
Տուգանքի մասին զգուշացումը չի խոչընդոտում ձորում աղբ թափելուն
Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան
«Կորեայի ձոր» կոչվող տարածք տանող ճանապարհին Քանաքեռավանի համայնքապետարանը նախազգուշական ցուցանակ է տեղադրել, որ աղբ թափելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 25 000 դրամով:
Սակայն այս նախազգուշացումն ու տուգանքը արգելանք չեն, որ բնակիչները շարունակաբար աղբ թափեն ձորում: Ձորի որոշ հատվածներում մեծածավալ շինարարական աղբ է թափված: Քաղաքացիները դրանք թափում են այն վայրերում, որտեղ դեպի ձոր մուտք կա, մեքենան կարող է մոտենալ:
Ձորից ներքև հոսում է Հրազդան գետը:
«Կորեայի ձոր» կոչում են այն հատվածը, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի տարածքում, թեև Կոտայքի մարզի Զովունի և Քանաքեռավան համայնքներում այն նույն անունով են կոչում: Նախկինում թափված շինարարական աղբը դեռևս կա և շարունակվում է թափվել ձորի՝ Քանաքեռավան համայնքի և Արաբկիր վարչական շրջանի տարածքներում:
Քանաքեռավանի համայնքապետ Հայկ Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իր մեկամյա պաշտոնավարման ընթացքում մեկ անգամ է 25 000 դրամ վարչական տուգանք նշանակվել, իսկ շինարարական աղբ թափելու երկու-երեք դեպքեր է եղել, երբ չեն կարողացել հայտնաբերել աղբ թափողին, չեն տուգանել:
Համայնքապետը վստահեցնում է, որ ցուցանակը տեղադրելուց հետո իրավիճակը բարելավվել է, ձորում այլևս շինարարական աղբ չեն թափում:
Չնայած համայնքապետի այս հավաստիացումներին՝ հենց «Աղբ չթափել: Տուգանք 25 000 դրամ» ցուցանակի հարևանությամբ գտնվող ձորում շինարարական աղբ է թափված: Համայնքապետը պարզաբանեց, որ այն տարիներ շարունակ թափված աղբ է, որի դուրսբերումը դժվար և մեծ խնդիր է: Ասում է՝ ցուցանակի տեղադրումից հետո այլևս այնտեղ ավտոմեքենաներով աղբ չի թափվել, քանի որ տուգանքի նախազգուշացումը սթափեցրել է մեծ շինարարություն անող տնտեսվարողներին:
Համայնքապետը շինարարական աղբը ձորի այդ հատվածում չթափելու ևս մեկ միջոց է համարում նախորդ տարի փորած խրամուղին, որը դժվարեցրել է մեքենաների տեղաշարժը դեպի ձորի այն հատված, որտեղ կարող էին դատարկել բերված աղբը:
Մեկնաբանել