
Արմեն Մովսիսյանն իր սխալի համար գրպանը չի դատարկի. դրա համար պետբյուջե կա
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի 2009թ. մարտին «Սիփան-1» ՍՊԸ-ին զրկել է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայից՝ պատճառաբանելով, որ ընկերությունը լիցենզային պայմանագիրը նախատեսված ժամկետներում չի կնքել: Մինչդեռ նշված ժամկետն իրականում չէր լրացել:
Հենց այս հիմքով էլ Վճռաբեկ դատարանը Արմեն Մովսիսյանի նշյալ հրամանը համարեց անվավեր: Սակայն նախարար Մովսիսյանը կարճ ժամանակ անց նույն՝ ապօրինի ճանաչված հրամանն արձակեց երկրորդ անգամ եւ «Սիփան-1»-ին կրկին զրկեց Լիճքվազ-Թեյի հանքարդյունահանման լիցենզիայից:
Սիլվա Համբարձումյանը, ում պատկանում է «Սիփան-1»-ը, ստիպված նորից դիմել է վարչական դատարան, բայց ուշագրավն այն է, որ գործը դեռ դատարանում՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը հանել է աճուրդի, եւ այն ձեռք է բերել «Սագամար» ընկերությունը: Դրանից հետո նույն հիմքերի առկայությամբ սկզբում վարչական դատարանը, այնուհետեւ նաեւ վերաքննիչը համարել են, որ նախարարի հրամանն օրինական է: Գործարար Համբարձումյանն էլ, նախարար Մովսիսյանի արարքները որակելով խուլիգանություն, արդեն հայտարարել է, որ գործը հասցնելու է Եվրադատարան:
«Հետքն» այսօր նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, որ եթե Եվրադատարանը, այնուամենայնիվ, իր հրամանը անօրինական ճանաչի եւ վճռով Հայաստանին պարտադրի փոխհատուցել գործարարին, նախարարը պատրա՞ստ է փոխհատուցվելիք գումարը սեփական գրպանից վճարել, թե՞ այն կմնա հարկատուներիս՝ պետբյուջեի վրա:
«Մենք ամեն ինչ արել ենք օրենքի պահանջների եւ պայմանագրի համաձայն»,- ասաց նախարարը:
«Վճռաբեկ դատարանն արդեն իսկ Ձեր հրամանը անհիմն է համարել, ընդ որում՝ այդ որոշումը հրապարակման պահից ստացել էր օրինական ուժ: Բայց հարցն այլ էր, պարոն նախարար. եթե Ձեր հրամանի պատճառով գումարային հարցեր առաջ գան, Ձեր գրպանից կվճարե՞ք»,- շարունակեց «Հետքը»:
«Ես չեմ պատկերացնում, որ Եվրադատարանը նման որոշում կկայացնի, որովհետեւ մենք բոլոր հիմքերն ունեցել ենք»,- եզրափակեց նախարար Մովսիսյանը:
Մեկնաբանել