
էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը բողոքարկել է Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի օգտին Վարչական դատարանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք՝ անցյալ տարվա օգոստոսին նախարարության աշխատակազմի Ընդերքի պետական տեսչության աշխատակիցները ստուգումներ էին իրականացրել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում՝ ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների կատարման և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները ստուգելու նպատակով:
Նախարարության աշխատակիցները պարզել էին, որ ընկերությունը սխալ է հաշվարկել մարված պաշարները՝ մարելով 4064,46 կգ ոսկի, այնինչ պետք է մարվեր 4617,36 կգ ոսկի։ Ստուգողների կողմից տարբերություն էր հայտնաբերվել 48193 տոննա հանքաքարի և 553 կգ ոսկու տեսքով: Այլ խախտումներ ևս հայտնաբերվել էին:
Ակտի վերաբերյալ, վերադասության կարգով, ընկերությունը վարչական բողոք էր ներկայացրել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին։ Լսումներ իրականացնելու համար ստեղծվել էր հանձնաժողով, որին նախարարը հրամայել էր իրականացնել վարչական վարույթ: Ընկերության հիմնավորումները հիմք չէին ընդունվել, և բողոքը մերժվել էր: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Վարչական դատարան հայց էր ներկայացրել:
Ընկերությունը դատարանին խնդրել էր վերացնել (անվավեր ճանաչել) էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության 26.09.2016թ. ստուգման ակտը և նախարար Աշոտ Մանուկյանի 15.12.2016թ. հրամանը:
Դատավոր Արծրուն Միրզոյանն ամբողջությամբ բավարարել էր «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի հայցը և վերացրել (անվավեր ճանաչել) էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության ակտը և նախարարի հրամանը:
Վարչական վերաքննիչը, դատավոր Արթուր Առաքելյանի նախագահությամբ, վարչական ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու մասին նախարարության բողոքը վարույթ է ընդունել օգոստոսի 30-ին, սակայն դատական նիստը նշանակվել է 2018թ. փետրվարի 8-ին:
Լուսանկարում` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն է
Մեկնաբանել