
Ռիչարդ Կիրակոսյան. «Օլիգարխները դարձել են այնքան հզոր, որ այժմ իրենք իրենցով վտանգում են պետությունը»
Հայաստանի ներքաղաքական կյանքում կոնֆլիկտը այլևս ընդդիմության և իշխանության միջև չէ, ինչն ավանդաբար էր: Այժմ այս կոնֆլիկտն ավելի շատ իշխող քաղաքական վերնախավի ներսում է՝ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններ միջև: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: ««Բարգավաճ Հայաստանը» դեռևս հակահարված չի հասցրել Հանրապետական կուսակցությանը»,- հավելեց նա:
Լրագրողներից մեկը նշեց, որ ըստ որոշ փորձագետների վերլուծությունների՝ այս կոնֆլիկտը երկու կուսակցության խաղն է, որի նպատակն է ցույց տալ, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ է և դրանով խաբել ժողովրդին: Եթե նույնիսկ նման կոնֆլիկտ կա, ԲՀԿ-ն ռեսուրս ունի՞՝ «Հանրապետականին հակահարված հասցնելու» համար:
Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքով՝ սա բնական կոնֆլիկտ է և բնական հակամարտություն: Մենք տեսնում ենք նաև, որ, օրինակ, Իջևանում տեղի ունեցած ընտրություններում հանրապետական քաղաքապետը պարտություն կրեց «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուից: Սա իրականում ուղերձ էր Հանրապետական կուսակցությանը, որ վտանգավոր է լինել չափազանց շատ ինքնավստահ, նաև թերագնահատել մրցակցին»:
Բանախոսը տեսնում է ՀՀԿ-ի կողմից լուրջ քայլեր՝ ուղղված ԲՀԿ-ին, որը դեռևս պատասխան քայլեր չի անում: Սակայն դեռևս պարզ չէ, թե ԲՀԿ-ն ինչ կարող է անել: Ռիչարդ Կիրակոսյանին թվում է, թե ԲՀԿ-ն մշակում է ռազմավարություն, որը կբացահայտի իրական կոնֆլիկտը, «որքան մոտենանք ընտրություններին, հատկապես երբ պարզ է դառնում, որ Հայ ազգային կոնգրեսը կմտնի քաղաքական համակարգ և խորհրդարան»:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով՝ ՀԱԿ-ի՝ ԲՀԿ-ին արած համագործակցելու առաջարկը շատ անակնկալ էր: Զուտ քաղաքական վերլուծության առումով առաջարկ կարելի է անել պարզապես առաջարկ անելու և ոչ թե իրականում համագործակցելու համար: Դա նաև ցույց է տալիս Հայաստանի քաղաքականության մեջ եղած ավելի խորը պրոբլեմը. երկխոսությունը ավելի շատ ոչ թե քաղաքականությունների վերաբերյալ է, այլ անձերի հակամարտություն է:
«Դա նաև ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքականության բարդ բնույթը փոխվում է ամեն օր՝ լինի դա, օրինակ, Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստանի» պոտենցիալ համագործակցությունը, կամ երբ նայում ենք «Բարգավաճ Հայաստանի» և Հանրապետական կուսակցության կոնֆլիկտից շահող մեկ այլ երրորդ կողմին. մի պատահական հաղթող, որն արժանի չէ դրան, «Օրինաց երկիրն» է՝ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Բանախոսը քիչ հավանական համարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» կարողանա մեծամասնություն կազմել ապագա խորհրդարանում: Նրա խոսքերով՝ այս խորհրդարանական ընտրությունները լուրջ փորձություն են Հայաստանի կառավարության համար: Հայաստանի նախագահն ու վարչապետն անձամբ խոստացել են, որ այս ընտրությունները կլինեն շատ ավելի լավը, եթե ոչ Հայաստանի լավագույն ընտրությունները:
«Սա նշանակում է, որ եթե տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ, դժվար կլինի այսքան շուտ կանխատեսել դրանց արդյունքը: Սա հավանաբար ամենակարևոր ընտրությունն է, որ Հայաստանը երբևէ ունեցել է: Դա առաջին ընտրությունն է «Մարտի 1» -ից հետո: Խորհրդարանական ընտրությունների արդյունքը կորոշի նաև, թե ինչպիսի Հայաստան մենք կունենանք ապագայում. արդյոք դա կլինի օլիգարխի՞, թե՞ ժողովրդավարի տարի»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա գնահատմամբ՝ 2011-ին Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենակարևոր դրական զարգացումը իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն էր: Նախ, Հայաստանը կարիք ունի ավելի շատ երկխոսության՝ ազգային կարևորագույն հարցերի վերաբերյալ: Եվ երկրորդ, յուրաքանչյուր երկրում ակտիվ և ներգրավված ընդդիմությունը դրական է ժողովրդավարության, նաև հենց կառավարության համար:
Բանախոսի կանխատեսմամբ՝ 2012թ.-ին մարտահրավերները կլինեն ավելի մեծ, և առաջնահերթությունները շատ ավելի կապված կլինեն Հայաստանի ներքին կյանքին, քան արտաքին քաղաքականությանը:
Նույնիսկ Հայաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկրում աղքատությունն աճել է: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի բնակչության 36 %-ը՝ 1.2 մլն հայ, ապրում է աղքատ: Հայաստանի երեխաների 40 %-ը ապրում է աղքատության մեջ:
«Սա պետք է առաջնահերթ խնդիր լինի ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև մտահոգության առարկա՝ հայկական սփյուռքի համար: Քանի որ հարստության և ունեցվածքի բևեռացումն աճում է, աղքատության աճը շատ ավելի վիրավորական է դառնում»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Հայաստանի պետության համար մեկ այլ կարևոր վտանգ է այն, որ օլիգարխները չեն վճարում հարկեր: Բիզնեսի ոլորտում օլիգարխների հետաքրքրությունները կանխում են Հայաստանի տնտեսության մեջ մրցակցությունը և սահմանափակում օտար ներդրումները:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով՝ անհանգստության տեղիք է տալիս երկու կոնկրետ օրինակ: Մեկն այն է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը միլիոնավոր դոլարներ արժեցող հյուրանոց է կառուցում Գյումրիում այն դեպքում, երբ քաղաքը դեռևս չի հաղթահարել երկրաշարժի հետևանքները և չի ավարտել շինարարական աշխատանքները:
Երկրորդ օրինակը սփյուռքահայ գործարար, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանի (Հարությունյանի) կալանավորումն էր: «Մտահոգությունը ոչ թե կոնկրետ նրա գործն է, այլ այն, թե ինչպես է նրա գործն իրականացվել: Սա շատ բացասական հաղորդագրություն է ուղարկում սփյուռքի և աշխարհի ներդրողներին, որ Հայաստանը հարմար տեղ չէ ներդրումներ կատարելու համար»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Մտահոգությունների տեղիք է տալիս և այն, որ Հայաստանի ՀՆԱ-ի 13%-ը կազմում են արտերկրում աշխատող հայերի դրամական փոխանցումները, և որ կառավարության ընդունած 2012-ի բյուջեն հիմնված է այն կանխատեսման վրա, որ Հայաստանի տնտեսությունը առնվազն 4%-ով կաճի մյուս տարի: Բյուջեն նաև խոստանում է ապահովել 1.1 մլրդ դրամի նոր հարկեր:
«Այսպիսի նոր հարկեր գանձելու միակ ճանապարհն է մարտահրավեր նետել օլիգարխներին: Այս առումով սա քաղաքական կամքի հարց է և Հայաստանի կառավարության համար իրական մարտահրավեր կլինի: Դեռևս պարզ չէ, թե ով կհաղթի՝ օլիգարխնե՞րը, թե՞ կառավարությունը: Օլիգարխները դարձել են այնքան հզոր և այնքան են ներգրավվել համակարգի մեջ, որ այժմ իրենք իրենցով վտանգում են պետությունը»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել