
Միրզախանյանին ազատություն «պարգեւած» դատավորի անունը գաղտնի են պահում
Երեկ երեկոյան ազատ է արձակվել Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանը, ով դեկտեմբերի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Երեւան-Էջմիածին մայրուղում ձերբակալվել էր: Ըստ ոստիկանության` Ն. Միրզախանյանի մոտ հայտնաբերվել էր 7.4 գրամ թմրանյութ:
Երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը չի բավարարել նախաքննական մարմինի՝ Նորիկ Միրզախանյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու միջնորդությունը: Նրա նկատմամբ որպես փափանման միջոց է ընտրվել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը:
Քննիչի միջնորդությունը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրում: Դատարանը խիստ գաղտնի է պայում այն դատավորի անունը, ով կալանքի որոշում չի կայացրել: Արմավիրի դատարանի նստավայրից ասացին, որ իրենց մոտ չի լսվել այդ հարցը, իսկ Էջմիածնի նստավայրի գրասենյակից պատասխանեցին, որ այն խիստ գաղտնի է եւ հրապարակել չեն կարող:
Հիշեցնենք, որ Ն. Միրզախանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնից «Հետքին» տեղեկացրին, որ այսօր Նորիկ Միրզախանյանը վերադարձել է իր աշխատանքին եւ կատարում է իր պարտականությունները:
Մեկնաբանություններ (20)
Մեկնաբանել