
Փյունիկի երեխաները շարունակում են բոյկոտել և դպրոց չհաճախել. գյուղացիները դիմել են նախագահին և վարչապետին
Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի երեխաները շարունակում են բոյկոտել գյուղի դպրոցը փակելու կառավարության որոշումը և չհաճախել դպրոց: Չնայած դպրոցի տնօրենի, մարզպետարանի ու Կրթության և գիտության նախարարության աշխատակիցների հորդորներին՝ ուսումնական տարվա երրորդ օրն է՝ նրանք դպրոց չեն գնացել:
Փոխարենը Փյունիկի բնակիչները նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ խնդրելով վերացնել Փյունիկ գյուղի դպրոցի վերակազմավորելու կառավարության որոշումը:
Գյուղացիները նշել են, որ դպրոցն ունի 44 աշակերտ և գտնվում է 1820 մ բարձր լեռնային գոտում: Գյուղում բնակիչները 100 %-ով գաղթած են Ադրբեջանից: Նրանք վերաբնակվել են 1988-ից, և այդ թվականին դպրոցի շինությունը շահագործման է հանձնվել, և այդ բնակիչներն առաջինն իրենք են հաճախել դպրոց: «Արդյոք կարելի է արտագաղթած ծնողին ստիպել իր երեխայի հետ նորից արտագաղթել»,- հարց են ուղղել բնակիչները:
Նրանք հիշատակել են տարբեր տարիներին բուհ ընդունվողների քանակը, սպորտային մրցաշարերում իրենց աշակերտների առաջադիմությունը:
«Վերակազմավորելու մասին որոշումը պատճառաբանվում է որակյալ ուսման հարցի լուծումով, սակայն Փյունիկի միջնակարգ դպրոցի աշակերտների քանակից կախված չէ որակյալ առաջադիմությունը. 2016-2017թթ. ուստարում ունեցել ենք 4 շրջանավարտ, որից 3-ն ընդունվել են բուհեր՝ Երևանի պետական բժշկական համալսարան, Ճարտարագիտական համալսարան, Հրազդանի պետական քոլեջ, իսկ 4-րդ երեխան չէր զիջում վերջիններին և չի ընդունվել անապահով լինելու պատճառով»,- գրել են փյունիկցիները և խնդրել նախագահին վերանայել կառավարության որոշումը՝ ելնելով դպրոցի առաջադիմության տվյալներից:
![]() |
![]() |
![]() |
Այս ամենը հաշվի առնելով՝ Փյունիկ գյուղի բնակիչները խնդրել են պահպանել գյուղը պահող միակ հույսը՝ իրենց հեռանկարներն իրականացնելու նպատակով:
«Փակել դպրոցը նշանակում է գյուղին արտագաղթի ճանապարհ ցույց տալ, քանի որ Արտավազի միջնակարգ դպրոցը գտնվում է ավելի բարձր գոտում, ավելի անմխիթար վիճակում, և ցրտաշունչ ձմռանը երեխաների հաճախումն ավելի անարդյունավետ է լինելու, քանի որ տրանսպորտը չի կարող կայուն աշխատել առատ ձյան պատճառով»,- գրել են փյունիկցիները:
Բնակիչները մտահոգություն են հայտնել իրենց երեխաների առողջության մասին, քանի որ տարվա 5-6 ամիսը խիստ ձմեռ է Արտավազում և Փյունիկում: Նրանք հիշեցրել են, որ բնակչության և երեխաների աճ է նկատվում վերջին տարիներին:
Հիշեցնենք, որ Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում առաջին զանգն այդպես էլ չհնչեց, քանի որ երեխաները սեպտեմբերի մեկին բոյկոտեցին և դպրոց չգնացին: Փոխարենը առավոտյան 9-ից ծնողների հետ գյուղամիջում բողոքի ակցիա էին անցկացնում: Կառավարությունն օգոստոսի 24-ին որոշել էր Փյունիկի դպրոցը վերամիավորել հարևան Արտավազ գյուղի դպրոցի հետ, և երկու ամսից փակել դպրոցը, իսկ երեխաները պետք է հաճախեն հարևան Արտավազ գյուղի դպրոց:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել