
2012թ.-ը ռոմանտիզմի և կանացիության տարի է. ո՞րն է «տարվա հիթը»
2012-ի աշուն-ձմեռ հավաքածուի մեջ նորաձև է լինելու 70-ականների ոճը. կգերակշռի վինտաժը՝ երբ թվացյալ հին հագուստն իրականում նոր է: Նորաձև են մեղմ գույները՝ կարամելի, թարմ մեղրի, դդմի, դարչինի, շոկոլադի: Իսկ գարուն-ամառ հավաքածուի մեջ կգերակշռի 20-ականների ոճը: Տարվա այս եղանակների նախընտրելի գույնն է դեղինը: Գեղեցիկ կլինի նաև նարնջագույնը, սակայն պետք չէ այն չարաշահել:
Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատմեց նորաձևության հայկական խորհրդի անդամ, դիզայներ Լիլիթ Մարգարյանը: Նա նշեց, որ 2012թ.-ին նորաձև են բնական կտորները, գործվածքները, մեջքի լայն բացվածքով հագուստները, ինչպես նաև փայլփլուն, վառ գույները:
Կանանց համար նորաձև են նաև տաբատները, որոնք իրենց շքեղությամբ համազոր կլինեն երեկոյան զգեստին, ինչպես նաև մեծ օձիքներն ու երկար թիկնոցները, «բիզնես ոճը»:
Դիզայների խոսքերով՝ «տարվա հիթ» է համարվում գործնական հանդիպումների ժամանակ հագուստին համապատասխան գույնի նեթբուքով ներկայանալը:
Նորաձև են լինելու կոպիտ կոշիկները՝ հաստ կրունկներով, դասական պայուսակները, «ձիու պոչ» կոչված սանրվածքը՝ բաց ճակատով:
Տղամարդկանց համար նորաձև են զինվորական նախշերով հագուստները, բազմաշերտ, մորթե, կաշվե հագուստները: Իսկ գերակշռող գույնը կլինի մոխրագույնը՝ զուգակցված վառ գույներով:
Այնուամենայնիվ, դիզայները համոզված է, որ գերակշռելու են ռետրո ոճի, ծաղկավոր ու փոռիկներով զգեստները, իսկ 2012թ.-ը լինելու է կանացիության ու ռոմանտիզմի տարի:
Լուսանկարը՝ style-files.com կայքից
Մեկնաբանել