
Կառավարությունը եւ քաղաքապետարանը վերացրին Երեւանի եւս մեկ կանաչ հատված
«Երկու օր առավոտից իրիկուն կանգնած եմ եղել, որ հողամասս չքանդեն: Իրենք խոսք տվեցին, որ չեն քանդի, բայց ես գնացի տուն, գիշերը քանդեցին: Առավոտը եկա, տեսա բուլդոզերն ավերել է իմ կանաչ այգին. ինֆարկտը խփում էր ինձ»,-պատմում է Դ. Անհաղթի 14 շենքի բնակիչ Անիկ Օհանյանը:
«Մեր 12 տարվա չարչարանքը մի գիշերվա մեջ գցին բուլդոզերի տակ, գնացին: Առանց զգուշացնելու, մի հատ գոնե չասացին` ձեր ծառերն են, հանեք-տարեք»,-բողոքում է նույն շենքի բնակիչ Քնարիկ Օհանյանը:
Զեյթունի Դ. Անհաղթ եւ Կ. Ուլնեցի փողոցների միջնամասի կանաչապատ տարածքում պետք է կառուցվի կանադական թաղամաս եւ զինվորական ակադեմիա: Ժամանակին այս տարածքը եղել է ստվերախիտ անտառ, որն հիմնադրվել էր 40-ական թթ-ին: Երեւանցիներն այս տարածքը գիտեն «Մկոյի անտառ» անվանումով: Մկոն անտառի պահակն էր: Նա հսկում էր, որ հանկարծ որեւէ մեկը այստեղ ծառ չկտրի: 1992-93թթ-ին` Հայաստանում էներգետիկ ճգնաժամի տարիներին, հարակից շենքերի բնակիչները կտրեցին անտառի մի մասը: Դրան հաջորդող տարիներին մոտակա շենքերի մոտ 100 ընտանիքներ իրենց նախաձեռնությամբ 800-1000մ հողամասեր են առանձնացրել ու սկսել մշակել: Այդ ընտանիքների մեծ մասի համար դա ապրուստի միակ աղբյուրն էր: «Էդ ընտանիքներին նետեցին աղբարկղերը, նրանք հիմա աղբով պետք է սնվեն: Թոշակառուներ են, ուրիշ ի՞նչ պետք է անեն: Էն անլույս տարիներին, որ կտրեցին ծառերը, արդեն աղբանոց էր: Մենք էլ հողամասեր ենք սարքել ու կանաչ դարձրել: Վատ բան ենք արել, որ ծառ ենք տնկել ու հիմա իմացանք, որ էդ տարածքը ուրիշի են տվել ու մեր հողամասերը քանդում են»,-ասում է 60-ամյա Վազգեն Առաքելյանը: Կառավարության եւ քաղաքապետի մի քանի որոշումներով հողհատկացումներ են եղել: Այս մասին լսելով` բնակիչները դիմել են թաղապետարան իրենց հողամասերը սեփականաշնորհելու համար, սակայն ընթացք չեն տվել` պատճառաբանելով, որ կանադական թաղամասի կառուցումը մեծ գումարներ է բերում պետբյուջե:
«Երեւան քաղաքի հողերի համար լիազորված է քաղաքապետը: Մեր համայնքը ոչ միայն չի մասնակցել բաժանմանը, այլեւ 8 ամիս հետո ոչ պաշտոնական աղբյուրներից է իմացել այդ տարածքի հողհատկացումների մասին: Իսկ կառավարության որոշմանը պարտավոր ենք ենթարկվել»,-ասում է Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ճարտարապետության բաժնի պետ Ղազար Ղազարյանը: Հողամասերի տերերը դիմում են ներկայացրել թաղապետարան, քաղաքապետարան, անշարժ գույքի կադաստր, ոստիկանություն, դատախազություն եւ Նախագահի վերահսկողության ծառայություն, նշելով որ իրենց 10 տարվա աշխատանքն անխնա ոչնչացնելուց բացի «էկոլոգիական կատաստրոֆայի» է ենթարկվում հսկայական կանաչ տարածք: «Մենք բոլոր հնարավոր տեղերը դիմել ենք, բայց ստացել ենք մեկը մյուսից անգրագետ ու անտեղյակ պատասխաններ: Այլեւս անիմաստ է որեւէ տեղ դիմելը: Դատարանն էլ ապարդյուն քայլ կլինի, որովհետեւ արդեն ակնհայտ է , որ մեր երկրում օրենք չի գործում»,- ասում է Կ. Ուլնեցու 30 շենքի բնակիչ Ռաֆայել Օհանյանը:
«Ընդհանուր տարածքը մոտավորապես 25 հա է: Կանադական թաղամասը զբաղեցնում է 9 հա, զինվորական ակադեմիան` 2 հա: Լսել եմ, որ մնացած տարածքն էլ է վաճառված»,-ասում է Ղ. Ղազարյանը:
2002թ. կառավարության որոշմամբ 4,5 հա հողամաս առանց մրցույթի, վարձակալության իրավունքով 50 տարի ժամկետով տրամադրվել է «Հ.Ռ.Ա.Ա.Ա.» ՍՊԸ-ին` սեփական միջոցներով Երեւանում կանադական թաղամաս կառուցելու նպատակով: Հարկ է նշել, որ կառավարությանը նման իրավունք է տալիս «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 5-րդ կետը. «Հողամասն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրման դեպքերը սահմանում է կառավարությունը»: Նույն օրենսգիրքը չի սահմանում, թե որոնք են այդ «դեպքերը»: Հողհատկացման նման որոշում կայացնելու համար կառավարությանը միջնորդել են Երեւանի քաղաքապետն ու ՀՀ արտգործնախարարը: Իսկ թե ովքեր են «Հ.Ռ.Ա.Ա.Ա.» ՍՊԸ-ի իրական տերերը, առայժմ պարզել հնարավոր չէ: Ընկերության հիմնադիրը Արթուր Կետիկյանն է: Միանշանակ է, որ կառավարությունը, հենց այնպես, առանց մրցույթի նման, պայմաններով պատահական որեւէ մեկին այդքան հող չէր հատկացնի:
Այս նույն տարածքից 2000թ. քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ «աճուրդային կարգով» վաճառվել է 4.3 հա տարածք անհատական բնակելի տների եւ հյուրատների շինարարության համար: Աճուրդի մասին դարձյալ տեղյակ չեն եղել հողամասերի տերերը եւ նրանցից ոչ մեկը հնարավորություն չի ունեցել մասնակցելու աճուրդին:
«Մենք չենք ուզում սեփականաշնորհել եւ այնտեղ տներ կառուցել, մենք ուզում ենք, որ այդ կանաչ տարածքը, որ ժամանակին Երեւանի ամենախիտ անտառն էր, պահպանվի, ծառերն աճեն»,- ասում են հողամասերի տերերը:
Մեկնաբանել