
Խանութները շարունակում են մանրածախ առևտրի հիմնական ծավալն ապահովել
2017թ.-ի հունվար-օգոստոսին, համեմատած 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի հետ, մանրածախ առևտրի ծավալը աճել է 6 %-ով: Մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 804 միլիարդ դրամ: Սա այդ ամիսների ընդհանուր առևտրաշրջանառության 51%-ն է:
Մանրածախ առևտրի մոտ 79%-ը ապահովել է խանութներում արված առևտուրը: ԱՎԾ տվյալներով՝ խանութներում 2017թ.-ի առաջին ութ ամիսներին, 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, մոտ 8%-ով ավելի առևտուր է արվել: Մնացած առևտրի օբյեկտները մինչ 5% բաժին են ունեցել մանրածախ առևտրի ընդհանուր շրջանառությունում:
Մանրածախ առևտրի օբյեկտներից խանութներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արված առևտուրն է աճել, իսկ կրպակներում ու սպառողական ապրանքների շուկաներում, 2016թ.-ի համեմատությամբ, առևտուրն անկում է ապրել:
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի ծավալի աճը նաև կարելի է պայմանավորել այն հանգամանքով, որ ամռան ամիսներին Մաշտոցի պուրակի տարածքում և Կասյան փողոցում բացվել էին գյուղմթերքի տոնավաճառներ, որտեղ վաճառվում էր հենց գյուղացիների աճեցրած արտադրանքը՝ առանց վերավաճառողների միջնորդության:
Պաշտոնական վիճակագրությամբ՝ մանրածախ առևտուրը աճել է 2017թ.-ի բոլոր ամիսներին: Այդ ամիսներին մինչև 10 տոկոսանոց առևտրի աճի ցուցանիշ է գրանցվել:
Մանրածախ առևտուրը ամեն ամիս է աճել: Առևտրի այդ տեսակի համար լավագույն շրջանը մայիսից է սկսվել, երբ շրջանառությունը սկսել է գերազանցել 100 միլիարդ դրամը:
Հիշեցնենք, որ 2017թ.-ի հունվար-օգոստոսը առևտրաշրջանառության համար ակտիվ շրջան է եղել։ Տարվա առաջին ութ ամիսներին առևտրաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան տրիլիոն 565 միլիարդ դրամ։ 2016թ.-ի նույն ամիսների համեմատությամբ՝ այս ցուցանիշը աճել է 12%-ով։
Մեկնաբանել