
9 համայնքներից 8-ում մնացել են նույն համայնքապետերը, մեկում՝ ընտրվել է մահացած գյուղապետի որդին
Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի,Կոտայքի և Շիրակի մարզերի 10 համայնքներում: Համայնքներից 8-ում՝ Նոր Հաճնում, Պռոշյանում, Տարոնիկում, Մեծաձորում, Սուրենավանում, Հովիտում, Բայանդուրում, Կարմրաքարում, Սաղմոսավանում բնակիչներն ընտրել են համայնքի ղեկավար, իսկ Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում՝ ավագանու անդամներ։
Համայնքի ղեկավար ընտրող համայնքներից 8-ում վերընտրվել են գործող համայնքապետերը, մյուսում ընտրվել է մահացած համայնքապետի որդին։
Նոր Հաճն
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում վերընտրվել է համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը։ Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին Գագիկ Մաթևոսյանը և Արմեն Քեշիշյանը։ Համայնքում ընտրելու իրավունք ուներ 8775 ընտրող, որից քվեարկությանը մասնակցել է 4521-ը: Նրանցից 3073-ը քվեարկել է համայնքի ղեկավարի, իսկ 1319-ը՝ մյուս թեկնածուի օգտին։
Պռոշյան
Պռոշյանում ևս համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Արթուր Մուրադյանը։ Նա մրցակցին՝ Արմենուհի Մելիքյանին հաղթել է ձայների ավելի քան 8 անգամ գերազանցությամբ՝ հավաքելով 1792 քվե։
Տարոնիկ
Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքը ևս բացառություն չէր։ Համայնքում վերընտրվել է 2013-ից պաշտոնավարող Արմեն Խլղաթյանը։ Նա մրցակից երկու թեկնածուներին՝ Գրիգոր Գրիգորյանին և Պողոս Եղիազարյանին հաղթել է ձայների զգալի տարբերությամբ։
Մեծաձոր
Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում քվեարկությունը պասիվ է անցել։ Առաջադրվել է համայնքի ղեկավարի միայն մեկ թեկնածու՝ գործող համայնքապետ Մաջիտ Ամոյանը, ով հավաքել է 19 ձայն։ Քվեարկությանը մասնակցել է 135 ընտրողից 24-ը, որից 19-ը կողմ և 5-ը դեմ է քվեարկել 2013-ից համայնքը ղեկավարող համայնքապետին։
Սուրենավան
Արարտի մարզի Սուրենավան համայնքը կշարունակի ղեկավարել Կարո Կարապետյանը։ Երեկվա ընտրություններում համայնքի ղեկավարը մյուս թեկնածուին՝ Վազգեն Ղազարյանին, հաղթել է ավելի քան 300 ձայնով։ Կարո Կարապետյանը Սուրենավանի համայնքապետ էր ընտրվել 2013-ին։
Հովիտ
Ավետիք Սերոպյանը կշարունակի ղեկավարել Շիրակի մարզի Հովիտ համայնքը։ Նախորդ ընտրություններին ընտրված համայնքապետը ուներ մեկ մրցակից՝ Արարատ Սահակյանը, ով վերընտրված համայնքապետին զիջել է 37 ձայնով։
Բայանդուր
Շիրակի մարզի Բայանդուր համայնքում համայնքի ղեկավարի մի թեկնածու է եղել՝ 2013-ից համայնքը ղեկավարող Դավիդ Դավդյանը։ Դավդյանի օգտին քվարկել է քվարեկությանը մասնակցած 220 ընտրողից 216-ը։
Կարմրաքար
Կարմրաքարում ևս վերընտրվել է համայնքի ղեկավար Արթուր Մաթևոսյանը։ Համայնքում քվարկելու իրավունք է ունեցել 42 ընտրող, որից 14-ը քվեարկել է համայնքի ղեկավարի օգտին, իսկ 1 քվաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Սաղմոսավան
Ինչպես հայտնել էինք՝ Սաղմոսավանում համայնքի ղեկավարի ընտրություններ էին նշանակվել, քանի որ մարտի 11-ին մահացել էր սեպտեմբերի 18-ի ընտրություններով համայնքի ղեկավար ընտրված Ներսես Ավագյանը։ Երեկվա ընտրություններից հետո համայնքը կղեկավարի Գևորգ Ավագյանը՝ Ներսես Ավագյանի որդին։ Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր երեք թեկնածու, ընտրությանը մասնակցել է 173 ընտրող, որից 69-ը ձայնը տվել է նախկին համայնքապետի որդուն։
Մեկնաբանել