
Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Սարգիս Քլոյանը
«Հայկական Ժամանակ» օրաթերթի 2011թ. դեկտեմբերի 13-ի թիվ 236 համարում հրապարակվել է Սարգիս Քլոյանի հարցազրույցը, որտեղ վերջինս իբր հայտարարել է. «Երկու տարի առաջ գնացել եմ հատուկ քննչական ծառայություն, գրավոր գրել եմ, թե ով է իմ որդուն սպանողը, անուն-ազգանունով եմ գրել», «ես գրավոր գրել եմ, ստորագրել եմ, թե ով է սպանել իմ տղային, ու ով է սպանել Տիգրան Խաչատրյանին, ով է հրահանգ տվել: Հրահանգ տվողի անունն էլ եմ գրել, ստորագրել եմ տակը»:
2011թ. դեկտեմբերի 16-ին Սարգիս Քլոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ, փաստաբանի մասնակցությամբ ցուցմունք է տվել, որ հիշյալ օրաթերթի լրագրողին հարցազրույց է տվել հեռախոսով և նրան չի ասել, թե Տիգրան Խաչատրյանի մահվան, նրան կյանքից զրկելու հրահանգ տվողի մասին հատուկ քննչական ծառայությունում նախկինում երբևէ ցուցմունք է տվել, հավանաբար լրագրողն իր հայտարարությունը ճիշտ չի ընկալել: Նա իր որդու և Տիգրան Խաչատրյանի մահվան կապակցությամբ եզրահանգում է արել՝ դիտելով Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը:
Նախաքննական մարմինը կիսում է մահացած անձանց հարազատների մտահոգությունը և հավաստում իր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը՝ հանցագործության յուրաքանչյուր դեպք բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, սակայն հիմնվելով ապացույցների վրա, այլ ոչ թե ասեկոսեների:
Անշուշտ, յուրաքանչյուր ոք ունի կարծիք կազմելու և արտահայտելու իրավունք, ինչը երաշխավորված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, սակայն ինչ-որ հեղինակային ֆիլմի սուբյեկտիվ մեկնաբանությունները Հայաստանի Հանրապետությունում բավարար չեն անձանց հանցավոր ճանաչելու և դատապարտելու համար:
Որպես օրինակ նշենք, որ ըստ Սարգիս Քլոյանի ցուցմունքի՝ հիշատակված ֆիլմում ՀՀ ՈԶ N զորամասի զինծառայողը հայտարարում է, որ ԿՍ-23 կարաբինից մեկ անգամ «Չերյոմուխա-7» գազային նռնակով կրակել է Գր. Լուսավորչի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի բետոնյա եզրաքարին, գազային նռնակը բացվել է, ու դրանից արցունքաբեր գազը արտանետվել է:
Քանի որ Գոռ Քլոյանը մարմնական վնասվածքն ստացել է այդ հատվածում, դրանից ելնելով էլ եզրակացրել է, որ վերջինս մահացու վնասվածքն ստացել է հենց այդ զինծառայողի արձակած կրակոցի հետևանքով, այն դեպքում երբ նույն ցուցմունքում նշել է, որ որդու մարմնից հանված «Չերյոմուխա-7» գազային նռնակը բացվել ու դրանից գազն արտանետվել է հիվանդանոցում: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ նույն նռնակը երկու անգամ չէր կարող բացվել, հետևաբար, բետոնյա եզրաքարին արձակած վերը նշված կրակոցից Գոռ Քլոյանը չէր կարող ստանալ մահվան պատճառ հանդիսացած վնասվածքը:
Մեկ այլ օրինակ: Սարգիս Քլոյանը նույն ցուցմունքում հայտնել է, թե «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում ՀՀ ՈԶ N զորամասի շտաբի պետի օգնականը հայտարարում է, որ ինքն է զինծառայողին հրաման տվել ԿՍ-23 կարաբինից կրակոց արձակել բեռնատար ավտոմեքենայի դիմապակուն, որից հետո ֆիլմի մեկնաբանը նշում է, որ Տիգրան Խաչատրյանը մահացել է այդ նույն վայրում, ուստի տուժողների իրավահաջորդները եկել են այն եզրահանգման, որ հենց այդ կրակոցի հետևանքով է Տիգրան Խաչատրյանը մահացու վնասվածք ստացել:
Փաստորեն, տուժողների իրավահաջորդների եզրահանգումների ու կարծիքների ձևավորման համար էական նշանակություն են ունեցել այդ ֆիլմի հեղինակի սուբյեկտիվ մեկնաբանությունները:
Տուժողների իրավահաջորդներին խորհուրդ ենք տալիս հեղինակային ֆիլմերի հիմնազուրկ մեկնաբանությունների և փողոցային ասեկոսեների հիման վրա եզրահանգումներ անելուց առաջ նախ դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալ նախաքննական մարմնից, իսկ զանգվածային անկարգությունների ընթացքում տասն անձանց մահվան կամ վնասվածքներ ստանալու հանգամանքների մասին տեղեկություններ ստանալիս ներկայանալ հատուկ քննչական ծառայություն և հայտնել նախաքննական մարմնին:
Իսկ լրագրողներին կոչ ենք անում և խնդրում լինել աչալուրջ՝ հարցազրույցների ընթացքում ճիշտ ընկալելու և մամուլում հարցազրույցները ճիշտ ներկայացնելու հարցում:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Մեկնաբանել