
Զինվորները 18 օր խոշտանգվել ու ծեծվել են․ Եվրոպական դատարանը խախտում է ճանաչել
Փաստաբան Հարություն Բաղդասարյանն արդեն տեղեկացրել է իր պաշտպանյալ, նախկին զինվոր, 19 տարեկանից համածառայակցի սպանության մեղադրանքով ազատազրկված Ալիկ Մաթևոսյանին, որ Եվրոպական դատարանում հաղթանակ են գրանցել:
ՄԻԵԴ-ը երեկ հերթական վճիռն է կայացրել ընդդեմ մեր պետության. Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրվել է, որ քննության նյութ չեն դարձել մեղադրյալի կողմից խոշտանգման մասին վկայությունները, ինչը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդված խախտման: Շուտով գործը ՄԻԵԴ-ի լույսի ներքո կմտնի ՀՀ Վճռաբեկ դատարան: Ալիկը կստանա 6000 եվրոյի ոչ նյութական փոխհատուցում:
Մենք հանդիպեցինք փաստաբան Հարություն Բաղդասարյանին, որը ներկայացրեց այս բարդ քրեական գործի ամբողջ շրջապտույտը, որը տևել է 11 տարի՝ 2006-2017թթ.: Այս գործը միայն 3 անգամ Վճռաբեկ դատարանում է եղել, մեկ անգամ` ՍԴ-ում, ուղարկվել է նոր քննության՝ ևս մեկ անգամ անցնելով բոլոր երեք դատական ատյաններով, նոր միայն 2010-ին ուղարկվել է ՄԻԵԴ:
Ամեն ինչ սկսվել է 2006թ. ապրիլի 29-ին, երբ ՀՀ ՊՆ թիվ X զորամասի մոտակայքում, անտառում զինծառայողները հայտնաբերել են իրեց համածառայող Աղվան Հարությունյանի դին` ծառից կախված վիճակում:
Աղվանի սպանության մեջ մեղադրվել են նրա երկու համածառայակիցները՝ Ռաֆիկ Հարությունյանն ու Ալիկ Մաթևոսյանը՝ դատապարտվելով 12 և 15 տարվա ազատազրկման: Ներպետական դատարանները հաստատված ու ապացուցված են համարել, որ Ռաֆիկն ու Ալիկն են կախելու միջոցով սպանել իրենց համածառայակից Աղվանին խուլիգանական դրդումներով: Դատարանները հաշվի չեն առել, որ մեղադրյալների ցուցմունքները բռնությունների հետևանքով են ձեռքբերվել:
Հարություն Բաղդասարյանն իր վճռաբեկ բողոքում, նաև` ՄԻԵԴ ուղարկած գանգատում նշում է, որ Ռաֆիկ Հարությունյանը ռազմական ոստիկանության շենքում տված ցուցմունքը սկսում է այսպես. «Գտնվում եմ նորմալ առողջական վիճակի մեջ, իմ նկատմամբ երբեք բռնություն չի գործադրվել, ես ազատ կարող եմ պատմել իմ կամքով»: «Սակայն կա տեսագրություն, որտեղ Ռաֆիկ Հարությունյանը ոչ միայն ընկճված է, այլև նրա դեմքին առկա են կապտուկներ: Ի դեպ, Ռաֆիկը բռնությունների մասին հայտարարել է նախաքննության ընթացքում և դատական քննությունների ժամանակ: Բացի այդ, ցուցմունքի մեջ Հարությունյանն իր անձի մասին խոսում է երրորդ դեմքով. նշում է, որ այդտեղ էին Ալիկը, Վահեն, Ռաֆոն, Խաչոն, ինչն էլ հաստատում է ոչ իր բառերով ցուցմունք գրելու փաստը»- գրում է Ալիկ Մաթևոսյանի պաշտպանը:
Ի վերջո, Ալիկ Մաթևոսյանին մեղադրանք են առաջադրել հենց Ռաֆիկ Հարությունյանի ցուցմունքների հիման վրա: Հարություն Բաղդասարյանը պատմում է նաև այն բռնությունների մասին, որ տեղի են ունեցել իր պաշտպանյալի նկատմամբ. «Ալիկը պատմել է, որ ռադիատորից կապել են ձեռքերը ու հարվածել այնքան ժամանակ, մինչև որ ուզեցել է մեռնել: Դատարանում կալանքի միջնորդության քննության ժամանակ չի կարողացել կանգնել, պատմել է, որ ոտքերի տակ այնքան են խփել, որ ի վիճակի չէ կանգնել: Սակայն, այս ամենը քննության նյութ չի դարձել»,- ընդգծեց փաստաբան Բաղդասարյանը՝ նշելով միայն, որ Ալիկի դիմումները բռնությունների մասին ուղարկվել են նույն քննիչին, ով քննելիս է եղել գործը, ինչն էլ, ըստ ՄԻԵԴ-ի, արդյունավետ քննություն չի կարող լինել:
Ալիկ Մաթևոսյանի նկատմամբ ռազմական ոստիկանության աշխատակիցները 2006թ. մայիսի 2-ից մինչև 20-ը իրականացրել են ծեծ ու խոշտանգում: Ցուցմունք կորզելու նպատակով ծեծել են նաև գործով դատապարտյալ Ռաֆիկ Հարությունյանին, որի քիթը ջարդվել է, սակայն ո՛չ նախաքննության մարմինը, ո՛չ էլ դատարաններն այս հանգամանքները հաշվի չեն առել: Ծեծի և խոշտանգումների հետևանքով ձեռք բերված «ապացույցները» համարել են օրինական և դրել մեղադրանքի հիմքում:
2006թ. սեպտեմբերի 23-ի որոշումից երևում է, որ Ալիկ Մաթևոսյանին և Ռաֆիկ Հարությունյանին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել և քրեական հետապնդում չի իրականացվել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Բացի այդ, 2007թ. հունիսի 27-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ Ռաֆիկ Հարությունյանին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
«Խոշտանգողները կան, հայտնի են,- ասում է փաստաբան Հարությունյանը: Նրանք հնարավոր է դատարանում վկայություն տան, բայց պատասխանատվություն դրան չի հետևի»: Ըստ փաստաբանի` դա վկայում է այն մասին, որ խոշտանգողները կատարում են հրահանգ և պետք են քաղաքական իշխանությանը:
Հիշեցնենք, որ թեպետ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ վճիռներ են առկա Հայաստանի դեմ, որ տարեկան 80-100 գործ է հարուցվում խոշտանգման հատկանիշներով, այդուհանդերձ, դեռ որևէ խոշտանգող պատասխանատվության չի ենթարկվել:
Լուսանկարում փաստաբան Հարություն Բաղդասարյանն է
Մեկնաբանել