
Աշխատանք փնտրող տղամարդկանց թիվն աճել է
2017թ․ առաջին չորս ամսում աճել է աշխատանք փնտրողների թիվը։ Հանրապետությունում տարվա առաջին վեց ամիսներին աշխատանք է փնտրել 91-95 հազար մարդ։
2017թ․ հունվար-հունիսի ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանում ամենաշատը աշխատանք են փնտրել փետրվար ամսին, երբ գրանցվել է աշխատանք փնտրող 96 170 մարդ, որն էլ համեմատած 2016-ի նույն ամսվա հետ, աճել է ավելի քան 5 %-ով։
Աշխատանք փնտրողների 60 %-ը կանայք են եղել։ Աշխատանք փնտրողների 90%-ը գործազուրկներ են եղել, որոնց մեծ մասը կանայք են։
2017-ի առաջին կիսամյակի տվյալները, եթե համեմատենք 2016-ի նույն ժամանակաշրջանի հետ, ապա կնկատենք, որ տարվա առաջին վեց ամիսներին առավել շատ աճել է աշխատանք փնտրող տղամարդկանց թիվը։
Իսկ եթե ամփոփենք, պետք է նշենք՝ 2017-ի հունվար-հունիսին աճել է աշխատանք փնտրողների թիվը, աշխատանք փնտրել են ավելի շատ կանայք, նրանք էլ հիմնականում գործազուրկ են եղել։
Ազգային վիճակագրական ծառայությունը նաև հրապարակել է հունիսին աշխատանք փնտրողների ցուցանիշները՝ ըստ տարիքային և սեռային խմբերի։ Ըստ այդ վիճակագրության՝ հանրապետությունում հունիսին կանանց դեպքում ավելի շատ աշխատանք են փնտրել 25-34 տարեկանները, ովքեր աշխատանք փնտրողների 28 %-ն են կազմել, իսկ տղամարդկանց դեպքում հավասարապես շատ են աշխատանք փնտրել 25-34 և 35-44 տարեկանները։
Մեկնաբանել