
Ինչով է պայմանավորված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը
Տնտեսական բլոկի նախարարություններն ու Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն հասցրել են «ազդարարել», որ այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) տարվա ամենաբարձր մակարդակը։ Այն նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 7%-ով:
Մինչ այս ցուցանիշը, տարվա ընթացքում ՏԱՑ-ի ամենաբարձր մակարդակը գրանցվել էր հունվարին։ Առանձին ամիսների կտրվածքով ևս հոկտեմբերն առանձնանում է։
Այս տարվա հոկտեմբերին, 2016 թվականի հոկտեմբերի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 17%-ով։ Այդ ամսվա պատկերն էապես ազդել է հունվար-հոկտեմբերի 7% աճի վրա։ Միայն հոկտեմբերի տվյալներում միանգամից առանձնանում է գյուղատնտեսության ցուցանիշը. գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 34.7%-ով աճել է։
Առաջին հայացքից սա զգալի աճ է։ Սակայն չենք մոռանում, որ այդ աճը գրանցվել է նախորդ տարվա կտրուկ նվազած ցուցանիշի հետ համեմատության արդյունքում։ 2016 թվականի հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել էր 29.8% անկում։ Հաջորդող նոյեմբերին արդեն աճ էր գրանցվել։ Սա հուշում է, որ այս նոյեմբերին, դժվար թե, գյուղատնտեսության ոլորտում շարունակվի աճի այն տեմպը, որը գրանցվել է հոկտեմբերին։ Ու քանի որ գյուղատնտեսությունը մեծ ազդեցություն է ունեցել հոկտեմբերի ցուցանիշի վրա, վերջինն էլ՝ հունվար-հոկտեմբերի, ենթադրվում է, որ հունվար-նոյեմբերին ՏԱՑ-ի աճի տեմպը կարող է կրկին դանդաղել:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերին և´ արդյունաբերության, և´ առևտրաշրջանառության, և´ ծառայությունների, և նույնիսկ շինարարության ծավալների աճ է գրանցվել։ Հիշեցնենք, որ շինարարության ոլորտում արդեն քանի տարի է՝ անկումային տրամադրություններ են։
Ծառայությունների ծավալները հոկտեմբերին աճել են 22.4%-ով, շինարարության ծավալները՝ 5.7%-ով, արդյունաբերությանը՝ 16.5%-ով, իսկ ներքին առևտրաշրջանառությունը՝ 15.1%-ով։ Այսինքն՝ հոկտեմբերին գրանցված ՏԱՑ-ի աճն ապահովել են նշված բոլոր ոլորտները:
Իսկ տարվա առաջին տասն ամիսների կտրվածքով պատկերն այլ է։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 1.3 տրլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 12.4%-ով:
Նույն ընթացքում ծառայությունների ծավալը կազմել է մոտ 1.2 տրլն դրամ, աճը՝ 13.9%:
Առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 2 տրլն դրամ, որը նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 12.8%-ով:
Տասն ամսվա կտրվածքով անկում է գրանցվել շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում:
Մասնավորապես, գյուղատնտեսության համախառն արտադրանքն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ 736 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4.1%-ով:
Շինարարության ծավալները կազմել են ավելի քան 274 մլրդ դրամ, անկումը՝ 0.9%: Շինարարության ծավալների գրանցած դինամիկան ցույց է տալիս, որ հունվար-նոյեմբերի կտրվածքով ոլորտում կարող է արդեն աճ արձանագրվել:
Ուշագրավ է, որ Տնտեսական զարգացման և ներդումների նախարարության տարածած, ինչպես նաև՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջով տարածված ինֆոգրաֆիկաներում, որտեղ պատկերված են հունվար-հոկտեմբերի ցուցանիշները, տեղ չեն գտել անկումային ոլորտները՝ շինարարությունն ու գյուղատնտեսությունը։
Հիշեցնենք, որ այս տարվա համար Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է 4.3-4.5% տնտեսական աճ։ Սա նույն ՏԱՑ-ի աճը չէ, սակայն այս ցուցանիշները միմյանցից շատ չեն տարբերվում:
Մեկնաբանել