
Աղունը ՀՀ քաղաքացի չէ` բոլոր առումներով (վիդեո)
Աղունն իր 4 երեխաների հետ ապրում է Աբովյան քաղաքում, ուր գնալու համար նստում ես դեղին աղմկոտ ավտոբուսը, իսկ քաղաք հասնելուն պես խնդրում ես վարորդին` պահել ծննդատան մոտ:
Աղունը հասցե չունի, նրան գտնելու համար պետք է հարցնել. «Աղունին գիտե՞ք, ով 4 երեխա ունի եւ տուն չունի. այս կողմերում է ապրում»:
Բոլորը զարմանում են Աղունի մասին լսելիս: «Արդյո՞ք կա ինչ-որ մեկը, որ հետաքրքրվում է Աղունով»,- այս արտահայտությունը կարելի էր կարդալ բոլոր հարցվածների դեմքերին: Նրանցից ոմանք նույնիսկ զգուշացրին` չշփվել նրա հետ: «Ի՞նչ գործ ունես Աղունի հետ, գիժ ա, գործ մի ունեցի»,- ասաց երիտասարդ մի տղա` ցույց տալով շենքերից այն կողմ երեւացող փոքրիկ բլրակը:
Բլրակի վրա թափթփված փոքրիկ, երկաթե վագոն-տնակներին նայելիս մտքովդ չի կարող անցնել, որ այնտեղ մարդիկ են ապրում: Վառված կոշիկների հոտը սկզբում ներխուժում է քիթդ, հետո տարածվում մազերիդ ու հագուստիդ վրա: Աբովյանի վագոն-տնակների թաղամասի բնակիչները «տունը» տաքացնելու համար կոշիկներ են վառում:
Ամենափոքր եւ ամենաանհրապույր վագոնից լսվում է Աղունի ձայնը: Նա բացում է դուռն ու լարված աչքերով զննում հյուրին` փոքր-ինչ զարմանալով, որ իր դուռն էլ ծեծող կա: Ամեն մարդ չէ, որ կհամարձակվի ներս մտնել դռնից` տեսնելով ներսի խառնաշփոթն ու Աղունի զննող, փոքր-ինչ ագրեսիվ հայացքը:
Ներսում մոտ 3 տարեկան փոքրիկ տղան քչփորում էր աղբ հիշեցնող մի տարա, հանում արեւածաղկի մնացորդներն ու ուտում: Պատերի գույնը դժվար էր որոշել. ընդհանրապես, տան իրերը նույն գույնն ունեին` այրվող կոշիկի եւ ծխախոտի ծխով ներկված: Աղունը փորձում էր առաջարկել նստել, բայց ինքն էլ հասկացավ, որ նստելու տեղ չկա: Բազմոցին կոլոլված էին ծխագույն վերմակներն ու սեւացած բարձերը:
Քայլելու տեղ անգամ չկար. գետնին կոտրած ափսեներ ու բաժակներ էին թափված:
Աբովյանի սոցիալական ծառայության տարածքային վարչության 4-րդ միկրոշրջանի տեսուչ Հռիփսիկ Այդինյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Աղունը` Աղավնի Ներսիսյանը, իրականում ոչ անձնագիր եւ ոչ էլ հաշվառում ունի. «Ես ինքս եմ նրան հաշվառել իմ աշխատասենյակի վրա, որպեսզի կարողանամ նպաստ նշանակել, այլապես նպաստ էլ չէր կարող ստանալ»:
Աբովյանցիներն Աղունին հաճախ են տեսնում քաղաքի փողոցներում մուրալիս: Նրա հարեւաններից մեկը նշեց, որ նա մուրացկանության է ուղարկում նաեւ երեխաներին. «Ամբողջ օրը սրա-նրա դուռն ընկած` փող են մուրում էս ցրտին»,- նշեց հարեւանուհին: Աղունը, սակայն, հավատացնում է, որ երեխաներին դպրոց է ուղարկում, փորձում է անել հնարավորը, որ նրանք կիրթ մարդիկ մեծանան. «Ես ամեն ինչ անում եմ էրեխեքիս համար: Իրենց ուղարկում եմ դպրոց, ես էլ գնում եմ, շիշ ա, բան ա, հավաքում եմ, որ մի ձեւով հաց առնեմ, էրեխեքիս կերակրեմ: Ես իմ էրեխեքին չեմ թողնում աշխատեն. իրենք իրենց դասերով»,- ասում է Աղունը:
Տեսուչ Հռիփսիկ Այդինյանը, սակայն, հերքում է Աղունի խոսքերը. «Երեխաներին դպրոց չի ուղարկում, սուտ է ասում: Ինքն, ընդհանրապես, շատ է ստում տարբեր մարդկանց մոտ: Բազմիցս արտասահմանից լրագրողներ են եկել, հետաքրքրվել են նրանով: Նույնիսկ ներքին գործերից անցյալ տարի երեխաներին տարել են Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, բայց փախան, հետ եկան: Ոչ մի կերպ հնարավոր չի ազդել էդ կնոջ ապրելակերպի վրա»,- նշում է տեսուչը:
Սոցիալական ծառայության տեսուչները փաստում են նաեւ, որ Աղունն Աբովյանի 4-րդ միկրոշրջանի 1-ին շենքում 3 սենյականոց բնակարան է ունեցել, որը վաճառել է մոտ 3 տարի առաջ. «Դե վաճառելը ո՞րն ա, էնքան պարտքեր ա ունեցել, ձեռքից վերցրել են, էլի: Դեռ էն ժամանակ, երբ տուն ուներ, էլի այդ նույն կերպ էր ապրում. պատերը կեղտից սեւացել էին: Երեւի մի քանի տարի է` ոչ ինքը, ոչ էլ երեխաները չեն լողանում,- ասում է տեսուչ Սոս Ալոյանն ու շարունակում,- ես ապրում եմ Աղունենց դոմիկի դիմացի շենքում: Երեխաներն ամռանն օրեկան 5-6 հատ 200 դրամանոց պաղպաղակ էին ուտում: Վերջին երեխային ունենալիս միանվագ նպաստ ստացավ, պլազմային հեռուստացույց գնեց, բայց երեւի դա էլ է վաճառել: Աղունի խնդիրը ֆինանսականը չէ. ուղղակի իր խելքից տուժում է»,- ասում է Սոս Ալոյանը:
Աղունն իր հերթին այդ վիճակի համար մեղադրում է պետությանը` նշելով, որ ամսական 41 հազար դրամով չի կարող 4 երեխայի մեծացնել. «Ինձ մեծ բան պետք չէ, ընդամենն ուզում եմ` մի հատ գործ տան, աշխատեմ, էրեխեքիս պահեմ: Էշություն էլ կանեի, միայն թե իմանայի` իմ էրեխեն կուշտ կուտեր: Ինչքան կարողանում եմ, անում եմ: Ավելի լավ է մնան կողքիս, կուշտ ուտեն, քան թե գնան մանկատուն»,- բացատրում է Աղունը:
Ինչպես ինքն է նշում` տարիներ առաջ աշխատել է Աբովյանի կոշիկի ֆաբրիկայում, իսկ հիմա իրեն ոչ ոք աշխատանքի չի վերցնում: Աղունի ամուսինը թողել-գնացել է Ռուսաստան, ինչի մասին սոցաշխատողները չգիտեին: Նոր ընկերոջ կարիք Աղունը չունի, «կուշտ է բոլորից». «Ինչի՞ս ա պետք, ավել ջարմա՞ գլխիս անեմ: Ավելի լավ ա իմ մի կտոր հացը ստեղծեմ, էրեխեքիս ուտացնեմ, քան թե ընկեր խաղացնեմ»,- վրդովվում է Աղունը:
Երեխաները հաճախ են հարցնում` իրենց հայրն ուր է, իսկ Աղունը պատասխանելու փոխարեն թաքցնում է արցունքները. «Տղես 11 տարեկան ա, հարցնում ա` մամա, պապան ո՞ւր ա: Ես էլ պատասխանել չեմ կարողանում, ստիպված աչքերս լցնում եմ, գլուխս մտցնում վերմակի տակ, որ էրեխեքս արտասվելիս չտեսնեն: Ամբողջ գիշեր վերմակը գլխիս քաշած` լացում եմ»,- հուզվում է Աղունը:
Աղունն անտարբերության է մատնված թե’ համաքաղաքացիների եւ թե' պետության կողմից: Չնայած սոցաշխատողներն արդեն անցել են վերապատրաստման կուրսերը եւ լսել են նման սոցիալական իրավիճակում գտնվող անձանց հասարակությունում ինտեգրելու մասին, նրանք դեռեւս շարունակում են «բոմժ» անվանել Աղունին:
Հարցիս, թե ո՞վ պիտի զբաղվի Աղունին եւ նրա երեխաներին հասարակությանն ինտեգրելով, եթե ոչ` սոցիալական ծառայությունը, տեսուչներ Հռիփսիկ Այդինյանն ու Սոս Ալոյանը միաբերան պատասխանեցին, թե իրենց գործը միայն «նպաստ նշանակելն է»:
Աբովյանի քաղաքապետարանի սոցիալական բաժնի պետ Արամ Զաքարյանը նույն հարցիս պատասխանեց. «Մենք կապ չունենք. մենք սոցիալական ծրագրեր ենք իրականացնում»: «Իսկ Աղունի ընտանիքը սոցիալական որեւէ ծրագրում ընդգրկվելու ենթակա չէ՞» հարցին Զաքարյանը պատասխանեց. «Չէ, մենք ասֆալտապատմամբ, քաղաքի հետ կապված հարցերով ենք զբաղվում»:
Աղունը նույնիսկ Հայաստանի Հանրապետության անձնագիր եւ հաշվառում չունի: Աբովյան քաղաքի անձնագրային բաժնի պետն այս առնչությամբ նշեց. «Աղավնի Ներսիսյանը եկել, ասել է` անձնագիր չունեմ, մենք նրան չե՞նք տվել: Թող գար, ասեր` վագոն-տնակում եմ մնում, այնտեղ էլ կհաշվառվեր եւ անձնագիր կստանար»:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել