
Բանտից անակնկալ վերադարձ. ազատվել է «Նոյեմբերի 5»-ի գործով Հայկ Հարությունյանը
Այսօր պայմանական վաղաժամկետ ազատմամբ տուն է վերադարձել Շանթ Հարությունյանի և մյուսների գործով 4 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Հայկ Հարությունյանը:
Հայկի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը, «Հետք»-ին հայտնեց, որ իր համար որդու ազատումն անակնկալ է եղել: Հայկը «Սևան» ՔԿՀ-ից ազատվելուն պես ընկերոջ ուղեկցությամբ փորձել է անակնկալ մատուցել: Եկել են Երևան, բայց մայրը տանը չի եղել, որոշել է գնալ քրոջ տուն. «Աղջիկս զանգահարեց կանչեց իր տուն, գնացի, դուռը բացեց Հայկը: Իսկապես անակնկալ էր, քանի որ մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, իր 44-ամյակին, գնացել էի տեսակցության, ոչ մի խոսակցություն, անգամ ակնարկ ազատության մասին չկար»,-պատմեց տիկին Լաուրան՝ բոլոր քաղբանտարկյալներին ցանկանալով ազատություն:
Նա մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, ազատամարտիկների ու նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող «Արծվաբույն» հիմնադրամի նախագահն է, եղել է Հանրային խորհրդի անդամ: Ազատազրկման վայրում Հայկը զբաղվել է ձեռքի աշխատանքով, փորագրությամբ:
Հայկ Հարությունյանը 2013-ի նոյեմբերի 5-ից զրկված է եղել ազատությունից: Այս գործով ազատություն է վերադարձել արդեն 3 քաղաքացի:
Հիշեցնենք, որ քաղաքական-հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» էր նախաձեռնել։ Սակայն Մաշտոցի պողոտայում տեղի էին ունեցել բախումներ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, ձերբակալվել 14-ին: Նրանց առաջադրվել էր խուլիգանության մեղադրանք: 12 քաղաքացի դատապարտել էին 1,6 -7 տարվա ազատազրկման, իսկ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Շանթ Հարությունյանը, մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) և դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Այս գործով տուժողներ ճանաչված ոստիկանները հիմնականում տուժել էին այնքանով, որ նրանց աչքերն էին մրմռացել: Այդպիսի ցուցմունք էին նրանք տալիս առաջին ատյանի դատարանում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել