
Գեյզերային ավտոստոպ
Նարեկ Ալեքսանյան
Ջերմուկում հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրներ կան: Դրանցից ամենահայտնիներից մեկը «Դարայուրդ» անունը կրող թերմալ լողավազանն է, կամ ուղղակի «Դարայուրդի գեյզերը»՝ ինչպես այն անվանել են տեղացիները:
Այս անգամվա ավտոստոպը դեպի Ջերմուկ էր: Չնայած, և՛ գնալուց, և՛ վերադառնալուց կիզիչ արև էր, բայց ճանապարհը` իր մանր-մունր արկածներով ու վարորդների հետ զրույցներով, ձանձրանալ չթողեց:
Երբ դեռ նոր էինք Երևանից դուրս եկել, ու արդեն շոգը զգացնել էր տալիս, Դանիլն ու Անին կատակելով փորձում էին հաղթել տապը: Բացի բութ մատը վերև պահելուց` նրանք «կախարդական» բառեր էին ասում՝ «կանդիցիանեռ», «սառույցով ջուր». հետաքրքիրն այն էր, որ այդ մեթոդն աշխատում էր, հենց այդ բառերն ասում էին, մեքենա էր կանգնում, որտեղ իրենց ասածը կար:
4-5 մեքենա փոխելով` հասանք Ջերմուկ: Վարորդներից մեկի հետ, ով կրթությամբ անասնաբույժ էր, բայց զբաղվածությամբ` բանկոմատ նորոգող, բանավիճում էինք տարբեր բաների շուրջ, օրինակ՝ թե երկրագնդի վրա ապրող 8 մլրդ մարդը շատ է, թե` բավարար: Մի ուրիշ մեքենայի վարորդն ասում էր, որ մարդը պետք է նպատակ դնի իր առջև ու հասնի դրան, ինքն, օրինակ, ուզում է միլիոնատեր դառնալ, աշխարհում լիքը միլիոնատերեր կան, ինքն էլ է ուզում: Մեկ ուրիշն էլ կարծիք հայտնեց, որ մարիխուանայի համար մարդուն դատել պետք չի, ի դեպ, նա ոստիկան էր:
Այս փոքրիկ մեքենայի մեջ արդեն 4 հոգի կար, մենք էլ տեղավորվեցինք մեր 3 մեծ ուսապարկով:
Դեպի Ջերմուկ:
Եթե ջերմուկցին է տաքսի զանգում, մինչև ջրամբար տաքսին 500-600 դրամով է տանում, եթե չէ՝ 1000 դրամով:
Ջրամբարից մինչև գեյզեր մոտ 2 կմ ոտքի ճանապարհ է, չնայած զբոսաշրջիկներն այդտեղ հասնում են ամենագնացներով:
Նախազգուշացնող վահանակ:
Սա դեռ Դարայուրդը չէ:
Հիմա զբոսաշրջիկների և տեղացիների համար գեյզերներ այցելելու սեզոնն է, դրա համար մենք շրջանցում ենք Դարայուրդը, մինչև մարդիկ այնտեղ քչանան:
Դանիլը հարմար ծառեր գտավ սլեքլայն կապելու համար:
Անին այս փոքրիկին գտավ:
Մինչև մութն ընկնելը պետք է խարույկի համար ցախ հավաքել:
Բնականաբար այս մեծ գերանն արդյունքում պետք չեկավ, ցախը հերիքացրեց խարույկի ու առավոտյան ածուխի վրա եփվող սուրճի համար:
Վրանը խփած է, խարույկը վառած. ժամանակն է ընկղմվել հանքային տաք ջրերի մեջ: Ի դեպ գեյզերը մոտ 7 րոպեն մեկ սկսում է ուժեղ բլթբլթալ՝ իսկական բուրժուական հաճույք` բնության սրտում:
Վարգանի հնչյուններից թռչունների ծլվլոցը շատանում է:
Անին ու Դանիլն ասում են, որ խարույկի կրակը շատ սեքսուալ երևույթ է:
Արևածագը Դարայուրդում:
Հասցրեցինք հավաքվել մինչև առաջին զբոսաշրջիկների գալը:
Ջերմուկ շատերն են գնում, բայց առավոտյան քիչ մեքենաներ էին հետ վերադառնում. սովորականից մի փոքր երկար սպասեցինք:
Սպասելու տեղը փոխեցինք:
Երկար սպասելու ու տապի հետևանքները:
Դեպի Եղեգնաձոր:
Մի փոքր գլուխ պահեցի մեքենան հրելուց, որ լուսանկարեմ:
Ինքդ լվա, ինքդ որակը պարզիր, լա՞վ:
Հաջորդ մեքենայի վարորդը Վայոց ձորի մարզում հայկական երգ ու պար էր դասավանդում, դասից էր վերադառնում. հասցրեց մինչև Խոր Վիրապ, որտեղից էլ ուրիշ մեքենայով հասանք Երևան:
Ավտոստոպի մասին այլ պատմություններ՝
Երևան-Թբիլիս-Երևան I Տավուշ I Սևանա լիճ I Վարձիա I Ձմեռային ավտոստոպ
Մեկնաբանել