
Արմավիրում երկաթգիծը դարձել է հետիոտնի ճանապարհ
Արմավիր քաղաքում ամեն պահին մարդ կարող է ընկնել գնացքի տակ, քանի որ երկաթուղու գծերը քաղաքացիների համար դարձել են «Սադախլո» կոչվող շուկա տանող միակ կարճ ճանապարհը:
Երկաթուղու հարեւանությամբ կա գետնանցում, սակայն այն լցված է մեկ տարվա աղբով: Գետնանցումը չի սպասարկվում, լուսավորություն չկա, քաղաքացիներն էլ ստիպված վտանգում են իրենց կյանքը: Հաճախ կարելի է նկատել, թե մարդիկ ինչպես են անցնում կայանած բեռնատար գնացքի տակով, որպեսզի շուկա հասնեն: Նույնիսկ երկաթուղու աշխատակիցները հատուկ ցուցանակ են փակցրել, որ վագոնների տակով անցնել չի կարելի, սակայն անօգուտ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Արմավիր» կայարանի կայարանապետ Արթուր Ավոյանն ասաց, որ գետնանցումը օգտագործելի դարձնելու համար պիտի սպասարկվի: «Այստեղ այնքան աղբի խնդիրը չէ, որքան սպասարկման եւ լուսավորության: Որ նորմալ սպասարկեն, մարդիկ կօգտվեն անցումից: Այդ անցումը երկաթուղու հաշվեկշռում չէ, այն քաղաքապետարանինն է: Ես այդ հարցով քաղաքապետարան դիմել եմ, խնդիրն այն է, որ իրենց հաշվեկշռում է եւ իրենք պետք է հետեւողական լինեն, որ այն օգտագործվի»,- ասում է Արթուր Ավոյանը:
Կայարանապետի խոսքով` ինքն անձամբ է անցյալ տարի դիմել քաղաքապետարան, որպեսզի անցումը մաքրեն: Դրանից հետո մեկ անգամ մաքրվել է, սակայն հետագա սպասարկում չի իրականացվել, ինչի պատճառով էլ այժմ գետնանցումը նորից լցված է աղբով: Կայարանի աշխատակիցները անցումի մուտքը ցանկապատել են, որպեսզի այն աղբավայր չդառնա:
«Այս տարածքը «Հարավկովկասյան երկաթուղու» տարածքն է, մեր տարածքով ի՞նչ իրավունք ունեն մարդիկ անցնեն: Տեսնում եք, մի տեղով չեն անցնում, որ կանգնենք ասենք` ժողովուրդ, սպասեք, գնացք է գալիս, անցնի, նոր կամ հետո անցեք: 200 մետր տարածք է, որի՞ն ասեմ՝ մի անցեք: Իսկ որ անցումը գործի, խնդիրն արդեն այլ կլինի: Ոստիկանությանն էլ կասենք, կմիջամտեն, որ մարդիկ գետնանցումով անցնեն»,- ավելացնում է Արթուր Ավոյանը:
Ըստ նրա՝ երկաթուղու ներդրումների արդյունքում այժմ գնացքներն ավելի արագ են շարժվում, ինչն ամեն պահի կարող է դժբախտ պատահարի պատճառ դառնալ:
Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի «Բարեկարգում տնօրինության» տնօրեն Արտակ Ավագյանն էլ «Հետքին» ասաց, թե անցյալ տարի «իր բանվորները» գետնանցումը մաքրել են եւ «շնորհքով հանձնել վագզալին» եւ իրենց դերակատարումը դրանով ավարտված են համարում:
«Մենք այդ հարցում մեղք չունեն: Մաքրել տվել ենք իրենց, մենք կապ չունենք դրա հետ: Ես չգիտեմ, թե ում հաշվեկշռում է գետնանցումը, դա իմ հարցը չի: Ես դրա հետ կապ չունեմ, իրենք պիտի այդ հարցերին պատասխանեն, իրանց գծերի տակով է անցնում»,- ավելացրեց Ա. Ավագյանը:
Մինչ քաղաքապետարանն ու «Հարավկովկասյան երկաթուղին» իրար վրա են գցում, թե ով պիտի գետնանցումը մաքրի աղբից եւ այն հանձնի շահագործման, քաղաքացիները, այդ թվում` երեխաները, ամեն օր հատում են երկաթգիծը՝ վտանգելով իրենց կյանքը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել