
Դերի. ուխտագնացություն Ջավախքում, որ վերածվում է տոնախմբության
Պարմանուհիներն աճապարում են հագնել իրենց լավագույն շորերը: Չնայած սարերով ու ձորերով, քարքարոտ ու խոտով լի ճանապարհ են անցնելու, բայց այդ օրն օրիորդները նույնիսկ կրունկներ հագած են սար բարձրանում:
Հուլիսի երկրորդ կիրակին յուրովի նշելու ավանդույթը Էրզրումից գաղթած և Ջավախքում հաստատված չորս-հինգ գյուղերին միշտ նույն սարի վրա է միավորում: Դերի է:
Դերին ինչ է նշանակում հարցին` հստակ պատասխան չեն տալիս: Բացատրում են` այդ օրը Ախալքալաքի շրջանի հատկապես չորս գյուղերը` Ազավրեթը, Բուռնաշեթը, Լոմատուրցխը և Ղադոն, ինչպես նաև շրջակա այլ գյուղեր բարձրանում են Ազավրեթ գյուղի վերևում գտնվող սարը, կենդանի երգ-երաժշտություն է հնչում, գյուղի երիտասարդությունն ուրախանում է, վաճառողներն իրենց ապրանքն են իրացնում, աղջիկներն իրենց հագուկապով են ցուցադրում, տղաները` աղջիկներ ընտրում, տարեցները բարձրանում են մատաղ անելու:
Տեղը պատահական չեն ընտրել. փոքրիկ սրբավայրը` Սուրբ Սարգիս մատուռը, տարիներ շարունակ ծառայում է որպես ուխտատեղի: Ի վերջո, բարձրախոսով մարդն էլ բացատրում է, որ «դերի» կարնո բարբառով նշանակում է բնակավայրից դուրս ուխտագնացություն իրականացնել, սրբավայր կամ վանք գնալ, մոմ վառել, ժողովրդական տոնախմբություն կազմակերպել: Երբեմն այն համընկնում է Վարդավառի հետ, և Դերին կրկնատոն է դառնում` միախառնվելով «ջրոցիի» հետ:
Այդ օրը գյուղերում դադար են տալիս նույնիսկ բոլոր տիպի գյուղատնտեսական աշխատանքներին:
Չնայած սարն ի վեր ձգվող ճանապարը քարքարոտ է, և մարդիկ տրակտորներով են նույնիսկ բարձրանում, բայց մեքենաների շարանը սարի վրա վկայում է, որ այս տարի Դերին մարդաշատ է:
Դիլիսկայից եկող ամուսինները բամբակի պաղպաղակ են փաթաթում:
Քնքուշ տատին առիթն օգտագործել է, որ մոմ վաճառի:
Գյուղերի ոռոգման համար ամբարած ջրում պարմանիներն իրենց լողալու հմտություններն են ցուցադրում:
Պատվարով անցնող ճանապարհը տանում է մեկ այլ սրբատեղի. Սուրբ Սարգիս աղոթատեղիից ոչ հեռու նոր մատուռ են կառուցել բուռնաշեթցիք:
Այնտեղ էլ մատաղացու գառնուկն են քերթում: Բուռնաշեթցին ասում է` նախկինում ամեն երրորդ ընտանիքում այս օրը գառ էին մորթում, հիմա այդ ավանդույթը փոքր-ինչ հազվադեպ է դարձել:
Գյուղերի բնակիչները, իրար հերթ չտալով, մատուռներ են կառուցում սարերի վրա: Շուրջ 2 կմ սարերով անցնելիս հայկական տուֆից նոր կառուցվող մատուռն է նկատվում: Այս անգամ էլ ղադոլարցիներն են որոշել Շահնազարի (տեղացիների լեզվով` Շայնազար) սրբատեղիի մոտ իրենց մատուռն ունենալ:
Հարևան Մոդեգամից 80-ամյա Լենա տատն է ուխտի եկել Շահնազար: Իր աքլորին 3 պտույտ տալուց հետո մատաղ է անում ու նստում հանգստանալու: Պատմում է, որ այդ տարիքում մեկ ժամ սարերով ու ձորերով ճանապարհ է անցել, որպեսզի աքլորին զոհաբերի իր երեխաների ու թոռների նպատակների իրականացման համար: Թե կոնկրետ ինչ նպատակի համար է մատաղը, Լենա տատը չի բարձրաձայնում, որ կատարվի:
Հրաժեշտից հետո, երբ արդեն լանջն ի վար իջնում ենք, Լենա տատը վերևից ձեն է տալիս. «Նկարներս ինտերնետ կցգես»:
Մեկնաբանել