
Բանտային հացի քաշը «գցել» են
Բանտային հացի մասին մեր հետաքննությունից մի քանի օր անց սկսեցինք ահազանգեր ստանալ քրեակատարողական տարբեր հիմնարկներից՝ «Սևան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և այլ ՔԿՀ-ներից ու ազատազրկվածների հարազատներից: «Բանտի հացի որակը նույնն է մնացել՝ էլի միջուկը թաց է, բայց Ձեր հետաքննությունից հետո հացերը փոքրացրել են, քաշը գցել են». այս մասին մեզ ահազանգեցին ազատազրկվածների ընտանիքի անդամները:
Կալանավորներից մեկն անգամ կշռել էր հացը՝ 500 գրամ նախկին 650-ի փոխարեն:
Թվում է՝ բանտի հացի որակի մասին հարցը բարձրացնելուց հետո ՔԿ ծառայությունն ու Արդարադատության նախարարությունը պետք է, որ որակի՝ սահմանված չափորոշիչներին համապատասխան հացերով ապահովեին ազատազրկվածներին: Սակայն հակառակը՝ մի բան էլ քաշն է նվազում:
Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ՔԿ վարչություն, որտեղից մեզ պատասխանեցին, թե այս տարվա մայիսի 18-ին փոփոխություն է տեղի ունեցել կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշման մեջ. սահմանվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական նվազագույն չափաբաժինները, առանձնացվել է սննդի տրամադրման սեզոնային կարգ: Հիշեցնենք, որ նախկինում սահմանվել էին օրական միջին չափաբաժիններ:
Ըստ Կառավարության որոշման փոփոխության, նվազել են ազատազրկվածներին տրվող սննդի չափաբաժինները, մասնավորապես՝ հացը սահմանվել է 500 գրամ բոլոր սեզոններին, պանրի տրամադրումը նախկին ամեն օրվա փոխարեն, սահմանվել է ամսական 15 օր՝ 25 գրամով: Սահմանափակվել է նաև մսի ու մսամթերքի տրամադրումը՝ դառնալով ամսական 16 օր՝ 90 գրամով:
Սակայն, անգամ նախկին որոշմամբ սահմանված օրական սնունդը՝ պանիր, մսամթերք, միս, կաթնամթերք, ըստ ազատազրկվածների ու նրանց հարազատների, յուրաքանչյուր օրվա սահմանված չափաբաժնով չի տրամադրվել տարիներ շարունակ:
Մեկնաբանել