
Հովիկ Աբրահամյանի փեսայի և մաքսատների մյուս վարչության պետերի անհավանական ունեցվածքը
Պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մասին մամուլը բազմիցս գրել է: Այդ համակարգի նկատմամբ անվստահության, կոռուպցիոն բարձր ռիսկերի մասին ահազանգերը նույնպես նորություն չեն: Այս տարի առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրեր են ներկայացրել պետական եկամուտների կոմիտեի մաքսատների վարչության պետերը: 5 վարչության պետերից 4-ի ունեցած գույքը կամ հաշվին առկա դրամական միջոցները մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուր անգամ գերազանցում են տարեկան եկամուտները:
Մաքսատների վարչության պետերից ոչ ոք պաշտոնը ստանձնելու հայտարարագրում չի նշել բաժնեմաս, սակայն նրանց հաշվին առկա գումարներն անհամեմատ մեծ են պետական պաշտոնյայի աշխատավարձի չափից: Ստացվում է, որ քիչ եկամտով շատ դրամական միջոցներ են կուտակել:
Ոմանք էլ, օգտվելով օրենսդրության սողանցքներից և վերահսկողության թերի մեխանիզմներից, առաջին հայտարարագրում նշում են շատ գումար, որպեսզի հետագա հայտարարագրերում «լեգիտիմացնեն» ունեցվածքը:
Վլադիմիր Թամրազյանը Արևմտյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնում նշանակվել է այս տարվա հունիսին: Մինչ այդ զբաղեցրել է «Զվարթնոց» մաքսատան պետի պաշտոնը: Վլադիմիր Թամրազյանը 2007 թվականից զբաղեցնում է պետական պաշտոններ: Մինչ այդ ընդամենը 8 ամիս աշխատել է մասնավոր հատվածում՝ զբաղեցնելով Երևանի «Արարատ կոնյակի գինու-օղու» կոմբինատի փոխտնօրենի պաշտոնը:
Մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում ունեցող Վ. Թամրազյանը կրթությամբ իրավաբան է:
Նշենք, որ Վլադիմիր Թամրազյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է:
Հունիսից Արևելյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնը զբաղեցնում է Կարեն Ջանոյանը, ով մինչ այդ պետի պաշտոն էր զբաղեցնում Գուգարքի մաքսատանը: Ջանոյանը 1990-2007թթ. պաշտոններ է զբաղեցրել հարկային և մաքսային ոլորտներում:
Կարեն Ջանոյանը մասնավոր հատվածում աշխատել է 2008-2016թթ.՝ զբաղեցնելով «Երբուժտեխսպասարկում» ՍՊԸ-ում փոխտնօրենի, «Էկոպրոտեկտ» ՍՊԸ-ում կազմակերպության տնօրենի և «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի գլխավոր տնօրենի պաշտոնները, որից հետո դարձյալ հայտնվել է Պետեկամուտների կոմիտեում:
Արդեն 14 տարի պետական պաշտոն է զբաղեցնում հարկային և մաքսային ոլորտում Սուրեն Ղազարյանը: Հունիս ամսից նշանակվել է Հյուսիսային մաքսատուն-վարչության պետի պաշտոնում:
Հարկային և մաքսային համակարգում անընդմեջ շուրջ 19 տարվա աշխատանքային ստաժ ունի Արմեն Սարգսյանը: Նա այս տարվա հունիսից զբաղեցնում է Արարատյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնը:
Մաքսատների վարչության պետերից ամենահամեստ եկամուտը հայտարարագրել է Հարավային մաքսատուն-վարչության պետ Աշոտ Մինասյանը: Նա հայտարարագրել է 4 մլն 130 հազար դրամ եկամուտ, որն աշխատավարձն է: Իր հաշվին ո´չ դրամական միջոց ունի, ո´չ թանկարժեք գույք, ո´չ ավտոմեքենա ու բնակարան: Որպես անշարժ գույք նշել է միայն ունեցած մեկ միավոր հողամասը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել