
«Ինգո Արմենիա»-ն «փակել էր տվել» Գառնիի հեթանոսական տաճարը
Շաբաթ օրը` սեպտեմբերի 30-ին, առավոտից ոստիկանական մեքենաները փակել էին Գառնիի հեթանոսական տաճար տանող ճանապարհը: Բոլորին ասվում էր, որ միջոցառում է տեղի ունենալու տաճարում, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը նշում է իր հիմնադրման 20-ամյակը: Զբոսաշրջիկներին Գառնի բերած ավելի քան 50 ավտոբուսի գյուղի խաչմերուկից թույլ չտրվեց առաջ անցնել:
Զբոսավարները շփոթված էին կատարվածից, զբոսաշրջային գործակալություններին չէին տեղեկացրել, որ տաճարի տարածքում միջոցառում է լինելու, եւ այդ օրը Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ է լինելու զբոսաշրջիկների համար: Այս իրավիճակը շարունակվեց մի քանի ժամ, որից հետո զայրացած զբոսավարները եւ զբոսաշրջային գործակալությունները ճանապարհը փակելու վերաբերյալ բացատրություն են պահանջել Գառնի համայնքի ղեկավարից: Համայնքապետը նրանց հայտնել է, որ իրենց նույնպես չեն տեղեկացրել միջոցառման մասին, առավել եւս` իրենց չեն դիմել գյուղի կենտրոնական հատվածը փակելու թույլտվություն ստանալու համար:
Համայնքապետի միջամտությունից հետո` կեսօրն անց, ոստիկաններն իրենց մեքենաները հեռացրին ճանապարհից, սակայն ոչ ոքի թույլ չտրվեց այդ օրը տաճար այցելել, այն դեպքում, երբ միջոցառումը երեկոյան էր տեղի ունենալու:
Դատելով Վահան Արծրունու համերգի եւ Թումանյանի թանգարանում բացված «Խավարում» խորագրով ցուցադրությունն արգելելու վերաբերյալ մշակույթի նախարարի եւ նախարարության ենթակա «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հայտարարություններից, թե հիշյալ միջոցառումները նախապես իրենց հետ համաձայնեցված չեն եղել, կարող ենք ասել, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն վաղուց էր նրանց հետ համաձայնություն ձեռք բերել:
Ինչո՞ւ մշակույթի նախարարությունը եւ իր ՊՈԱԿ-ը ժամանակին հարկ չեն համարել տեղեկացնել զբոսաշրջային կազմակերպություններին, որպեսզի նրանք այդ օրը հյուրերին Գառնի չուղեկցեն:
Զբոսավարներին հաջողվե՞ց աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներին բացատրել, թե ինչ կարեւոր դերակատարություն ունի մեր երկրի կյանքում այդ ապահովագրական ընկերությունը, պետական ինչ կարեւորության իրադարձություն է նրա 20-ամյակը, որի «փարթին» պետք է նշվի Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում: Նրանց հաջողվե՞ց բացատրել, որ Գառնիի հեթանոսական տաճարը լավ գումարի դիմաց «փակել է տվել» մի կազմակերպություն:
Մշակույթի նախարարությունն, իրենց տերմինաբանությամբ ասենք, ի՞նչ հանրահռչակեց այդ օրը, Գառնի այցելած զբոսաշրջիկներին համոզե՞ց, որ Հայաստանը զբոսաշրջային երկիր է հայտարարված:
Հ.Գ. Հաջորդ օրը` առավոտյան, զբոսաշրջիկներն արդեն տաճարում էին, սակայն ժամը 10:00-ին արգելոցի տարածքը դեռեւս մաքրված չէր աղբից, կերուխումի պարագաները նոր-նոր էին հավաքում:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել