
0 դրամ եկամուտ. դեսպան Արմեն Սարգսյանն անվճա՞ր է աշխատում
«Հետքն» անդրադարձել էր, որ որոշ դեսպաններ և նրանց հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, ընդհանրապես գույքի ու եկամուտների հայտարարագրեր չեն ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Մեր հրապարակումից հետո դեսպան Ա․Սարգսյանը ներկայացրել է հայտարարագրերը, սակայն ոչ լիարժեք:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիմնական գործառույթներն են` հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծության գործընթացի կանոնակարգումը և հայտարարագրերի հրապարակումը, հայտարարագրմանն առնչվող իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը և այլն: Սակայն, էթիկայի հանձնաժողովը պատշաճ վերահսկողություն չիրականացնելով չի «նկատել», որ դեսպան Արմեն Սարգսյանը սկսած 2013 թվականից ոչ մի անգամ եկամուտ չի հայտարարագրել: Ստացվում է, որ դեսպանն անվճար է աշխատում:
Նշենք, որ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է 2013թ. սեպտեմբերի 27-ին: Ըստ ներկայացված հայտարարագրի պաշտոնը ստանձնելու ժամանակ Արմեն Սարգսյանն ունեցել է թվով 3 առանձնատուն և 2 բնակարան, իսկ որպես դրամական միջոց՝ 8 միլիոն եվրո:
Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, բացի դրամական միջոցներից ուրիշ ոչինչ չի հայտարարագրել: Քանի որ ամուսնու հայտարարագիրը կասկած է հարուցում՝ առնվազն աշխատավարձ մասով, չի բացառվում, որ դեսպանի կինը ևս ամբողջական հայտարարագիր չի ներկայացրել:
Լուսանկարը՝ wikipedia.org-ի
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել