկալ), Ջո Սեմփըլը (դաշնամուր), Դեյվիդ Սենբորնը (ալտ սաքսոֆոն) և Սթիվ Գեդը (հարվածային գործիքներ): Մարկուս Միլլերն այս խմբում և բաս կիթառահարն էր, և կլառնետահարը: Խումբն իրականացրեց ջազի ամենամեծ փառատոնային շրջագայությունը՝ 11 ամիս նվագելով եվրոպական հեղինակավոր բեմերում:
«Ես ակումբային ջազն եմ շատ սիրում, չէ՞ որ հենց այնտեղ է ջազը ստեղծվել - ասաց Միլլերը Երևանում կայացած մամլո ասուլիսին,- Մասնավորապես ԱՄՆ-ում շատ կարևոր էր ջազն ակումբից համերգասրահ տեղափոխելը: Դա, ինչ խոսք, հարգալից քայլ էր այս երաժշտության հանդեպ: Մարդիկ ակումբային երաժշտությունը մեկ քայլ ներքև՝ ցածր մակարդակի վրա են գնահատում, քան համերգասրահում հնչողը: Վերջինս միշտ առավել բարձունքում է դիտարկվում: Այնպես որ, այս առումով՝ ջազի պատմության մեջ շատ կարևոր էր Դյուկ Էլինգթոնի համերգը «Քարնեգի հոլլում»: Դա մեծագույն պահ էր ջազի համար և մեծ իրողություն աֆրոամերիկացիների համար: Բայց այս հեղինակավոր համերգասրահում ելույթից հետո Դյուկ Էլինգթոնն ասաց իր մենեջերին. «Վաղը կարո՞ղ ենք ակումբում նվագել»»:
Մ. Միլլերի անունը հայտնվել է միմյանցից շատ տարբեր, բայց իրենց ստեղծագործական կյանքով անփոխարինելի դեր ունեցող աստղերի՝ շուրջ 500 ալբոմներում: Ֆրենկ Սինատրա, Հերբի Հենքոք, Ուեին Շորթեր, Մայքլ Ջեքսոն, Արեթա Ֆրանկլին, Բիլ Ուիզերս, Ջորջ Բենսոն, Էլթոն Ջոն և աստղային այլ անուններ համագործակցել են այս երաժշտի հետ: Նրա հետաքրքրությունների շրջանակում է նաև ֆիլմի համար գրվող երաժշտությունը. 20-ից ավելի ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակ է, պրոդյուսեր: Նա նվագում է նաև դաշնամուր և սաքսոֆոն:
Միլլերը նաև ստանձնել է աստղային մի շարք անունների ալբոմների պրոդյուսինգը, որի համար արժանացել է «Գրեմի» մրցանակի: Ի դեպ, «Գրեմի»-ների բազմաժանր հավաքածու ունի, որն իր հերթին հաստատում է այս արտիստի բազմակողմանի ու հաջողված գործունեությունը:
«Ջազն ինձ թույլ է տալիս հաղորդակցվել մարդկանց հետ,- ասում է Մ. Միլլերը,- Իմ կարծիքով՝ ջազ համերգները յուրահատուկ են (ի տարբերություն մյուսների), քանի որ մենք անմիջական կապ ենք կառուցում հանդիսատեսի հետ: Մենք իսկապես զգում ենք մեր ունկնդրին և կապի մեջ մտնում նրա հետ: Եվ ըստ այս լսարանի՝ նաև փոփոխություններ ենք անում երաժշտության հետ՝ հենց այդ պահի և այդ կապի թելադրած զգացողության միջոցով: Եթե դասական երաժիշտ ես, ոչինչ չի փոխվում, գիտեք, բայց երբ ջազի մեջ ես, համերգասրահում զգացողություններ կան, և դու դրանց վրա հիմնվելով՝ փոխում ես քո ստեղծագործությունը՝ համապատասխանելու այդ զգացողություններին: Ես միշտ լսում եմ, կապս պահում եմ ունկնդրիս հետ՝ կողմնորոշվելու համար, թե հաջորդ քայլս ինչ է լինելու: Ջազն ինձ համար հնարավորություն է ինքդ քեզ արտահայտելու»:
Գլխավոր լուսանկարը վերցված է http://www.jazzradio.fr կայքից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել