
Ալավերդիում սպասում են պատասխան կրակոցների և մեղադրում Լոռու մարզի ոստիկանությանը
Երեկ Ալավերդիում հուղարկավորեցին սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ սպանված Գագիկ Մոսինյանին:
Հիշեցնենք, որ Գագիկ Մոսինյանը «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ վիրավորված Վահագն Աբգարյանի` հրազենային կրակոցներից սպանված արդեն 3-րդ թիկնապահն էր:
Լոռու մարզպետ, Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը երեկ իր մտահոգությունը հայտնեց ոչ միայն Երևանում՝ «Վերնիսաժի» տարածքում տեղի ունեցած միջադեպի, այլև վերջին տարիներին Ալավերդիում պարբերաբար կրկնվող սպանությունների կապակցությամբ: «Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում փնտրում է «Վերնիսաժի» մոտ կրակողներին. երբ նրանք կհայտնաբերվեն, կբացահայտվեն սպանությունների պատվիրատուներն ու պատճառները: Վստահ եմ` մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը: Սա պետք է ալավերդցիների վերջին հրազենային կրակոցը լինի»,- «Հետք»-ի հետ զրույցում վստահեցրեց մարզպետը:
Հիշեցնենք, որ Ալավերդին վերջին 8 տարիներին ականատես է լինում մարդաշատ վայրերում կատարվող սպանությունների: Անցած 8 տարիներին 9 հրազենային կրակոցներից 7-ն առնչվում են ալավերդցի Վահագն Աբգարյանի անվան հետ:
Ոստիկանությունը աղմկահարույց այդ սպանությունները կանխարգելող որևէ քայլ չի ձեռնարկել, որի պատճառով սպանություններն ավելի բացահայտ բնույթ են ստացել: Հրազենային կրակոցներից Ալավերդիում սպանվել է 6 մարդ, մարմնական վնասվածք է ստացել մեկը՝ Վահագն Աբգարյանը: Այս դեպքերով 8 ալավերդցիներ դարձել են քրեական ծանր հանցագործներ: Նրանցից 2-ը պատիժ են կրում քրեակատարողական հիմնարկում, 2-ի քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, 4-ը հետախուզման մեջ են:
Ալավերդիում մարդիկ վախենում են այս թեմայով խոսել, նրանք ասում են` պատմության մեջ կհայտնվեն։ Այդ պատճառով էլ նրանց անունները չենք հրապարակում։
«Ալավերդիում մարդիկ կան` օրը ցերեկով թվանքն ուսներին գցած են ման գալիս, մարդ վախում է տանից դուրս գա, բայց դա ճիշտ բա՞ն է: Անտեր երկիր է, էլի»,- ասաց Ս.Սարահարթ թաղամասում բնակվող տարեց մի կին:
«Սոցիալապես անապահով Ալավերդիում թիկնապահներ ու կիլերներ գտնելը դժվար բան չէ, մարդիկ մի փոր հացի համար են գնում էդ ծառայությունները մատուցելու: Ցավալին այն է, որ ոստիկանությունն արձանագրում է սպանությունները և ձեռքերը ծալած նստում»,- ասում է ալավերդցի Հ.Կ.-ն:
«Սպասում ենք Վերնիսաժի կրակոցների պատասխան կրակոցին»,- ասաց փողոցում մեր կողմից հարցված ալավերդցիներից մեկը:
Հարցվածներից մի տղամարդ էլ պատասխանեց. «Մի՞թե չեք նկատում, որ սա իշանությունների կողմից կազմակերպված բանդա է՝ խաղաղ բնակչությանը վախի ու սարսափի մեջ պահելու համար»: Շատ ալավերդցիներ մեզ հետ զրույցում անհանգստություն հայտնեցին իրենց երիտասարդ տղաներին քաղաքում հայտնի քրեական վտանգավոր խմբավորումների մեջ ներգրավելուց:
Հիշեցնենք, որ 2009թ.-ի հունիսի 1-ին Ալավերդու Զորավար Անդրանիկի 18 շենքի մոտ կեսգիշերին իր «Կրայսլեր 300» մակնիշի ավտոմեքենայի սրահում նույն շենքի բնակիչ Սպարտակ Մանուչարյանը ինքնաձիգով սպանել էր Ալավերդու բնակիչ՝ 30-ամյա Կարեն Սոխակյանին: Վերջինս Վահագն Աբգարյանի մտերիմ ընկերն էր: Սպարտակ Մանուչարյանը կամովին հանձնվել է ոստիկանությանը և ներկայումս քրեակատարողական հիմնարկում կրում է իր պատիժը: Ընդամենը 6 ամիս անց՝ 2010թ.-ի հունվարի 14-ին, Ալավերդու Սայաթ-Նովայի անվան հրապարակին հարող այգում ալավերդցի Էդիկ Միրաքյանը հրազենով սպանեց Սպարտակ Մանուչարյանի կրտսեր եղբորը՝ Վահե Մանուչարյանին:
Ալավերդի-Թբիլիսի միջպետական ճանապարհի 16-րդ կմ-ի հատվածում` Ախթալայի կամրջի մոտ, ալավերդցի Վարդան Անտոնյանը 2015թ.-ի հոկտեմբերի 11-ին ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ է արձակել Վահագն Աբգարյանի զրահապատ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի և վերջինիս ուղեկցող «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
«2015թ.-ի հրազենային կրակոցներից առաջ Վահագն Աբգարյանը իրենց շենքի մոտ դաժանորեն ծեծել է Վարդանին: Վարդանն էլ Վահագնից վրեժ լուծելու համար կրակել է նրա «Համերի» վրա»,- «Հետքին» հայտնել են Վարդան Անտոնյանի հարազատները:
2016թ.-ի մայիսի 19-ի գիշերը` ժամը 4:30-ի սահմաններում, ըստ ոստիկանության հաղորդած տվյալների, Ալավերդու Զորավար Անդրանիկի 22 շենքի բնակիչ Վարդան Փիրուզյանի` իրենց շքամուտքի մոտ արձակած հրազենային կրակոցներից սպանվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Ավագյանը, իսկ Աբովյան քաղաքի բնակիչ Էդուարդ Պողոսյանը ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, սակայն վիրահատությունից հետո մահացել է հիվանդանոցում:
Շենքի բնակիչները «Հետք»-ին պատմել են, որ Վարդան Փիրուզյանի հետևից միայն 2 սպանվածները չեն եկել: Վարդան Փիրուզյանը ձեռնամարտի ընթացքում իր վրա հարձակվողների զենքով կրակել է, որի արդյունքում սպանվել են հարձակվողներից 2-ը: Կրակոցներից հետո մյուսները փախել են: Վարդան Ավագյանը և Էդուարդ Պողոսյանը եղել են Վահագն Աբգարյանի թիկնապահները:
Այս անգամ էլ չեն ուշացել Վահագն Աբգարյանի թիկնապահների սպանության պատասխան հրազենային կրակոցները: 2017թ.-ի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդու կենտրոնական Թումանյան փողոցի մարդաշատ հատվածում` «Կատա» սուպերմարկետի շենքում գտնվող և մայրուղուն հարող ծաղկի խանութից արձակված հրազենային կրակոցներից սպանվել է Ալավերդու Զորավար Անդրանիկի 22 շենքի բնակիչ Կամո Փիրուզյանը: Վերջինս Վահագն Աբգարյանի երկու թիկնապահներին հրազենային կրակոցներով սպանած Վարդան Փիրուզյանի եղբայրն էր:
Որոշ լրատվամիջոցներ սեպտեմբերի 14-ի կրակոցները կապեցին 2015թ հունիսի 7-ի ընտրություններին քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի եղբոր՝ Տարոն Աբգարյանի կլանի հետ:
Վերջինիս հետ կապված Տարոն Աբգարյանի հայրը՝ Կամո Աբգարյանը, սեպտեմբերի 16-ին «Հետք»-ին հայտնեց, որ Քննչական կոմիտեի կողմից հրապարակած անուններից մեկը՝ Վահագն Աբգարյանի վրա սեպտեմբերի 14-ին կրակող Արմեն Կարադավիդովը Վահագն Աբգարյանի հետ շուրջ 10 տարի թշնամիներ են:
«Ալավերդիում ով չգիտի, որ 2009թ.-ին ալավերդցի Սպարտակ Մանուչարյանը սպանեց Վահագն Աբգարյանի մտերիմ ընկերոջը՝ Կարեն Սոխակյանին, որ Վահագն Աբգարյանն էլ 2010թ.-ին սպանել տվեց Սպարտակ Մանուչարյանի կրտսեր եղբորը՝ Վահե Մանուչարյանին: Վահե և Սպարտակ Մանուչարյանները Արմեն Կարադավիդովի քեռիներն են»,- բացատրեց Կ․ Աբգարյանը: Վարդան և Կամո Փիրուզյաններն էլ Կարադավիդովի քեռու՝ Սպարտակ Մանուչարյանի կնոջ եղբայրներն են։
Կամո Աբգարյանի խոսքով` Վահագն Աբգարյանը «Վերնիսաժի» կրակողներից մյուսի՝ Ալբերտ Բլբուլյանի հետ նույնպես հարցեր է ունեցել: «Ինչ է, էդ ոստիկանությունը չգիտի, որ սրանից 10 տարի առաջ Ալբերտ Բլբուլյանը էլի է Վահագնի ավտոյի վրա ավտոմատով կրակել»,- հայտնեց Կամո Աբգարյանը:
Վերադառնալով լրատվամիջոցների հիշատակած Տարոն Աբգարյանի կլանին՝ Կամո Աբգարյանը նշեց, որ իր ընտանիքում ապրում են քարի հետ աշխատող մարդիկ. «Կրակը չընկանք, որ երեխես քաղաքապետի ընտրություններին իր թեկնածությունը դրեց: Իմ տղան 3500 ձայն հավաքեց, մյուս թեկնածուն` ավելի շատ և հաղթեց: Մենք որևէ բողոք չենք ներկայացրել: Թող գան Ալավերդիում հասարակ ժողովրդին հարցնեն, թե ինչ կլան ունի իմ ընտանիքը: Կլանն այն է, որ մենք մեզ համար խելոք աշխատող մարդիկ ե՞նք: Ամոթ է, չէ՞»:
«Դուք, որքան գիտեմ, մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ ընկերներ եք եղել»,- հարցրի:
«Մենք մարզպետի հետ հիմա էլ կիսելու բան չունենք»,- ասաց:
Կամո Աբգարյանը որոշել է դատի տալ իր ընտանիքի պատիվը և արժանապատվությունը արատավորող լրատվամիջոցներին: Վերջինիս հետաքրքրում է նաև, թե հանրապետության ոստիկանապետ Վովա Գասպարյանը տեղյա՞կ է արդյոք իր ղեկավարած ոստիկանական համակարգում տիրող վիճակից:
«Եթե տեղյակ չի, գոնե տեղյակ պահեն: Մինչև ե՞րբ ենք այսպես ապրելու` քաղաքի ժողովուրդն ու մենք: Ընտանիքս ցրվել է, ինչու՞ և մինչև ե՞րբ: Ես անձամբ կգրեմ և ընդունելություն կխնդրեմ նախագահ Սերժ Սարգսյանից և կպատմեմ Ալավերդիում տիրող այս խայտառակ իրավիճակի մասին: Տեսնենք հլա էս ոստիկանությունը ինչով է զբաղվում»,- ասում է Կամո Աբգարյանը:
Մեկնաբանություններ (30)
Մեկնաբանել