
«Արմավիր» ՔԿՀ-ի պետը 8 միլիոն դրամից ավելի արժողության ոսկյա զարդեր ունի
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը ոսկյա զարդերի սիրահար է: Տիգրան Նավասարդյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել է այն գույքն ու եկամուտը, որն ունեցել է այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ: Մինչ այդ ՔԿՀ-ի պետը չէր համարվում հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ, սակայն «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությունից հետո քրեակատարողական հիմնարկների ղեկավար կազմը ևս պետք է հայտարարագրի իր ունեցվածքը:
Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Տիգրան Նավասարդյանն ունի 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ոսկյա զարդեր: Օրենքով սահմանափակված է և քաղաքացիներին հասանելի չէ այն տեղեկատվությունը, թե կոնկրետ քանի միլիոն դրամի կամ համարժեք արտարժութային արժեքի ոսկյա զարդեր ունի պաշտոնյան և ինչ ոսկա զարդեր են:
«Արմավիր» ՔԿՀ-ի պետը հայտարարագրել է նաև 3 անշարժ գույք՝ 1 բնակարան և 2 հողամաս:
Ունի նաև TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 L մակնիշի մարդատար ավտոմեքենա:
Քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանի եկամուտը գոյացել է միայն աշխատավարձից, որը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 1 միլիոն 926 հազար դրամ:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա հայտարարագրել է 7 միլիոն 300 հազար դրամ, 5700 ԱՄՆ դոլար և 250 հազար ռուսական ռուբլի:
Նշենք, որ Տիգրան Նավասարդյանը մինչ այդ զբաղեցրել է նաև «Նուբարաշեն» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնները: Նա քրեակատարողական համակարգում է մոտ երկու տասնյակ տարի: Նրա եղբայրն էլ՝ Արսեն Նավասարդյանը, զբաղեցնում է արդարադատության նախարարության Պրոբացիոն ծառայության պետի պաշտոնը:
Մեկնաբանել