
Ուսուցչուհի. «Արշավիրը երբեմն դասերին քնում էր, հոգնած էր լինում երեխան»
Արշավիրը Կողեսի հիմնական դպրոցի 5-րդ դասարանում է սովորում, 11 տարեկան է:
Նա իր ուսերին կրում է սոցիալապես անապահով իր ընտանիքի հոգսերի մի մասը:
Արշավիրը մեր զրույցի ընթացքում պատմեց, որ խնամում է փոքրիկ եղբորն ու քրոջը, իրենց 2000 մետր տնամերձն է մշակում, կարտոֆիլ է ցանում, հավաքում է բերքը, փայտ է ջարդում, տան համար ջուր է կրում: Ասաց` պապը դեռ խոտի կեսը չի հնձել: Հնձելուց հետո խոտը եղանով իրար վրա է դնելու, որ տուկ անեն:
Կողեսցի Սուսաննա Պողոսյանը 4 երեխա ունի: Ընտանիքը անապահով է, ապրում են 40 հազար դրամ նպաստով: Նպաստը չի հերիքում, հաճախ պարտքեր են անում: Ամուսինը՝ Արթուրը, 4 ամիս է` Ռուսաստան է գնացել աշխատելու, բայց, կնոջ ասելով, անգամ 10 դրամ չի աշխատել: Ընտանիքին գոյատևելու համար օգնում են Կողեսում բնակվող Սուսաննայի ծնողները: Երեխաներից մեծը՝ Անահիտը, 12 տարեկան է, փոխադրվել է 7-րդ դասարան: Այս պահին, Սուսաննայի ասելով, Անահիտը Վանաձորում սկեսուրի մոտ է ապրում: Մոր խոսքով` Արշավիրը սկզբում դպրոցում լավ է սովորել, հիմա թույլ է սովորում:
«Երևի երեխեքի պատճառով, շատը երեխեքով եղա, իրենով չկարողացա զբաղվել: Արշավիրը շատ օգնող է, շատ ընդունակ է, ուսումն էլ է անում, բայց դե երեխա է, էլի»,- բացատրեց մայրը:
Սուսաննան ասում է` Արշավիրը ամեն գործ էլ անում է, երբեք չի սպասում հանձնարարության. «էսօր ասացի` ոլոռը քաղելու եմ, մինչև լվացքը փռեցի, Արշավիրն արդեն քաղել էր»:
«Արշավիրը երբեմն դասերին քնում էր: Հոգնած էր լինում երեխան: Փայտ ջարդելիս մատն էր վնասել, լավ էր մատը չհեռացրին: Արշավիրը շատ ծանր պայմաններում է ապրում»,- ասում է Արշավիրի մայրենի լեզվի ուսուցչուհի և դասղեկ Աիդա Լազրևան:
Սուսաննան մեզ հետ զրույցում մի քանի անգամ խոստովանեց, որ իր հանձնարարությամբ իր 1 տարեկան աղջկան և 2 տարեկան տղային անչափահաս որդին է պահում:
Գյուղապետ Մենժիկ Ներսիսյանի խոսքով` Սուսաննան Արշավիրին և Անահիտին 1-ին ամուսնուց է ունեցել: Այժմ Անահիտը Վանաձորում ապրող հոր խնամակալությանն է հանձնված:
«Ընտանիքը սոցիալապես անապահով է: Սուսաննայի 2-րդ ամուսինը Տաշիրից է: Նա մեկնել է արտագնա աշխատանքի: Մենք սոցիալական բոլոր ծրագրերով օգնել ենք այս ընտանիքին»,- հայտնեց գյուղապետը:
Սուսաննան խոստովանեց, որ Արշավիրը Արենին է ավելի շատ պահել: «Արենին, կարելի է ասել, Արշավիրն է մեծացրել: Ես գնացել եմ կարտոշկա եմ հավաքել, Արշավիրը Արենին պահել է»,- ասում է Սուսանան:
Կարտոֆիլ հավաքելը սեզոնային աշխատանք է: Մորը կարտոֆիլ հավաքելու պատրվակով Արշավիրը կարող էր Արենին պահել ընդամենը աշնան բերքահավաքի 1-2 ամիսներին: Նախորդ տարվա կարտոֆիլի բերքահավաքից հետո Սուսաննան մինչև օրս չի աշխատում, սակայն Արշավիրը շարունակում է ստանձնել փոքրիկ քրոջ և եղբոր դայակի պարտականությունները: Կողեսում գյուղացիներից մեկը պատմեց, որ ընտանիքի ամբողջ հոգսը Արշավիրն է կրում: Սուսաննան արդարացավ, թե Արշավիրին հիմնականում երեխաներին պահելու գործն է հանձնարարում:
«Հա, երեխաներին պահում է, զբաղվում է, էլի: Բա դե մեր տունը, մեր երեխեքը, պտի օգնի», -ասաց նա: Արշավիրն էլ բացատրեց, որ մեկ տարեկան քրոջը և Արենին պահում է, որ մայրը տան գործն անի: Ինեսային քնացնելիս նրա համար երգում եմ, որ շուտ քնի»,- պատմում է Արշավիրը:
«Քնացնում է, շորերն է փոխում, ամեն ինչ էլ անում է»,- որդուն գովեց մայրը: Արշավիրի հետ մտանք իրենց տնամերձը. «Հողի հետ աշխատելը էդքան էլ դժվար չէ: Հա, առավոտյան հովին եմ հողում աշխատում: Այս տարի այգում ավելի շատ կարտոֆիլ ենք ցանել: Ես եմ ցանել, նաև ղազմա եմ տվել: Մայրիկս էլ է օգնել: Սա մեր ձմեռվա կարտոֆիլն է»,- ասաց Արշավիրը: Նկատեցի, որ այգին Արշավիրի հույսին է եղել, նա որքան կարողացել է, այնքան էլ մշակել է: Մոլախոտի մեջ սոխի թարմ տերևները հազիվ էին երևում: Լոբու թփերը փաթաթված էին մոլախոտին:
«Էս երեխեն աջ անց կենա, ձախ անց կենա, հարցնում է՝ տատիկ, ոնց ես: Տղես անասնապահ է, իրիկունը ժամը 8-ին նոր տուն է գալիս: Թոռս էլ Երևանում է: Ինքն է ինձ ամեն ինչով օգնում, ասում եմ փայտ ու աթար կա, տար կրակի կուշտը: Ինչ ասում եմ, երեխեն անում է»,- Արշավիրին գովեց հարևան 84-ամյա Արև Անդրեասյանը:
Արշավիրը խոստովանեց, որ աշխարհում ամենաշատը խաղալն է սիրում. «Ընկերներիս հետ մեր թաղում մեկ-մեկ ֆուտբոլ եմ խաղում, մեկ էլ զապաս»: Ասաց, որ իր ամենալավ ընկերները իրենց թաղի Գարիկն ու Արտուշն են: Ասում է, որ հաճախ Վանաձոր հոր մոտ է գնում: Վանաձորն ու Կողեսն էլ հավասար է սիրում:
Մայրն ասում է, որ Արշավիրը մայրենի լեզուն շատ է սիրում: Արշավիրը երազում է ուսուցիչ դառնալ: «Ամենահաճույքովը երգի դասերին եմ գնում: Հնարավոր է` երգի դասատու կամ մայրենի լեզվի դասատու դառնամ»,- ասում է Արշավիրը:
Դասղեկ Աիդա Լազրևայի խոսքով` Արշավիրը առաջին, երկրորդ դասարաններում ավելի լավ է սովորել: Երրորդ և չորրորդ դասարաններում երեխան սկսել է թուլանալ՝ կենցաղային վատ պայմանների պատճառով: «Եթե Արշավիրը զբաղվի, կարող է հայոց լեզվի ուսուցիչ դառնալ: Ընդունակ է, բայց տանը Արշավիրի գիտելիքների հարցով զբաղվող չկա: Արշավիրը շատ ծանր պայմաններում է ապրում»,- ասաց դասղեկը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել