
Բյուրականի անտառում հրդեհը շարունակվում է
Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան
Սեպտեմբերի 3-ին Բյուրականի անտառում բռնկված հրդեհը մինչ օրս չի հաջողվում մարել։ Այսօր իրավիճակը ավելի է բարդացել. բռնկված հրդեհը տարածվել է անտառում, որի որոշ հատվածներ անանցանելի են։
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանի փոխանցմամբ՝ վերջին տվյալներով հրդեհվել է 100 հա խոտածածկ տարածք։ Հրշեջները չեն կարողանում մարել կրակը՝ ուժեղ քամու պատճառով։ Ծառայության տնօրենն ասում է՝ մինչև 12:00- ն կարողացել էին հրդեհի հիմնական օջախները մարել, սակայն սկսվել է ուժեղ քամի և մեծացրել հրդեհի տարածման ծավալը։
Այժմ հրդեհի երեք հիմնական օջախ կա։ Անտառը խիտ է, այդ իսկ պատճառով փրկարարները տեխնիկայի միջոցով չեն կարողանում աշխատել։ Բռնկված հրդեհի ծուխը երևում է մի քանի կիլոմետրից։
Անտառից ոչ շատ հեռու բնակելի գյուղեր են։ Հրդեհի բռնկման օրից մարման աշխատանքներին մասնակցում են նաև այդ գյուղերի բնակիչները։
Մեկնաբանել