
Եվրասիական հանձնաժողովում քննարկվել է ապրանքների միասնական մակնշման համաձայնագիրը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում օրերս քննարկվել է ԵԱՏՄ անդամ երկրներում ապրանքների միասնական մակնշում ունենալու վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում:
Դրանով պետք է նույնականացվեն ԵԱՏՄ տարածքում շրջանառվող մի շարք ապրանքատեսակների մակնշումներ: Թե կոնկրետ որ ապրանքներին է վերաբերելու համաձայնագիրը, հստակեցված չէ:
Հայտնի է, որ այդ ցուցակի մեջ չեն ներառվելու ԵԱՏՄ սահմաններից դուրս արտահանման նպատակով մաքսային հսկողության տակ պահվող ապրանքները, ինչպես նաև՝ օտարերկյա հումանիտար և միջազգային տեխնիկական օգնությունների շրջանակներում ուղարկվող ապրանքները:
Համաձայնագրի նպատակն է՝ որոշել մակնշման համար անհրաժեշտ միասնական սկզբունքներն ու մեխանիզմները: Բացի ապրանքների՝ նույնականացված միասնական մեթոդներով մակնշումից, ստեղծվելու է նաև միասնական գրանցամատյան, որտեղ ներառվելու է դրանց մասին ողջ տեղեկությունը:
Միասնական մակնշման վերաբերյալ համաձայնագիրն ընդունվելու է հանձնաժողովի կողմից մինչև 2017թ-ի վերջ:
ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչները նաև սահմանելու են նույնականացման միջոցների հաշվառման կարգը, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում ձևավորվելու են գրանցամատյաններ և սահմանվելու են պահանջներ այն պահեստների նկատմամբ, որտեղ պահվելու են մակնշման ենթակա ապրանքները:
Հստակեցվելու է նաև, թե արտադրողները ինչպիսի տեղեկություններ և ինչ ժամանակահատվածում պետք է տրամադրեն համապատասխան հանձնաժողովին, որպեսզի իրականացվի իրենց ապրանքի նույնականացված մակնշումը:
Մեկնաբանել