
Սարդարապատի համայնքապետարանի աշխատակիցների համար աշխատանքային օրն ավարտվում է կեսօրին
Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի աշխատակիցների համար ոչ պաշտոնապես աշխատանքային ժամ է սահմանվել առավոտյան ժամը 9-14-ը: Դրանից հետո դուռը կողպված է, եւ գյուղացիների ասելով` աշխատակիցներին պետք է փնտրել իրենց տներում:
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ին, երբ Սարդարապատում էինք, համայնքապետարանի շենքի դուռն արդեն կողպված էր: Համայնքապետ Բաբկեն Վարդանյանը տանն էլ չէր, եւ նրա որդին զանգահարեց համայնքապետի աշխատակազմի քարտուղար Գեղամ Մխիթարյանին, որպեսզի վերջինս «գնա գրասենյակ եւ մեզ այնտեղ ընդունի»:
Գեղամ Մխիթարյանն ասաց, թե համայնքապետարանի բոլոր աշխատակիցները գյուղացիների տներում շրջում են, որպեսզի հարկերը հավաքեն կամ զգուշացնեն, որ մինչեւ ամսվա վերջ վճարումները կատարեն, այդ իսկ պատճառով աշխատասենյակներում չեն: Աշխատակազմի քարտուղարը թեեւ չգիտեր ոչ իրենց բյուջեի, ոչ էլ դոտացիայի չափը, սակայն հավաստեց, թե բյուջեն արդեն 90%-ից ավել են կատարել:
Սարդարապատում հարկահավաքության մեթոդն անցել է նույնիսկ օրենքով թույլատրելի սահմանը: Համայնքապետարանի շենքում 2 տեղ փակցված է հետեւյալ հայտարարությունը. «Այն բնակիչները, ովքեր չեն վճարել հողի հարկի, խմելու ջրի եւ գույքահարկի վարձավճարները, համայնքապետարանը նրանց ոչ մի փաստաթուղթ չի տրամադրի եւ ոչ մի գործարք չի կատարի»:
«Տարվա վերջ է, եթե գնացել տները մարդկանց համոզում ենք, որ բերեն հարկերը վճարեն, պարզ է, որ ըտենց մի բան պիտի լինի... Բայց որ գալիս են տեղեկանք ուզելու, տալիս ենք: Այս տարի էլ ծանր էր մեր գյուղացու վիճակը, 1050 հա ցանքատարածությունից 685 հա-ը կարկտահարվել էր: Հիմա մարդը գալիս է, ուզում է վարկ ստանա, Նոր տարի է, հազար ծախսեր կան, ո՞նց կարող ենք տեղեկանք չտալ»,- ավելացրեց Գ. Մխիթարյանը:
Ըստ նրան` վերջին տարիներին սարդարապատցիներն ավելի բարեխիղճ են դարձել եւ ժամանակին հարկերը վճարում են: Այս տարի կարկտից տուժածների համար կառավարությունը որպես օգնություն 50%-ով կրճատել է հողի վարձավճարները, իսկ ոռոգման ջուրը տրամադրվել է անվճար: Այնուամենայնիվ, գյուղում մոտ 100 հա հող չի մշակվել, քանի որ գյուղացիներն ի վիճակի չեն հողի վրա ներդրում կատարել:
Սարդարապատում հաշվառված է 6200 բնակիչ: Նրանցից 200-ը մշտական բնակության են մեկնել արտերկիր, իսկ մոտ 100 մարդ ամեն տարի ժամանակավոր աշխատանքի է մեկնում Ռուսաստան: Գեղամ Մխիթարյանը հավաստիացնում էր, թե իրենց գյուղում որեւէ խնդիր չկա, ամեն ինչ կարգին է, սակայն հարցերի միջոցով պարզվեց, որ Սարդարապատն այնքան էլ «երազանքների գյուղ» չէ:
Գյուղն ունի քառամյա զարգացման ծրագիր, բայց աշխատակազմի քարտուղարն ասաց, թե այն իր մոտ չէ: Հետո էլ չհիշեց, թե ինչ խնդիրներ են թվարկված ծրագրում: Գ. Մխիթարյանը պատճառաբանեց, թե ինքը 4 ամսվա աշխատող է, եւ ծրագիրն էլ ընդունվել է ավելի շուտ, ինքը քննարկմանը մասնակից չի եղել, այդ իսկ պատճառով լավատեղյակ չէ:
Նա առանձնացրեց միայն գյուղի խմելու ջրի ցանցի անմխիթար վիճակը, որի բարեկարգումը ներառված է զարգացման ծրագրում: «Մեր ամենամեծ խնդիրը խմելաջուրն է: Գծերը շատ հին են, պոմպերի օգնությամբ ենք ջուրը հասցնում բնակչին: Էլեկտրաէներգիայի ծախսը շատ է, բայց արդյունքում ջրի կորուստն է շատ, որակն էլ շեղումներ ունի: Եթե վթար է լինում, վերանորոգում ենք, բայց ջրագիծ փոխել չենք կարող: Գծերը փոխելու ցանկություն ունենք, բայց միայն մեր բյուջեով անհնար է: Պետության աջակցությունը պիտի լինի: Նախահաշիվ չունենք, բայց մեծ գումարներ են»,- ասում է Մխիթարյանը:
Սարդարապատում լուսավորված է միայն գլխավոր ճանապարհը, մնացածի համար դեռ գումար չկա: Մշակույթի տունը պետբյուջեի միջոցներով եւ համայնքի համաֆինանսավորմամբ մոտ 3 տարի առաջ վերանորոգվել է, սակայն կահավորանքի համար նույնպես գումար չի գտնվում: Գյուղն ունի մանկապարտեզ, որտեղ հաճախում է մոտ 100 երեխա: Աշխատակազմի քարտուղարի ասելով` դպրոցի շենքը գերազանց վիճակում է եւ լոկալ ջեռուցում ունի: Ըստ Գ. Մխիթարյանի՝ ասֆալտապատումը նույնպես իրենց ուժերից վեր է, սակայն որոշ փողոցներ խճապատել եւ հարթեցրել են:
Թեեւ համայնքապետարանի առաջին հարկում տեղադրված էր տեղեկատվական ցուցանակ, սակայն այնտեղ ոչ ավագանու որոշում կար փակցված, ոչ բյուջեի կատարողական, ոչ էլ որեւէ այլ հաշվետվություն: Փոխարենը ցուցանակից քիչ հեռու, տեսանելի վայրում փակցված էին «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության ցուցատախտակը եւ տեղեկատվական թերթիկները: Հավանաբար, այդ քարոզչության արդյունքում է 1300 տնտեսություն ունեցող գյուղում 1100-ը վարկառու դարձել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել