
Մղարթում և Արդվիում կրքերը լարված են. «Միռամ» ՍՊԸ-ն ոսկու հանքի պատճառով միմյանց դեմ է հանում հարևան գյուղերին
Դեկտեմբերի 1-ին Մղարթ գյուղում «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակումում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության 2-րդ հայտի հանրային քննարկման ձախողումից հետո, «Միռամի» ներկայացուցիչներն անցել են նոր գործողությունների: Այսօր ժամը 14:00-ի սահմաններում ընկերության երկու ներկայացուցիչներ Մղարթի նախկին գյուղապետարանի շենքի բակում հավաքել էին մղարթցի մոտ 20-30 երիտասարդների և նրանց հետ բացատրական աշխատանք էին տանում՝ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության 2-րդ հայտի հանրային քննարկման նոր պահանջ դնելու համար:
Նրանցից մեկը Վանաձորում բնակվող մղարթցի Հենոն էր: Հենց նա է դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիայի ժամանակ հոխորտացել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանին և ձեռքով հարվածել նրա տեսախցիկին: Մյուսը նույնպես դեկտեմբերի 1-ին ներկա էր Մղարթում:
Այսօր նրանք մեր ֆոտոապարատը տեսնելուն պես արագ նետվեցին իրենց «Նիվան» և փախան գյուղամեջից: «Բայց մենք ընդամենը պետք է իրենց սիրուն լսեինք, էդ ժամանակ մենք կասեինք հա՞, թէ՝ չէ: Ես ամսից ավել է Մղարթում չեմ եղել, բայց հիմա մնում է, գիտեք ինչ անենք, ընդամենը սիրուն հավաքվենք, սիրուն նորմալ լսենք, մարդիկ իրանք ինչ են ասում, էդ ժամանակ ընդամենը պրծնեն, գնան»,- առաջարկեց ներկաներից մեկը՝ երիտասարդ Սերոժ Դանիելյանը: Սերոժը տեղյակ չէր, կամ էլ չիմանալու էր տալիս, որ հոկտեմբերի 4-ին 460 բնակիչ ունեցող Մղարթում իր նման 15 երիտասարդներ գաղտնի, խելոք նստել են, հանրային լսում են արել և մյուս 445 մղարթցիների փոխարեն համաձայնություն են տվել Շեկաղբյուր ոսկի-բազմամետաղային հանքի երկրաբանական հետազոտման «Միռամ» ՍՊԸ-ի 2-րդ հայտին:
«Սկի չհասցրինք, տենանք` որ կազմակերպությունից են: Ես մինչև հմի չգիտեմ ինչ է կատարվում: Ընդամենն ուզում էի իմանալ ովքեր են»,- ասաց հավաքվածների մեջ կանգնած մղարթցի Ա. Մոսինյանը, ով դեկտեմբերի 1-ին դեմ էր ներկայանում հանքի երկրաբանական աշխատանքներին:
«Եկել էին, էլի, գիժ էին, եկել էին»,- պատասխանեց կանգնածներից մի երիտասարդ: Մինչ զրուցում էինք մղարթցիների հետ, գյուղամեջ մտան լուրն իմացած արդվեցիները: «Բարի օր ձեզ, տղերք»,- ասացին նրանք: «Երեկ չէ առաջին օրն էստեղ էին: Տղերք ջան, մինչև երբ են Վանաձորից ու Երևանից ամեն օր գալու էստեղ մեզ իրար դեմ հանեն: Տղերք, բոլորդ էլ գիտեք, որ ձեր գեղիցը՝ Մղարթից, Շեկաղբյուրն ավելի հեռու է, քան մեր Արդվիից: Հանքը մեր գլխին ա: Էդ հանքով մեր գեղին են վնաս տալու: Կարող է մեկդ ասեք մեր գեղիցը հեռու ա, թող հանքը բաց անեն, աշխատենք: Բայց Շեկաղբյուրի հանքի բացելը մեր գեղի համար կյանքի ու մահվան հարց է, տղերք: Էս ա հարցը»,- մղարթցի երիտասարդներին հուզմունքով բացատրեց Սուրեն Կիրակոսյանը:
«Մարդիկ էին, եկան բացատրեցին, գնացին»,- պատասխանեց հավաքվածներից մեկը: «Կարող ա գան, մեր հա-ն չստանան ու գնան»,- ասաց մեկ այլ մղարթցի: «Մենք եկել ենք ախպերավարի ձեզ հետ զրից անենք: Ինչքան են գալու ձեզ տնից հանեն, հա ուղեղներդ լցնեն, գնան: Մենք ասում ենք՝ չէ, մեր գեղերը մի քանդեք: Մեր վերջին խոսքն էդ ա: Նրանք ուզում են մենք՝ արդվեցիներս ու մղարթցիներս, դուրս գանք իրար դեմ: Մենք ձեզ վիրավորող բան չենք ասի: Ասում եմ ամոթ ա: Մեր պապերն ու մեր ծնողներն իրար հետ էստեղ ախպերություն են արել: Դրանք կողքից գան մեզ իրար դեմ հանե՞ն, իրար թշնամի սարքեն ու գնան: Մեծ տղաներ եք, եկեք ամեն ինչ խելացի անենք: Մեր հավեսը գալի՞ս է ամեն օր մեր գործը բրախած՝ գանք Մղարթի կենտրոնում հավաքվենք։ Որ գալիս են, տղավարի ասեք, գնացեք էստեղից»,- ասաց մի միջահասակ արդվեցի:
«Հո մենք չէինք իրանց էստեղ հրավիրել, իրանք էին եկել»,- արդարացավ մղարթցի Արմեն Դանիելյանը: «Ովքե՞ր էին»,- հարցրեց արդվեցիներից մեկը: «Մեր գեղը քանդողներն էին»,- պատասխանեց սրտնեղված մեկ այլ արդվեցի: ««Միռամն» առանց այդ էլ խախտել է հանրային լսումների կարգը: Բնապահանության նախարարության հանրային քննարկման սահմանած ժամից դեկտեմբերի 1-ին կես ժամ ուշ եկան, գաղտնի ճանապարհով եկան: Մենք էլ իրենց ասացինք բարի ճանապարհ: Ոնց եկել եք, բարով-խերով էլ տեղ հասեք: Հանքին դեմ ենք: Մենք չենք ուզում մեր գյուղերը քանդեք, դժոխքի վերածեք: Այսինքն, բացատրեցինք, բայց մարդիկ երևում է չեն հասկացել: Հիմա էլ գաղտագողի եկել են Մղարթ՝ էս ջահելներին խաբելու»,- ասաց արդվեցի Վռամ Վահրամյանը: «Ախր ջահելների ուղեղն էլ չեն կարողանում խաբեն, մի երկու տուզիկի են խաբում»,-Վռամին բացատրեց մղարթցի մի երիտասարդ:
Կանգնածների մեջ ցածրահասակ, զինվորական շինելով մի տղամարդ տեսագրում էր հավաքված մղարթցիների ու արդվեցիների հետ մեր խոսակցությունը: Նա գրավեց արդվեցիների ուշադրությունը: Երբ շինելավորից պահանջեցին լրագրողական փաստաթուղթ, նա մի կերպ իրեն գցեց 34 OP 848 պետհամարանիշով «Նիվա» ավտոմեքենան և փախավ:
Գնալիս էլ ասաց՝ իր նկարահանումը յութուբում է դնելու: Արդվեցիները ճանաչել էին նրան, ասացին «Միռամի» հորատողներից մեկն էր։ «Օրեր առաջ մեր փակած հորատանցքը նա էր փորել»,- հիշեց Սուրենը:
Դեկտեմբերի 1-ին կայացած մղարթցիների, արդվեցիների, հարևան այգեհատցիների ու արևածագցիների բողոքի ակցիայից հետո կառավարությունը ոչ մի հետեւություն չի արել։ Ոսկու տենդով տառապող «Միռամ» ՍՊԸ-ի սեփականատերերը քրեական տարրերին են «գործուղում» գյուղեր` իրենց նպատակին հասնելու համար։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել