
Մեղրի համայնքի ավագանին հանձնաժողովներ չի ձեւավորել. սոցօգնություններ տրամադրելը մնում է համայնքի ղեկավարի մենաշնորհը
Բազմաբնակավայր Մեղրի համայնքի 2017 թ.-ի բյուջեն 588,266.3 հազար դրամ է, որը ձեւավորվել է խոշորացման արդյունքում նրա կազմում ընդգրկված 15 համայնքների բյուջեների միավորումից: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տվյալների համաձայն՝ 2016 թ.-ի համեմատությամբ Մեղրիի համայնքային բյուջեն 32,5% աճ է ունեցել: Նշված բյուջեից դրամական նպաստներ բաժնին հատկացվել է 4 մլն 500 հազար դրամ, որից 3 մլն դրամը սոցիալական հատուկ արտոնություններին է հատկացվելու: Սոցիալական օգնությունները Մեղրիում տրամադրում է համայնքի ղեկավարը՝ միանձնյա կայացրած որոշումներով:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխի 13-24-րդ հոդվածներով բազմաբնակավայր համայնքի ավագանու համար կարգ է սահմանվել. «Եթե համայնքի ավագանին կազմված է ավագանու 9 եւ ավելի անդամից, ապա ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար ստեղծում է մշտական, իսկ անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ժամանակավոր հանձնաժողովներ:
2016 թ.-ի սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրության արդյունքներով՝ համայնքային կենտրոն Մեղրի քաղաքի հետ մեկ վարչական մարմին ձեւավորեցին Մեղրի եւ Ագարակ քաղաքները եւ շրջակա 13 գյուղը: Համայնքի ավագանին գործում է 11 հոգանոց կազմով, սակայն ոչ մի հանձնաժողով չի ձեւավորել:
Ավագանին սոցիալական ոլորտին վերաբերող միայն մեկ որոշում է ընդունել այս տարի. ապրիլի 4-ի թիվ 34 որոշումով սահմանել է համայնքի բազմազավակ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու չափը: «Մեղրի համայնքում ծնելիության եւ բազմազավակության խթանման նպատակով՝ Մեղրի համայնքում հաշվառում ունեցող ընտանիքի չորրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքին տրամադրել միանվագ դրամական օգնություն` 100 000 դրամ»:
Համայնքի սոցիալական քաղաքականությունը այլ խավերի մասով հստակեցված չէ, օգնություն տրամադրելու կարգը կամ դրամական օգնության չափը չի սահմանվել:
Եվս մեկ որոշում, որը կայացրել է ավագանին, եւ որն իր էությամբ սոցիալական է, վերաբերում է Մեղրի քաղաքի հյուրանոցներից մեկին արտոնություն տրամադրելուն: Քաղաքի Զ. Անդրանիկի 7 հասցեում գտնվող շենքը 2015 թ.-ի հունիսի 13-ին հրդեհվելուց հետո բնակիչները տարահանվել եւ անհատույց բնակվում են Արմեն Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող հյուրանոցում: Ավագանին որոշել է` Ա. Միրզոյանին պատկանող գույքին տրամադրել գույքահարկի եւ հողի հարկի արտոնություն՝ 157.987 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով, ազատելով 2016 թ. դեկտեմբերի 26-ի դրությամբ առկա գույքահարկի ընթացիկ տարվա ապառքի` 144.139 ՀՀ դրամ, տույժի` 5837 ՀՀ դրամ, հողի հարկի ապառքի` 7052 ՀՀ դրամ, տույժի` 952 ՀՀ դրամ վճարումից:
Այլ են Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կայացրած դրամական օգնություններ եւ սոցիալական արտոնություններ տրամադրելու որոշումները, դրանք պատճառաբանված չեն, բացառությամբ մեկ-երկու դեպքերի:
Համայնքի ղեկավարի որոշմամբ` Նռնաձոր գյուղի բնակիչներից մեկին՝ Վաչիկ Չիթչյանին, խոշոր եղջերավոր անասուն գնելու նպատակով 250.000 դրամ օգնություն է հատկացվել: Գումար հատկացնելու նպատակը նշված է, հիմնավորումը չկա, որը կարող էր տալ սոցիալական հանձնաժողովը:
Համայնքի ղեկավարը հաճախ շատ մեծ չափերի դրամական օգնություն է հատկացրել Մեղրի քաղաքի բնակիչներին: Անհասկանալի է մեկ որոշումով մոտ մեկ տասնյակ անձանց տրամադրված դրամական օգնություններ հատկացնելու ոչ միայն պատճառը, այլեւ հատկացված գումարների նվազագույն եւ առավելագույն չափերի միջեւ եղած ահռելի տարբերությունը՝ 12 000 մինչեւ 180 000 դրամ: Այդպիսի որոշումները բազմաթիվ են: Տարեսկզբից մինչ այսօր մեկական որոշումներ են կայացվել Նռնաձոր, Ագարակ, Ալվանք եւ Վարդանիձոր գյուղերի մեկական բնակիչների դրամական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, հիմնականում՝ 20 000 դրամի չափով: Մնացյալ որոշումները վերաբերում են Մեղրի համայնքի բնակիչներին:
Բազմաբնակավայր համայնքներում սոցիալական արդարությունը պահպանելը հավասարապես համայնքի ղեկավարի եւ ավագանու մտահոգությունը պետք է լինի: Դրանով ուղղակիորեն պայմանավորված է բազմաբնակավայր համայնքների խաղաղ գոյակցությունը, նաեւ՝ երկարակեցությունը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել