
Գումբուրդո 2017. ջավախքցին անտեր է մնացել իր սեփական տան, հողի, եկեղեցու ու իրավունքների հետ միասին
Գուրգեն Շիրինյան
Մի քանի օր է՝ ինչ հետևում ենք Ջավախքի հայաբնակ գյուղերից մեկի` Գումբուրդոյի դեպքերին և դրան հաջորդող վերլուծություններին ու մեկնաբանություններին: Ասեմ, որ ամեն ինչ նույնն է, ոչ մի բան չի փոխվել: Կոնկրետ Գումբուրդոյի թեմայով՝ նույն սադրանքի ձևերը, նույն դեմքերը, նույն նախադասությունները, նույն մոտեցումները: Մի խոսքով, ամեն ինչ նույնն է, ինչպես ասում է Մեսչյանը՝ նույն քաղաքն է, նույն կանգառը` նույն բոզերը անկյունում:
Գրեթե միշտ, երբ Ջավախքում մոտենում են ընտրությունները, լինում է սադրանք` ազգային հողի վրա: Եվ ամեն անգամ պետության ու ժողովրդի միջև իբր թե միջնորդները լինում են գրեթե նույն խամաճիկները:
Մեխանիզմը հետևյալն է՝
- հրահրել կոնֆլիկտ ազգային հողի վրա,
- հրահրել կոնֆլիկտ ժողովուրդ և ուժային կառույցների մասնակցությամբ (կորուստներով կամ վիրավորներով)
- ձերբակալություն,
- սուտ միջնորդություն,
- և Բինգո. պաշտոնը և աթոռը պատրաստ է:
Միշտ, երբ Ջավախքում խնդիրներ են առաջանում ազգային հողի վրա ոչ մի դրական քայլ չի կատարվում այն լուծելու համար: Փոխարենը՝ մի քանի տասնյակ մեկնաբանություններ, վերլուծություններ ու վերջ: Մի բարձրաստիճան պաշտոնյա էլ ՀՀ-ից կհայտարարի, որ հայ-վրացական եղբայրությունը հավերժ է, ու վերջ: Կտուժի ո՞վ, ջավախքցի ժողովուրդը, իսկ մի որոշ ժամանակ անց՝ Հայաստանի Հանրապետությունը:
Գումբուրդո…
Վերանորոգում են եկեղեցին: Վստահ ասում եմ` Վրաստանը չի վերանորոգում, այլ հայոց հետքերն է վերացնում: Դա արել են Թբիլիսիի հայոց եկեղեցիների հետ: Դա արել են Ախալցխայի հայոց եկեղեցիների հետ և նույնն անում են Ջավախքի հայոց եկեղեցիների հետ:
Ինչն է հետաքրքիր, որ այս խառնաշփոթը մոռացավ, և բոլորը խոսում են, որ երկու հայ և վրացական հոգևոր կենտրոները պիտի որոշեն խաչքարի տեղադրման ու բացման հարցը՝ ընդհուպ հարցը կհասնի մինչև կաթողիկոսներ: Մի բան է անհասկանալի, քրիստոնյա մարդը քրիստոնյա երկրում որպեսզի գերեզմանին տեղադրի քրիստոնեական նշանը` Խաչը, պիտի ոչ թե կաթողիկոսի, այլ կաթողիկոսների որոշումը ու դրանից բխող թույլտվությո՞ւն ստանա: Զարմանալի է:
Ինչու, երբ ջավախքում ինչ-որ անմարդկային ու անբարոյական կառույցներ են ստեղծվում ու բացում, չգիտես ինչու թույլտվությունը միանգամից տրվում է և օրենքով:
Բա որ ժողովրդին մահակներով ծեծում են նրա համար, որ մարդիկ ուզում են մտնեն եկեղեցի՝ մոմ վառելու, ո՞վ է պատասխան տալու:
Կամ որ հանգուցյալների աճյուններն են հանում ու մի կողմում լցնում, բա այդ սրբապղծությանն ո՞վ պիտի պատասխան տա:
Ժողովրդի վրա զենք են քաշում՝ անզեն ժողովրդի, դրա պատասխանն ո՞վ է տալու:
Ափսոս՝ ջավախքցին անտեր է մնացել՝ իր սեփական տան, հողի, եկեղեցու ու իրավունքների հետ միասին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել