
Երեւանի քաղաքապետարանը չի տրամադրում ասֆալտապատված փողոցների հասցեները
Երևանի քաղաքապետարանը չի տրամադրում 2017թ. ընթացքում քաղաքի տարածքում իրականացված և իրականացվելիք ասֆալտապատման աշխատանքների հասցեների ցանկը: 13 օր առաջ քաղաքապետարան համապատասխան հարցում էինք ուղարկել` խնդրելով տրամադրել նշված ցանկը` հունվար ամսից հուլիսը ներառյալ:
Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնից տեղեկացրել էին, որ այս ընթացքում աշխատում են հարցմանը պատասխանելու համար: Համենայնդեպս այդպես էին ասում, երբ հարցնում էինք, թե ինչու է ուշանում պատասխանը: Արդյունքում ստացանք մեր հարցման հետ կապ չունեցող պատասխան:
Պատասխանը պատրաստել է քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունը` խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը և գաղտնի պահելով հանրային տվյալները:
Այդ հանրության ներկայացուցիչներից մեկն էր առիթ դարձել, որ ասֆալտապատման աշխատանքների ցանկը ձեռք բերելու համար հարցում ուղարկեինք քաղաքապետարան:
«Հետք»-ի ընթերցողներից մեկը, ով աշխատում է «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակա տարածքում, հայտնել էր, որ հարակից փողոցում սկսվել են ասֆալտապատման աշխատանքներ այն դեպքում, երբ տարեսկզբին նույն հատվածն ասֆալտապատվել է: Մեր զրուցակցին մտահոգում էր ոչ միայն այն, որ փոշու և աղմուկի պատճառով աշխատել չի լինում, այլև որ անտեղի ֆինանսական միջոցներ են ծախսվում միևնույն տարածքի վրա:
Նույն օրը այցելեցինք Տիգրան Մեծ պողոտա. ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ էին: Քանդված էր փողոցի մեջտեղի հատվածը: «ԱՎԱ-2000» ՍՊԸ-ի աշխատողներն էին փողոցն ասֆալտապատում, իսկ վերահսկողությունն իրականցնում էր ընկերության ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ գարնան սկզբին նույն փողոցում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, սակայն ավելացրեց, որ կատարվել է միայն «փոսալցում` փոքր կտորներով»:
«Հիմա արդեն հիմնանորոգման նման բան է արվում, մի քիչ մեծ կտորներ են, որ հաստատ ինքը երկար ծառայելու է: Որը որ արված է, էդ փոքր կտորները, հիմա ձեռք չենք տալիս: Ձնհալից հետո պետք է շտապ փոսերը փակվեին: էս տարի շատ-շատ էին էդ փոսայինները: Քանի որ հնարավորությունը չկա միանագամից ամեն ինչը անելու, արեցին, որ փոսեր չլինեն, արդեն անդրադառնանք հիմնանորոգմանը»,- ասաց Ա. Սարգսյանը:
Ճշտմանը` կարելի է այդ օրը փողոցում իրականացվող աշխատանքները հիմնանորոգում անվանել, պատասխանեց. «Չէ, հիմնանորոգում չենք կարող ասել, մի քիչ երևի սխալ ասեցի, բայց ավելի մեծ ծավալներով աշխատանքներ են արվում»:
Գարնան սկզբի «փոսալցման աշխատանքները», Արամ Սարգսյանի խոսքով, այլ հիմնարկ է արել. ինչքան են տևել աշխատանքները և հատկապես որ հատվածներն են ասֆալտապատվել` չկարողացավ հստակեցնել: «Ես հիմա էսպես չեմ կարող նայել, բայց որ դուք էլ նայեք, կերևա»,- ասաց Ա. Սարգսյանը:
Որպեսզի պարզեինք` այդ փողոցում քանի անգամ է ասֆալտապատման աշխատանք արվել և ինչ ծավալով, նույն օրը հարցում ուղարկեցինք քաղաքապետարան` նախ խնդրելով տրամադրել ասֆալտապաման աշխատանքների հասցեները` սկսած տարեսկզբից: Թեև հարցման մեջ հստակ նշել էինք, որ անհրաժեշտ է ասֆալտապատման աշխատանքների հասցեների ցանկը, սակայն պատասխանում ոչ մի հասցե նշված չէ. տրամադրվել է միայն աշխատանքների քանակը` «430 փողոցներում և 400 բակերում ու բակային տարածքներում»:
Քաղաքապետարանը նույնկերպ պատրաստում է նաև իր պաշտոնական հաղորդագրությունները: Գարնան սկզբին` մարտ ամսին, քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել է երկու հաղորդագրություն(1, 2)` փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքների վերաբերյալ, սակայն դարձյալ հասցե նշված չէ, և հնարավոր չէ հասկանալ` որտեղ են իրականացվել աշխատանքները կամ ինչ ծավալով:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել