
«Կով պահող նկարչության ուսուցչի մոտ ո՞վ կգա, քաղաք կգնան»,- ասում է Եղեգիս տեղափոխված նկարիչը
«Ես սիրում եմ Երևանը, բայց այնտեղ ապրելը չեմ սիրում»,-ասում է նկարիչ Սոս Բաբումյանը: Հետո պատմում է, թե ինչպես է կնոջ հետ Երևանից տեղափոխվել Վայոց ձորի Եղեգիս գյուղ ու սկսել զբաղվել անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ: «Մարդիկ մտածում են, որ Երևանում ամեն ինչ լավ է, կյանքը բարեկեցիկ է: Ինձ համար էստեղ ավելի բերեկեցիկ է»,-ասում է նկարիչը: Հետո ավելացնում է. «Սովորելու տարիներին էլ սիրում էի գյուղը, ես էլ եմ գյուղում ծնվել, բայց երբ երիտասարդ ես, ուզում ես քաղաք գնալ»:
«Պատուհանից դուրս ես նայում, տեսնում ՝ ծառը ծաղկել է. ի՞նչը կարող է ավելի շատ հուզել մարդուն»: (ժպտում է-հեղ.):
Նկարիչը եղել է Հակոբ Հակոբյանի կրտսեր ընկերը: Հիշում է, թե ինչպես են միասին գյուղերով, տեսարժան վայրերով շրջագայել ու նկարել: Հիմա ասում է, երկար ճանապարհ անցնելու կարիք չկա, տնից դուրս գալով՝ կարելի է նկարել. «Թղթերս վերցնում եմ, գնում ձորը: Հիմնականում վրձինով եմ նկարում, հետո տանը յուղանկարներ անում»:
Տան անկյուններում նկարչի աշխատանքերն են, կտավները, վրձինները, ներկերը: Պատից կախված է նկարչի նոր և մի քանի տարի առաջ պատկերված կտավները:
Շրջանակի մեջ քսան տարի առաջ արված կնոջ դիմանկարն է, փակցված է սենյակի կենտրոնական պատից: Նկարչի կինը՝ Գոհար Եդիգարյանը հիշում է՝ ուսանող տարիներին է նկարել: Ասում է՝ ինքը Սոս Բաբումյանի առաջին բնորդուհին է եղել. «Նստեցնում էր ժամերով, ասում ՝ մի շարժվի: Ես էլ հոգնում էի, բայց լուռ նստում»:
Տիկին Գոհարը մասնագիտությամբ դաշնակահար է, ասում է, որ երբ գյուղում տուն են գնել, նպատակը որպես ամառանոց օգտագործելն է եղել: «Ուզում էինք մի տեղ լիներ, ամառները գայինք, հանգստանայինք, Սոսն էլ նկարեր: Հետո Սոսը որոշեց էստեղ մնալ, ես էլ համաձայնեցի»,-պատմում է Գոհարը:
Հիմա նկարիչն ունի սեփական այգի՝ խնձորի, տանձի, ընկույզի ծառերով, ազնվամորու, լոլիկի թփերով: Պատմում են, որ բերք մշակելու համար գրքեր են կարդում, խորհուրդներ լսում տեղացիներից: Նկարիչն ասում է, որ աշխատող մարդը գյուղում արագ կկարողանա հարստանալ. «Հողը բերրի է, ձմռանը ձյան վրա լավ երևում են ծառերից թափված շագանակները, բայց բերքը իրացնելն է դժվար»:
[gallery id= 606]
Բացի հողագործությունից, ընտանիքը նաև մեղուներ, նապաստակներ ու կովեր է պահում: Զույգի լավագույն ընկերն իրենց շունն է: Սոս Բաբումյանը մեղվի փեթակներ գնելով շատ է ուրախացել, հետո պարզել է, որ մեղվի խայթոցից ալերգիա ունի. աշխատանքը վստահել է կնոջը:
Սոս Բաբումյանը գյուղում նկարչության դասեր է տվել, բայց չի շարունակել: «Կով պահող նկարչության ուսուցչի մոտ ո՞վ կգա, քաղաք կգնան»,-ծիծաղով ասում է նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել