
Տրիկոտաժե հագուստ արտադրող հալեպահայ ընտանիքի երկրորդ սերունդը. «Մոսինի»
Մարինե Մարտիրոսյան
Երևանի Հանրապետության փողոցում գտնվող խանութներից մեկը կանաչ մուտք ունի: Բայց այստեղ վաճառվում է ոչ թե էկոսնունդ, այլ սպորտային և առօրյա հագուստ: «Մոսինի» խանութն է, որը ներկայացնում է հայկական արտադրանք:
Արտադրության հիմնադիրները հայր և որդի Հալաջյաններն են: 1980-ականներին Հալեպում Մովսեսի հայրը հիմնել է տրիկոտաժի արտադրություն: Երիտասարդ գործարարն ասում է, որ այնտեղ տեքստիլի և տրիկոտաժի արտադրությունը հայտնի էր, ու առհասարակ թեթև արդյունաբերությունը զարգացած էր: Բացի իրենցից՝ տրիկոտաժե հագուստ արտադրող շատ գործարարներ կային: «Մոսինին» ճանաչելի էր ոչ միայն հայերի, այլև արաբների շրջանում: Արտադրանքն արտահանում էին Լիբանան, Իրաք, Պարսից ծոցի երկրներ: Արտադրամասը մեծ էր, մոտ 400 աշխատող ունեին: «Մոսինի» ապրանքնանիշը Մովսեսի և նրա պապի անունով է:
2012-ին Սիրիայում սկսված պատերազմի պատճառով ընտանիքով եկել են Հայաստան: Մովսեսի ասելով՝ Հալեպում այլևս հնարավոր չէր մնալ: Հարցնում եմ՝ հիմա եթե խաղաղություն լինի, կվերադառնա՞, ժպտում է, ասում է՝ հետագան ցույց կտա: Ավելացնում է, որ եթե մի տեղ պատերազմ է լինում, մի օր նաև խաղաղություն կլինի, ու Սիրիան էլ բացառություն չէ՝ խաղաղություն կլինի, բայց ոչ ոք չգիտի, թե երբ:
Երևան գալուց հետո Հալաջյանները որոշել են շարունակել ընտանեկան գործը: Միջավայրը, մշակութային տարբերությունները շատ են եղել, բայց հաղթահարելի: Պատմում է, որ մտածում էին, թե արդյոք բռնած գործն արդարացնելու է իրենց սպասելիքները: 2016-ից սկսել են հագուստի արտադրությունը մայրաքաղաքում, հիմա խանութներ ունեն Հանրապետության փողոցում ու Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում:
Մասնագիտությամբ տնտեսագետ Մովսեսն ասում է, որ Սիրիայում մեծ շուկա կար, իսկ Հայաստանում գործարարների դժվարություններից մեկը փոքր շուկան է, ինչը Երևանում բիզնես հիմնելուց առաջ նաև իրենց մտահոգություններից մեկն էր:
Մովսեսի պատմելով՝ Սիրիայում հումքը ձեռք էին բերում տեղում. բամբակի ցանքատարածություններ կային, տեղում թելը մշակվում էր, կտորեղեն էր արտադրվում, և տրիկոտաժի կամ տեքստիլի արտադրությամբ զբաղվողը որևէ խնդիր չուներ: Հայաստանում հումք չկա, այն բերում են դրսից՝ հիմնականում Չինաստանից կամ Սիրիայից: Ներկրված հումքն ավելի թանկ է, քան կարելի է գնել Սիրիայի ներսում:
Սակայն դժվարություններին զուգահեռ, ըստ Մովսեսի, Հայաստանում նաև առավելություններ կան: Դրանցից մեկը համարում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից ստացած հնարավորությունը՝ անմաքս առևտուրը Ռուսաստանի հետ: «Մոսինի» արտադրանքն առայժմ միայն Ռուսաստան է արտահանվում: Հարևան Իրան արտահանելու տարբերակի մասին մտածել են, բայց Իրանում մաքսատուրքերը շատ բարձր են: Վրաստանի տարբերակը դեռ չեն դիտարկել նաև այն պատճառով, որ այդտեղից դեռևս առաջարկ կամ պատվեր չեն ստացել:
Հայաստանում արտադրության աճը, Մովսեսի փոխանցմամբ, նկատելի է, բայց ի տարբերություն Սիրիայի, այն այստեղ դանդաղ տեմպերով է ընթանում, ինչը ևս փոքր շուկայով է պայմանավորված:
Հայկական շուկայում արտադրանքի ճանաչելի դառնալուն դեռ ժամանակ է պետք, չնայած մեկ տարում որոշակի առաջընթաց հասցրել են գրանցել. «Մոսինիի» մասին գնորդները քիչ թե շատ գիտեն:
Մովսես Հալաջյանն իրենց այցեքարտը համարում է լավ որակն ու դրա համեմատ ցածր գինը, նաև ժամանակակից ոճայնությունը: Արտադրամասում հիմա 22 աշխատակից ունեն, հիմնականում տեղացիներ են, բայց կան նաև սիրիահայեր: Հարցնում եմ, որ եթե որակին հետևում են, իսկ գինն էլ ցածր է, դրանից արդյոք չեն տուժում: Ասում է՝ իհարկե, այնպես չենք անում, որ տուժենք, բայց ամենակարևորը՝ որակ ապահովելով՝ նորմալ շահույթով վաճառում ենք:
Հալեպահայ գործարարի կարծիքով՝ Սիրիայի հետ պայմանների համեմատությունը ճիշտ չէ: Նշում է, որ այստեղ էլ արտադրանքի ծավալն ընդլայնելու հույս ունեն: Բայց նորից շեշտում է, որ ամենակարևորը որակն է:
Հայաստանում, Մովսեսի ասելով, գնորդներ կան, որ նախընտրում են հայտնի ապրանքանիշերի թեկուզ կեղծված տարբերակները՝ թուրքական կամ չինական, բայց տեղական ապրանքանիշին դժվար են ուշադրություն դարձնում: Դա ևս, ըստ գործարարի, ժամանակի հարց է, մի օր այստեղ էլ տեղական արտադրությունն իր գնահատականը կունենա:
Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել