
Արտոնություն՝ Սյունիքի համայնքի ղեկավարի որդու ընկերությանը
«Սյունիք ֆուդ»-ը Հայաստան կներմուծի պահածոների արտադրության համար նախատեսված սարքավորումներ՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով։ Գործադիրը այսօրվա նիստում Սուրեն Կարայանի առաջարկով հաստատեց այս որոշման նախագիծը։
Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ այժմ ընթանում են պահածոների արտադրության գործարանի հիմնադրման աշխատանքները։ Ըստ փաստաթղթերի՝ այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է 1,7 մլրդ դրամ, ստեղծվելու են 20 հիմնական և մոտ 210 սեզոնային աշխատատեղեր։
Գործարանը նախատեսել է գործարկումից հետո ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները առաջին տարում հասցնել 750 մլն դրամի, երկրորդ տարում՝ 1,1 միլիարդի և երրորդ տարում՝ 1,3 միլիարդի։ Իսկ արտադրանքի մոտ 60%-ը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, Վրաստան, ԵՄ, ԱՄՆ։
Որոշման նախագիծը ներկայացվել է ֆինասների, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություններին և պետական եկամուտների կոմիտեին։ Նախարարությունների կողմից դիտողություններ և առարկություններ չեն եղել, սակայն ՊԵԿ-ը եզրահանգման մեջ նշել է, որ պետք է ընկերության կողմից ներկայացված տվյալները հստակեցվեն. «Մասնավորապես` ներդրումային ծրագրի համաձայն` ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները, ըստ կանխատեսման, 2017 թվականին կազմելու է 12.500.000 դրամ, իրացման ծավալները նույն թվականին` 875.000 դրամ, 2018 և 2019 թվականներին արտադրության ծավալները համապատասխանաբար` 1.900.000 դրամ և 2.250.000 դրամ, իրացման ծավալները նույն թվականների համար` 1.767.000 դրամ և 2.250.000 դրամ»։
Ընկերության հիմնադիրն է Սարմեն Սարգսյանը, ով Սյունիքի համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի որդին է: Արտադրամասը` կից կառույցներով, ինչպես տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից, գյուղում զբաղեցնում է շուրջ 5200 քմ հողատարածք:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին կառավարությունը ընկերությանը կրկին 71 միլիոն դրամի հարկային և մաքսային արտոնություն տվեց։
Նախորդ տարվա հոկտեմբերին ևս «Սյունիք Ֆուդ»-ը ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել էր 3 տարի ժամկետով:
Մեկնաբանել