
«Ապագան մերն է»-ն՝ ընդդեմ «Չենք լռելու»-ի
«Ապագան մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը հրավիրում է բոլորին ցույցի՝ ընդդեմ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության, որը նախօրեին կրկին ահռելի հասարակական բողոքի ալիք է բարձրացրել՝ մեծ պրոֆեսիոնալիզմով պատրաստած, կուրացած զինվորի մասին պատմող իր տեսանյութով:
Այդ և «Չենք լռելու»-ի մնացած տեսանյութերը չեն արտացոլում բանակում առկա վիճակը, որը, շնորհիվ Արցախյան պատերազմի հերոս, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գործադրած տիտանական ջանքերի, միանգամայն նորմալ է և առողջ: Իսկ թերություններ և տականքներ կան բոլոր երկրների բանակներում:
Բոլորին հայտնի է (այդ մասին բազմաթիվ հրապարակումներ եղան նաև մամուլում), որ «Չենք լռելու»-ն Մայր աթոռի նախագիծ է: Տեղեկություններ կան անգամ, որ նախաձեռնությունն իր գործունեությունն իրականացնելու համար ամեն ամիս հարյուր հազարավոր դոլարներ է ստանում Էջմիածնից: Դա է պատճառը, որ «Չենք լռելու»-ի ռեպորտաժների մատուցման ոճը Հայաստանում աննախադեպ պրոֆեսիոնալիզմով է իրականացվում:
Եվ նման գումարների տիրապետելու պարագայում բոլորովին զարմանալի չէ, որ «Չենք լռելու»-ն ճանաչվածության առումով այնպիսի հաջողությունների է հասել, որի մասին Հայաստանի որևէ հասարակական ուժ երազել անգամ չէր կարող:
Մենք համոզված ենք, որ «Չենք լռելու»-ն PR-ի ոլորտում բարձրակարգ մասնագետների ծառայություններից է օգտվում: Այդ պրոֆեսիոնալիզմը փորձում է թաքցվել «ոչ պրոֆեսիոնալ, ձեռքերում դողացող» տեսախցիկի քողի տակ, ինչը նրանց հնարավորություն է տալիս պնդելու, թե «որևէ տեղից չենք ֆինանսավորվում»: Կարևոր է նաև այն, որ այդ նախաձեռնությունը որևէ հիմնադրամի գրանտից սկզբունքորեն չի օգտվում:
Մենք պահանջում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից իր կողմից աճեցվող նախաձեռնությանը պարտադրել խոսել բանակի մասին միայն լավը կամ ոչինչ:
Այդ նպատակով «Ապագան մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամները դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14-ին, Էջմիածնի Մայր տաճարի բակում՝ Կաթողիկոսարանի դիմաց, անց է կացնելու բողոքի ցույց՝ ընդդեմ «Չենք լռելու» նախաձեռնության:
Հրավիրում ենք բոլորին միանալ ակցիային: Եկեք ցույց տանք, որ մենք էլ չենք լռելու:
«Ապագան մերն է» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արմեն Ադամյան
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել